Արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն հայտարարությանը, թե կարծիք կա, որ Գիտությունների ակադեմիայի շենքը վաճառվելու է ու հյուրանոց է դառնալու, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Այն մարդը, որը նման հայտարարություն է անում, չգիտի՝ ինչ է գիտությունը, ինչ է Գիտությունների ակադեմիայի շենքը:
Գիտությունների ակադեմիայի շենքը գիտության տաճար է, եկեղեցի: Ո՞վ է տեսել եկեղեցին վաճառվի»: Նա զայրացած հավելեց. «Այս շենքը պետության կողմից հատուկ կառուցված է ԳԱԱ նախագահության համար, այս շենքի ներսում ամեն ինչ սրբություն է` սկսած միջնադարից մինչեւ այսօրվա գիտության ակնառու ներկայացուցիչների դիմանկարներն են, դիմաքանդակները, անունները… Այնպես որ, սա ոչ հյուրանոց կարող է լինել, ոչ էլ մեկ այլ բան: Գաղափարն այն է, որ սա հոգեւոր կենտրոն է: Այնպես որ, Ակադեմիայի շենքը ենթակա չի վաճառքի, այն ժողովուրդը, որը թույլ կտա, որ իր Գիտությունների ակադեմիայի շենքը վաճառվի, արժանի չէ տարրական հարգանքի»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
08.11.2017