Նոյեմբերի լույս 20-ի գիշերը Բագրատաշենի սահմանային անցակետում միջադեպ է եղել: Մեր տեղեկություններով`Բագրատաշեն գյուղի բնակիչներ, 2 եղբայրներ ցանկացել են հատել սահմանը: Սահմանապահ ծառայության աշխատակիցը պահանջել է բացել ավտոմեքենայի բեռնախցիկը: Եղբայրները հրաժարվել են դա անել, ասելով, որ իրենք տեղացի են, իրենց բոլորը ճանաչում են: Վեճ է բռնկվել: Նրանցից մեկն օգնության է կանչել իր աներձագին՝ Բագրատաշենի բնակիչ Կարեն Շիրվանյանին: Վերջինս նախկինում դատված է, այդ թվում`դանակահարելու համար: Նա դանակով հարվածել է սահմանապահին:
Ձերբակալվելուց հետո նա եղունգների կտրիչով փորձել է իր երակները կտրել, ինքնասպան լինել: Ներկայումս նա գտնվում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի մեկուսարանում:
Կարեն Շիրվանյանի մայրը`տիկին Սուլթանիկը Բագրատաշենում հայտնի է որպես արեւածաղկի սերմի մեծածախ վաճառող:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում:
Իրավապահներից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»):
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ