Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կոմպոզիտորի համերգը` Սան Խոսեում

Նոյեմբեր 08,2017 12:30

Նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքի պետական համալսարանի համերգային մեծ դահլիճում տեղի է ունեցել ամերիկաբնակ կոմպոզիտոր եւ դաշնակահար, Երաժշտական արվեստների դոկտոր Տաթեւ Ամիրյանի մենահամերգը, որը կազմակերպվել է Սան Խոսեի պետական համալսարանի երաժշտության եւ պարի ֆակուլտետի նախաձեռնությամբ: Համերգի առաջին բաժնում հնչել են հայ կոմպոզիտորների, այդ թվում՝ Կոմիտասի, Ա. Բաբաջանյանի, Գ. Սարաջյանի եւ Է. Միրզոյանի ստեղծագործությունները, իսկ երկրորդ բաժնում՝ Տաթեւ Ամիրյանի հեղինակային գործերը:

Այս տարի սա Տ. Ամիրյանի երկրորդ մենահամերգն է ԱՄՆ-ում: Այս տարվա փետրվար ամսին նա հեղինակային մենահամերգով հանդես է եկել նաեւ Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Կոմպոզիտոր, դաշնակահար, Երաժշտական արվեստների դոկտոր Տաթեւ Ամիրյանը ավարտել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի երաժշտական տեսության եւ կոմպոզիցիայի դասարանները, այնուհետեւ՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի եւ երաժշտագիտության ֆակուլտետները: Հետագայում ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Միսսուրիի համալսարանի Կանզաս քաղաքի Երաժշտության եւ Պարի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի ասպիրանտուրայում եւ ստացել Երաժշտական արվեստների դոկտորի աստիճան: Ամիրյանը հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, գրված ամենատարբեր ժանրերում` վոկալ, գործիքային, կամերային, խմբերգային եւ սիմֆոնիկ: Նրա երաժշտությունը հնչել է Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Իսրայելում, ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, Լեհաստանում, Անգլիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Հոլանդիայում եւ Ճապոնիայում, ճանաչված տարբեր կատարողների, այդ թվում դաշնակահարներ Հայկ Մելիքյանի, Ջեֆրի Ջակոբի (ԱՄՆ), տերեմինահար Թորվալդ Ջորգենսենի (Հոլանդիա), ամերիկյան Carme Diem լարային կվարտետի, ԱՄՆ-ի Կանզաս քաղաքի Metropolitan Choral երգչախմբի, գերմանական «Oktoplus» անսամբլի եւ Բրեմեն քաղաքի կամերային նվագախմբի կատարմամբ: 2013-ին հյուսիսային գերմանական ռադիոյի (NDR Norddeutscher Rundfunk) պատվերով Ամիրյանը ստեղծագործություն է գրել գերմանական Oktoplus անսամբլի համար, որի պրեմիերան տեղի է ունեցել նույն թվականին Հանովերում: 2014-ին նրա «Waiting for the Dawn» ստեղծագործությունն ընդգրկվել է դաշնակահար Հայկ Մելիքյանի «Echoes of Altar» դաշնամուրային ալբոմում՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյակին: 2016-ին Հայաստանում լույս է տեսել նրա դաշնամուրային ստեղծագործությունների առաջին ձայնասկավառակը Հայկ Մելիքյանի կատարմամբ:

Ամիրյանը մասնակցել է մի շարք հայտնի մրցույթների եւ փառատոների` Հայաստանում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: 2011թ. արժանացել է Armenian Allied Arts 71-րդ մրցույթի ստեղծագործական 1-ին մրցանակին, 2012 թ.` Կանզաս քաղաքի կոնսերվատորիայի կամերային եւ Metropolitan Choral երգչախմբի խմբերգային ստեղծագործությունների մրցույթների 1-ին մրցանակներին: 2016-ին նա արժանացել է New Ariel Recordings դաշնամուրային ստեղծագործությունների միջազգային մրցույթի երկրորդ մրցանակին եւ նրա ստեղծագործությունն ընդգրկվել է ամերիկյան դաշնակահար Ջեֆրի Ջակոբի New Ariel Recordings-ի հետ համատեղ թողարկած ձայնասկավառակում:

Ստեղծագործական գործունեությանը զուգահեռ՝ Ամիրյանը հանդես է գալիս նաեւ որպես դաշնակահար` կատարելով իր հեղինակային ստեղծագործությունները, դասական եւ ժամանակակից գործեր, ինչպես նաեւ դաշնամուրային իմպրովիզացիաներ տարբեր ոճերում: Նա կատարումներով ու զեկույցներով մասնակցել է մի շարք հեղինակավոր միջազգային կոնֆերանսների եւ փառատոների, այդ թվում՝ ԱՄՆ-ի Միսսուրիի համալսարանի Սենտ Լուիս քաղաքում անցկացված Women In The Arts միջազգային կոնֆերանսին, Լոնդոնի Դաշնամուրային երաժշտության միջազգային սիմպոզիումին, Հարթֆորդի Կին կոմպոզիտորների երաժշտության փառատոնին, հարավային Ֆլորիդայի համալսարանում անցկացվող Ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնին, Կալիֆոռնիայի համալսարանում անցկացվող Hildegard Festival of Women in The Arts փառատոնին, ինչպես նաեւ Հավայան կղզիներում անցկացվող ամենամյա Արվեստների եւ Հումանիտար գիտությունների միջազգային կոնֆերանսին: Ամիրյանը դասավանդել է ԱՄՆ-ի մի շարք բարձրագույն կրթական հաստատություններում, այդ թվում՝ Միսսուրիի համալսարանում, Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքի Cogswell քոլեջում եւ SAE (School of Audio Engineering) ինստիտուտում: Ներկայումս հանդիսանում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքի պետական համալսարանի դոցենտ:

 

ՄԱՐԻՆԵ ԱՄԻՐՅԱՆ

«Առավոտ»

07.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրաչյա Աճառյան says:

    Ոչ թե Սան Հոզե, այլ Սան Խոսե. Այդ Հ-ն որտեղի՟ց գտաք, երբ իսպաներեն գրվում է San Jose. Բարի եղեք ուղղել այս սխալ տառադարձումը: Ամո՜թ է:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930