Այսօր կառավարության նիստից հետո արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադառնալով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջիկա տարածաշրջանային այցին՝ նշեց, որ այդ այցերը վաղուց են ծրագրված եւ այն կապված է դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հետ:
Ռուսաստանում անցկացվող ՀՀ մշակութային օրերին մասնակցելու նպատակով ՌԴ մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի վերաբերյալ էլ ասաց, որ այն եւս վաղուց նախապատրաստվում էր: Ըստ Շավարշ Քոչարյանի. «Մյուս կողմից ակնհայտ է, որ որոշակի ակտիվություն կա համանախագահների կողմից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Ընդհանուր առմամբ գործընթացի վեկտորը տրվել է Վիեննայում, եւ առ այսօր դեռ չի փոխվել»:
Նրա հավաստմամբ, համանախագահների ակնկալիքն այն է, որպեսզի ԼՂ հարցի կարգավորման գործընթացում առաջընթաց լինի. «Պետք է կողմերի միջեւ վստահություն լինի, ինչն էլ իր հերթին ենթադրում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացում: Արդեն քանի տարի է՝ ոչ միայն չկա առաջընթաց բանակցային գործընթացում, իրավիճակը նաեւ որոշակի առումով պայթյունավտանգ է, ինչի ապացույցն են նախորդ տարվա ապրիլյան դեպքերը»:
Հարցին, թե Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի կողմից ինչ-որ առաջարկություններ եղե՞լ են, պարոն Քոչարյանը պատասխանեց, որ ՌԴ արտաքին գործերի նախարարը չի գործում առանձին, նա գործում է եռանախագահների ձեւաչափում. «Ինձ համար տարօրինակ է, որ անընդհատ փորձում են առանձնացնել, առավել ևս, որ Լավրովը մի քանի անգամ հրապարակային հերքել է»:
Մանրամասները` տեսանյութում
Շավարշ Քոչարյանն անդրադառնալով Ադրբեջան-Հայաստան հնարավոր հանդիպումներին, ասաց` չի բացառվում, որ միջնորդները առաջարկեն արտգործնախարարների հանդիպումը եւ երբ դա կլինի` կհայտարարեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ