Այսօր առավոտից ԵՊՀ-ում հացադուլ սկսած հինգ ուսանողներին այցելեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: Լսարաններից մեկում փակված ուսանողները հրաժարվեցին դուռը բացել եւ նրան ու լրագրողներին ներս թողնել, քանի որ մտավախություն ունեին, որ այդ դեպքում ԵՊՀ անվտանգության աշխատակիցներն էլ կներխուժեն եւ իրենց դուրս կհանեն:
Միրզոյանը նրանց հետ խոսեց հեռախոսով եւ հորդորեց դադարեցնել հացադուլը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Դա պայքարի ծայրահեղ գործիք է: Բոլոր պայքարներում չեմ ողջունել հացադուլի դիմելը: Ցավոք, իրենք հաստատակամ են իրենց ընտրության մեջ»:
Ապա Միրզոյանը տեղեկացրեց, որ զրուցել է Պաշտպանության փոխնախարարի հետ. «Ասել եմ, որ ուսանողությունը շատ վճռական է, եւ իշխանությունները պարտավոր են զիջման գնալ: Արտակ Զաքարյանի արձագանքը դրական չէր, բայց հորդորեցի կրկին խորհրդակցել այդ մասին: «Չորով» այս օրենքը անցկացնելը լուծում չի»:
Հիշեցնենք՝ հացադուլավորները հայտարարում են, որ հացադուլը կդադարեցնեն, երբ ՊՆ ներկայացրած՝ տարկետման իրավունքը բացառող օրինագծի քննարկումն ԱԺ-ում սառեցվի: Այն այժմ քննարկվում է խորհրդարանում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ