Լրահոս
Պրոռեկտորի գործը
Օրվա լրահոսը

 Լևոն Կարապետյանի օրինակը ուսանելի է, ոգեշնչող, երբ անկոտրում կամքի ուժը և ձգտումը ի զորու է փոխել մարդու ողջ կյանքը

Նոյեմբեր 06,2017 11:49

Նարեկացի արվեստի միության համերգասրահում դաշնամուրային երեկո էր: Միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանը բեմ բարձրացավ՝ ուղեկցելով հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, վիրտուոզ դաշնակահար Լևոն Կարապետյանին:

Նարեկը հուզմունքով խոսեց Լևոնի մասին՝ հանդիսականին պատմելով իրենց հանդիպումների, դեպի հեռուստատեսություն տանող ճանապարհին իրենց հետաքրքիր զրույցների մասին՝ ներկայացնելով Լևոնի շաբաթը հայրենիքում:

Լևոնի հոգու մեջ աշխարհն այնպիսին է, ինչպիսին նա զգում է` ձայները, պատկերները, բույրերը, մարդկանց, երևույթները: Բոլոր առարկաները նա տեսնում է մութ տարածության մեջ` գույնզգույն թելերի միջոցով ստացած ուրվագծերով: Սակայն Լևոնն իր ներքին աշխարհը զարդարել է երաժշտության մոգական ելևէջներով, որոնք ուժ են հաղորդում նրան, մղում հասնել ավելիին: Եվ բոլոր խնդիրները նրա համար միշտ լուծելի են իր անկոտրում կամքի և ուսման հանդեպ տածած մեծ սիրո շնորհիվ:

Լևոն Կարապետյանը ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանում՝ երաժիշտ-մանկավարժների ընտանիքում: Նա պատմում է, որ մանկուց էր սիրում ձայնապնակները միացնել և լսել երաժշտություն: Հայրը բեմադրող ռեժիսոր էր, տանը միշտ հնչում էր դասական երաժշտություն, ջազ, ռոք: Նվագել սկսել է 7 տարեկանից՝ դպրոցին կից ստուդիայում, 3-րդ դասարանից տեղափոխվելով երաժշտական դպրոց: 2004թ. ավարտել է Ա.Հեքիմյանի անվան, 2007թ.` Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցները:

2007-2013 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի դասարանում՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճան: Տեղափոխվելով Ֆրանսիա՝ 2014-2016 թթ. մասնագիտական կատարելագործման դասընթացներ է ստացել Ստրասբուրգի երաժշտական արվեստի և պարի ակադեմիայում՝ պրոֆեսորներ Ամի Լինի և Լորան Կաբասոյի դասարաններում:

Մենահամերգներով և սիմֆոնիկ նվագախմբերի հետ դաշնամուրային կատարումներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: 2010-11թթ. Սանկտ Պետերբուրգում հանդես է եկել տեղի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր` Միխայիլ Տատարնիկով), 2007թ.` ՀՀ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Մոցարտի 19-րդ կոնցերտով (դիրիժոր` Ռուբեն Ասատրյան), 2012թ.` Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ, Բեթհովենի 3-րդ կոնցերտով (դիրիժոր` Կարեն Դուրգարյան): 2010թ. «Արմենիա Մյուզիք Սենթրի» կողմից ԱՄՆ-ում թողարկվել է նրա առաջին ձայնասկավառակը: Վարպետության դասընթացներ է անցել հռչակավոր դաշնակահար Բորիս Բեռմանի և ֆրանսիացի ականավոր դաշնակահար Բեռնար Դասկոլիի մոտ:

Նա նվագել է Բորիս Բեռմանի հետ՝ նվագացանկում ընդգրկելով Բախի, Բեթհովենի, Մոցարտի, Չայկովսկու, Շուբերտի, Շոպենի, Ռախմանինովի, Սկրյաբինի, Ա.Խաչատրյանի և այլոց դաշնամուրային ստեղծագործությունները:

Լևոնն այժմ ուսանում է Ստրասբուրգի ակադեմիական կոնսերվատորիայում, հանդես է գալիս համերգներով, նա հանրապետական և միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր է: Ստրասբուրգում կայացած իր համերգների ավարտին Լևոնը միշտ կատարում է հայկական ստեղծագործություններ (Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան)։ Նրա խոսքով, դրսում շատ ջերմ է ընդունվում հայկական երաժշտությունը, մեր մեղեդային երաժշտությունը գրավում է այլազգի ունկնդրին։

Երկարատև բացակայությունից հետո Լևոնը հայրենիքում է, նա այստեղ շատ լավ է զգում՝ վայելելով հայաստանյան աշունը:

Չնայած մեր հասարակությունում հաշմանդամություն ունեցող մարդու ճանապարհին ծառացած բազում խոչընդոտների՝ Լևոն Կարապետյանը անասելի կամքի ուժի և ձգտման շնորհիվ կարողացել է հասնել բազմաթիվ նվաճումների: Նրա ճանապարհին հայտնվել են մանկավարժներ, պրոֆեսորներ, ովքեր տարակուսել են թույլ տալ նրա բեմելը՝ պատճառաբանելով, թե չի տեսնում, ինչպես պետք է ելույթ ունենա: Եվ, այնուամենայնիվ, գտնվել են և այնպիսի անհատներ, ովքեր հավատալով նրա ներուժին՝ խրախուսել են և ասել՝ նա պետք է նվագի: Եվ այդպես սկսվել է նրա ուղին՝ լի առաջընթացով:

Լևոնը միշտ լսում է բոլոր կարծիքներն իր մասին և փորձում կատարելագործվել: Համոզված է, որ երաժշտության աշխարհում միշտ կարելի է կատարելագործվել, եթե կա ձգտումը:

Շատ է սիրում կյանքը, լույսը, արևը: Սիրում է իր մասնագիտությունը: Միշտ պարապում է: «Եթե մարդը հաշմանդամ է, հասարակությունում դժվար է ընդունվում, բայց իր ստեղծած որակյալ աշխատանքը կընդունվի: Շատ հաշմանդամ երաժիշտներ կան, որոնց ստեղծած արժեքն ենք գնահատում: Պետք է շատ աշխատել, կգա մի օր, որ քո արած որակյալ աշխատանքը կգնահատվի»:

2017 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած Արամ Խաչատրյան 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում Լևոն Կարապետյանը ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)՝ հնչեցնելով Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, ինչպես նաև տեղի ունեցավ ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան։

Իսկ Նարեկացի արվեստի միության դահլիճում կայացած մենահամերգի ժամանակ փոքրաթիվ, բայց ջերմ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու Բախի, Բեթհովենի, Շուբերտի, Շոպենի, Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Լևոն Կարապետյանի անզուգական կատարմամբ։

«Սիրում եմ նվագել։ Եթե մի քանի օր չեմ նվագում, դա վատ է անդրադառնում ինձ վրա։ Երբ նորից նստում եմ դաշնամուրի առջև, կարծես կյանք եմ վերադառնում»։

Լևոն Կարապետյանի օրինակը ուսանելի է, ոգեշնչող, երբ անկոտրում կամքի ուժը և ձգտումը ի զորու է փոխել մարդու ողջ կյանքը: Աշխարհում հաշմանդամություն ունեցող անձինք տառապում են գործազրկության բարձր մակարդակից և հաճախ պատշաճ կրթության բացակայությունից ապրում աղքատության մեջ: Իսկ նա, չնայած բազում խոչընդոտների, ցուցաբերելով քաջություն և կամք, շարունակում է ներշնչել բոլորին՝ հասնելով նվաճումների նորանոր մակարդակի:

 

Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930