Լրահոս
Օրվա լրահոսը

Դասադուլավորները համաձայնեցին. հանդիպում վարչապետի հետ

Նոյեմբեր 09,2017 16:25

Ինչպես տեղեկացրել ենք  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել էր աշխատանքային հանդիպում ունենալ դասադուլի հինգ մասնակիցների հետ, սակայն առանց ԶԼՄ ներկայացուցիչների:

15 րոպե ժամանակ տրվելուց հետո դասադուլավորների կարծիքը կրկին լսեց ՀՀ վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը:  Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտնեց, թե իրենք իրենց սկզբունքներից չեն հրաժարվում, առաջարկում են գեթ մեկ լրատվամիջոցի ներկայացուցիչ, որը կկարողանա ուղիղ եթեր տալ:

Արամ Վարդևանյանը նշեց, երբ քննարկման առաջարկություն էին ներկայացնում, մի շարք հանգամանքներ էին հաշվի առնվում՝ հենց վարչապետի գործունեության հետ կապված արարողակարգային հարցերով. «Աշխատանքային քննարկումներն ուղիղ եթեր ձևաչափով կազմակերպելու անգամ միջազգային նախադեպ չեմ տեսել: Հանդիպման առաջարկը բավարարվել է, իսկ եթե ունեք լրացուցիչ պահանջներ, առնվազն ինձ համար որպես համաքաղաքացի տարակուսելի է»:

Դավիթ Պետրոսյանը փորձեց փարատել վարչապետի օգնականի տարակուսանքը՝ նշելով, թե միայն 5 հոգու խնդիրը չէ և մյուս կողմից՝ հաճախ, երբ ԶԼՄ ներկայացուցիչները ներկա չեն լինում, ամբողջ խոսակցությունն այնպես չի ներկայացվում, ինչպես պետք է:

Դասադուլավորներն անձնական խնդրանք ներկայացրին Արամ Վարդևանյանին՝ հիշեցնելով, որ ինքն էլ, լինելով գիտությունների թեկնածու և ժամանակին օգտված լինելով տարկետման իրավունքից, իր անձնական ներդրումը ունենա հանդիպումը կազմակերպելու համար: Նա նշեց, որ իր անձնական ներդրումը չնչին է, նաև արձանագրեց, որ դասադուլավորների պահանջին, այնուամենայնիվ, եղավ բավարարում:

ՀՀ վարչապետի արարողակարգի բաժնի պետ Լևոն Մինասյանը առաջարկեց, որ հանդիպումից հետո դասադուլավոր ուսանողներին տրամադրվի հանդիպման տեսագրությունը. «Վերջապես սա կառավարություն է, լուրջ հիմնարկ, ունի իր կանոնները: Այդպես չէ, որ բոլորով գանք, ասենք, թե տաս հոգով ներս մտնենք: Այստեղ բանակցելու հարց չկա, մենք տարբեր կողմեր չենք»:

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը խնդրեց հստակեցնել՝ երբ և ինչ տեսքով է տեսագրություն տրամադրվելու:

Հինգ րոպե կառավարության ներսում հարցի պատասխանը ճշտելուց հետո դասադուլավորներին հայտնեցին, որ քննարկումները կնկարահանվեն կառավարության լրատվական ծառայության կողմից, այնուհետև տեսանյութը տրամադրվի թե՛ լրատվամիջոցներին, թե՛ ցուցարարներին։ Դասադուլի մասնակից հինգ հոգի այս պահին հանդիպում են վարչապետի հետ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930