Այսօր Գյումրիում տեղի է ունեցել «Շիրակ» -«Ալաշկերտ» հանդիպումը, որտեղ «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին»։ Հանդիպումն ավարտվել է 0:1 հաշվով․հյուրերը միակ գոլը խփել են 89-րդ րոպեին:
Մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ խաղի ընթացքում գյումրեցի երկրպագուները հայհոյանքներ են հնչեցրել ալաշկերտցիների գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հասցեին, և որ խաղից հետո կրքերն ավելի են թեժացել․ գյումրեցի երկրպագուները հարձակվել են Խաշմանյանի և «Ալաշկերտի» անձնակազմի այլ անձանց վրա։
Քիչ առաջ «Շիրակ» ֆուտբոլային ակումբից մեզ պարզաբանեցին հետևյալը․«Տարածված տեղեկությունները, թե այսօրվա «Շիրակ» – «Ալաշկերտ» խաղի ընթացքում գյումրեցի երկրպագուները հայհոյանքներ են հնչեցրել ալաշկերտցիների գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հասցեին՝ բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Սա հայտարարում ենք ամենայն պատասխանատվությամբ։ «Շիրակի» երկրպագուների կողմից Աբրահամ Խաշմանյանի վրա ոչ մի հարձակում չի եղել, նրանց միջև ծեծկռտուք տեղի չի ունեցել․ միակ միջադեպը եղել է ակումբի աշխատակցի և Աբրահամ Խաշմանյանի միջև այն բանից հետո, երբ վերջինս հայհոյել է «Շիրակի» երկրպագուներին»։
Մեր հրապարակումից անմիջապես հետո «Շիրակ» ֆուտբոլային ակումբն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրեց տեսանյութ՝ գրելով․ «Ներկայացնում ենք մարզչի սադրիչ պահվածքը խաղից հետո տեղի ունեցած միջադեպում: Ձեր ուշադրությունն ենք ցանկանում սևեռել նաև այն փաստին, որ ոչ մի երկրպագու չի մասնակցել միջադեպին, քանի որ իրավապահ մարմիններն իրենց աշխատանքը կատարել են պատշաճ մակարդակով»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ