Այսօր Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը քննարկում էր կազմակերպել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի շուրջ:
Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում է վերացնել տարկետումը ուսումնական հաստատություններից, որպեսզի որեւէ մեկին արտոնություն չտրվի զինծառայությունից խուսափելու համար: Նախագիծը միանշանակ չընդունվեց հանրության շրջանում, կան կարծիքներ, որ այդ նախագիծն ի վնաս է գիտությամբ զբաղվել ցանկացող երիտասարդների, քանի որ բանակում ծառայելը խոչընդոտելու է նրանց: Իսկ այսօր ուսանողները նաեւ բողոքի ցույց էին անում:
Aravot.am-ի հետ զրույցում Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանն ասաց, որ այսօրվա քննարկմանը հրավիրել էին նաեւ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին եւ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներին:
Արծրուն Հովհաննիսյանը, ինչպես Քոչինյանը վստահեցրեց, հրաժարվել էր մասնակցել քննարկմանը, վստահեցնելով՝ ղեկավարությունը թույլ չի տվել: Եւ, քանի որ Հովհաննիսյանը չէր մասնակցելու այս քննարկմանը, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները եւս հրաժարվեցին մասնակցել:
Արեգ Քոչինյանն ասաց, որ օրինագծով առաջարկվող բարեփոխումներին կողմ է, բայց դեմ է նախագծում առկա որոշ թերություններին: Ըստ Քոչինյանի, նախագծի դեմ ընդվզողների մտահոգությունը կիսում է միայն այն մասով, որ օրենքն առաջարկում եւ ընդունում են նրանք, ովքեր այս կամ այն կերպ ազատվել են բանակից:
Քոչինյանը կողմ է, որ տարկետումը վերացվի:
Մանրամասները՝ տեսանյութում
«Ես սկզբունքորեն համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ բանակը կարող է վնասել գիտնականին: Իմ կարծիքով երիտասարդները խառնում են գիտաշխատող եւ գիտնական հասկացությունները: Գիտաշխատողն, այո , կարող է բանակում ծառայելուց հետո այլեւս գիտության ոլորտում չաշխատել»: Ապա` Քոչինյանն օրինակ բերեց գիտնական Կորոլյովին, որը ստալինյան ռեպրեսիաների զոհ էր եւ տաժանակիր աշխատանքներից հետո նա կիսամեռ վիճակում վերադարձել էր գիտությանը եւ սովետական շրջանում տիեզերագնացության բնագավառում լուրջ ներդրում ունեցել որպես գիտնական:
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով ուսանողների բողոքի ակցիային, Քոչինյանն ասաց, որ ուսանողներն ուղղակի չեն հանդուրժում անարդարությունը:
Մանրամասները՝ տեսանյութում
Այսօրվա քննարկման ժամանակ մասնակիցները եկան այն եզրակացության, որ Գեւորգյան ճեմարանի սաները եւս պետք է ծառայեն բանակում եւ խտրականություն չպետք է դրվի եւ նրանք չպետք է ազատվեն բանակից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է շատերի մոտ տպավորություն, որ Ճեմարանում սովորողները բոլորն էլ բանակից փախչելու համար են եկել: Սիրելիներ, հավատացեք, հնարավոր է ե՛ւ բանակում ծառայած լինել, ե՛ւ հոգեւորական դառնալու ցանկություն ու կամք ունենալ:
Ինձ դուր եկավ ճեմարանի գաղափարը, ինչը ես կլրացնեի. բանակում հոգևոր ծառայության անցնող հոգևորականները պետք է ճեմարանից գնան բանակ որպես շարքային: