Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու մենահամերգը՝ Երևանում

Հոկտեմբեր 28,2017 17:21

Հոկտեմբերի 31-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար, Խաչատրյանի փառատոնի ռեզիդենտ մենակատար Ալեքսանդր Ռոմանովսկին։ Համերգային ծրագրում կհնչեն Ռոբերտ Շումանի, Ալեքսեյ Շորի, Մոդեստ Մուսորգսկու ստեղծագործություններից։

Դասական երաժշտության սիրահարները Հայաստանում ջերմությամբ են ընդունում Ալեքսանդր Ռոմանովսկու ելույթները։ Նրա մեկնաբանմամբ մեր երաժշտասերներն ունկնդրել են Խաչատրյանի, Պրոկոֆևի, Չայկովսկու ստեղծագործությունները։ Այս անգամ դաշնակահարը մեր հանդիսատեսի առջև կներկայանա մենահամերգով։ Ռոմանովսկին խոստովանում է, որ Հայաստանն իր համար առանձնահատուկ վայր է, որտեղ ցանկանում է ավելի ու ավելի հաճախ այցելել։ «Այստեղ շատ բան եմ գտել, ինչն ինձ համար կարևոր է երաժշտության մեջ։ Զգում եմ, որ Հայաստանն ինձ ձգում է»,- մի առիթով ասել է երաժիշտը։

Ալեքսանդր Ռոմանովսկին սովորել է Իմոլա դաշնամուրային ակադեմիայում, ինչպես նաև՝ Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջում։ Բոլորովին վերջերս որպես մենակատար Ռոմանովսկին հանդես է եկել Մարիինյան թատրոնում Վալերի Գերգիևի ղակավարությամբ նույն թատրոնի նվագախմբի հետ, Ջեյմս Քոլնոնի ղեկավարությամբ՝ Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ալան Գիլբերթի ղեկավարությամբ ելույթ է ունեցել Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Լոնդոնի Բարբիքան կենտրոնում հանդես է եկել Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և այլն։ 17 տարեկանում Ռոմանովսկին արժանացել է Բուզոնիի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակին։ 2007-ից Decca ձայնագրման ապրանքանիշի ներքո թողարկել է քննադատների շրջանակներում ընդունելության արժանացած 3 ձայնասկավառակ՝ Շումանի, Բրամսի և Ռախմանինովի ստեղծագործություններով։ 2013-ից Ռոմանովսկին Մոսկվայի Վլադիմիր Կրայնևի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավարն է։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Խաչատրյանի միջազգային փառատոնի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031