ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը տապալելու հարցում նրանց հույսը, փաստորեն, Պուտինն է
Նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կժամանի Ռուսաստան: Նախատեսված են նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վերջին անգամ Էրդողանն ու Պուտինը հանդիպել էին սեպտեմբերի 28-ին Անկարայում: Նոյեմբերի 13-ի հանդիպումից երկու օր անց՝ նոյեմբերի 15-ին, Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի նախագահի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Պուտինն ու Էրդողանը պատրաստվում են քննարկել երկկողմ հարաբերություններն ու դրանց զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը: Օրեր առաջ՝ մինչեւ Բաքու մեկնելը, որտեղ կայացավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործման պաշտոնական արարողությունը, Էրդողանը որոշեց անդրադառնալ նաեւ Արցախյան հակամարտության թեմային: «Մենք անիծում ենք Հայաստանի զավթողական քաղաքականությունը եւ նրա վերջին սադրանքները, որոնք չեն կարող նպաստել տարածաշրջանում խաղաղությանը»,- ասել էր Էրդողանը՝ հերթական անգամ ընդգծելով, որ այդ հարցում Անկարան աջակցում է Ադրբեջանին, իսկ Արցախյան խնդիրը «արյունահոսող վերք» էր անվանել ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի համար:
Թուրքիան ու Ադրբեջանը հերթական անգամ երկրորդ երկրների հետ բանակցություններում առիթը բաց չեն թողնում Արցախյան հարցը տարածաշրջանային խնդիր ներկայացնել: Վերջին առիթը Ռուսաստանի եւ Իրանի առաջնորդների հետ հանդիպումներն էին:
Նկատենք, որ Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը նախագահների մակարդակով հանդիպման ընթացքում ընդգծել էին տարածաշրջանում հակամարտությունների շուտափույթ կարգավորման կարեւորությունը: «Կողմերն ընդունում են, որ չկարգավորված հակամարտությունները տարածաշրջանում էական խոչընդոտ են տարածաշրջանային համագործակցության համար, եւ դրա հետ կապված՝ ընդգծում են միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի ու դրանց համապատասխան ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա բանակցությունների ճանապարհով դրանց շուտափույթ խաղաղ կարգավորման կարեւորությունը»,- ասվում էր բանակցությունների արդյունքներով տարածած համատեղ հայտարարության մեջ: Պարզվեց, որ Արցախյան հարցը Թեհրանում քննարկել են նաեւ Ադրբեջանի եւ Իրանի նախագահները:
Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական հարաբերություններին, ապա դրանք, ըստ նախագահ Վլադիմիր Պուտինի, ռազմավարական բնույթ ունեն: Թեհրանում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանն Իլհամ Ալիեւն էլ իր հերթին նշել է, թե Ռուսաստանն ու Ադրբեջանը սերտորեն համագործակցում են բոլոր ոլորտներում՝ զարգացնելով «լավ բարեկամի, հարեւանի ու մերձավոր գործընկերոջ հարաբերություններ»: Ալիեւը վստահեցրել է, որ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ այսօր չկարգավորված հարցեր չկան։
Իսկ Աստանայում միջսիրիական բանակցությունների ընթացքում Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան էին վերահաստատել տարածաշրջանում կայունության անհրաժեշտությունը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Աստանայի գագաթնաժողովի ժամանակ երեք երկրները վերահաստատել են նաեւ ահաբեկչության դեմ պայքարի, թմրանյութերի անօրինական շրջանառության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Ավելին` Իրանի նախագահը հավելել է, որ Ռուսաստանը եւ Իրանը կարեւոր դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործում: Մինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրան կժամաներ Ադրբեջան-Իրան-Ռուսաստան եռակողմ բանակցությունների նպատակով, Իրանի նախագահը ՌԴ ղեկավարի հետ հանդիպումից առաջ նշեց. «Մեզ համար շատ հաճելի է, որ բացի երկկողմ հարաբերություններից՝ մեր երկու երկրները կարեւոր դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործում»:
Մինչ նոյեմբերի 13-ին նախապատրաստվում է Պուտին-Էրդողան հանդիպումը՝ Թուրքիայի նախագահը որոշել է նրա ուղղությամբ արցախյան թեմայով «հույսի արթնացման» մասին հայտարարություններ շռայլել: «Եթե Պուտինն իսկապես կենտրոնանա Ղարաբաղյան խնդրի վրա, այն շատ հեշտությամբ կլուծվի»,- օրերս նշել է Թուրքիայի նախագահը։ Պուտինի դիրքորոշումը չափազանց կարեւոր է այս հարցում՝ «Սաբահ» պարբերականին ասել է Էրդողանը։
Նկատենք, որ օրեր առաջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել էր, որ ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը, սակայն այն դեռ հարցականի տակ է: Հայտնի է, որ նոյեմբերի 16-ին, ժամը 11-ին, Մոսկվայում Մամեդյարովը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել էր, որ համանախագահները նախատեսում են նոյեմբերի կեսերին հանդիպել նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, սակայն Հայաստանի ԱԳՆ-ն չհաստատեց այդ տեղեկությունը:
Հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո Բաքուն եւ Անկարան ակնհայտորեն նոր թափով են լծվել Արցախյան հարցի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու քարոզչության իրականացմանը: Ալիեւի եւ Էրդողանի հույսը հատկապես Վլադիմիր Պուտինն է: Թուրք-ադրբեջանական սպասումները Պուտինից Արցախյան հարցում, իհարկե, նորություն չեն: Ակնհայտ է, որ Պուտինի եւ Էրդողանի երկխոսությունը կանոնավոր բնույթ է կրում, եւ միանգամայն հնարավոր է, որ Թուրքիայի առաջնորդը, ի թիվս այլ հարցերի, Արցախյան հարցն էլ բարձրացնի: Համենայնդեպս, Էրդողանը բաց ասել է, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել Արցախյան հակամարտության թեման: Ու կախված այն բանից, թե այս պահին ինչ է թելադրում Մոսկվայի շահը, Ռուսաստանն, իհարկե, կարող է թուրք-ադրբեջանական ներկայիս ակնկալիքների հանդեպ որոշակի հետաքրքրվածություն ցուցաբերել:
Պարզապես խնդիրն այն է, որ հոկտեմբերի 16-ին Ժնեւում Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է արցախյան բանակցությունները վերականգնել, այսօր Անկարան ու Բաքուն առանձնացնում են հատկապես Մոսկվայի դերակատարումը արցախյան կարգավորման հարցում: Սա նշանակում է, որ թե՛ Բաքուն, թե՛ Անկարան գոհ չեն խաղաղ բանակցությունների շարունակականությունն ապահովելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերից: Նրանց հույսը՝ այդ ջանքերը տապալելու հարցում, փաստորեն, դարձյալ Պուտինն է:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 09.11.2017