Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Տրանսգենդեր Նորան դեմ չի լինի ծնողների հետ շփմանը, եթե ընդունեն իրեն (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2017 16:21

«Ես դա զգացել եմ 4-5 տարեկանում, որովհետև երբ տղաների հետ էի, ինձ էդտեղ ավելորդ էի համարում: Իսկ 7-8 տարեկանում հասկացա, որ ինձ դուր չի գալիս տղայի շորեր հագնելը, ու սկսեցի ինձ նույնացնել իգական սեռի հետ»: Այսպես է խոսում 19-ամյա տրանսգենդեր (սեռափոխ) Նորան, որին ծնողները սեռական կողմնորոշման պատճառով դուրս են արել տնից:

Ծնված լինելով Հունաստանում՝ նա 7 տարեկանից ապրել է Հայաստանում: Մայրը հույն է, հայրը՝ հայ: Մեր զրուցակիցը չցանկացավ նշել, թե ինչ է եղել իր իսկական անունը:

Սեռական կողմնորոշման մասին առաջին անգամ ծնողներին հայտնել է 16 տարեկանում, երբ պատահաբար գտել են նրա անձնական օրագիրը: Ասում է՝ սկզբնական շրջանը շատ ծանր է եղել, ֆինանսական աջակցություն է ստացել ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, հայերեն` ԼԳԵՓ` լեսբուհի, գեյ, երկսեռական, փոխսեռական) համայնքի կողմից: «Այն տունը, որտեղ հիմա ապրում եմ, 1 ամիս ժամանակ են տվել, որ ազատեմ, քանի որ տան տերն իմացել է, որ տրանսգենդեր եմ ու չի ցանկանում նման կենվոր ունենալ»,- ասում է Նորան:

https://www.youtube.com/watch?v=3x6OZAz-Zt4&feature=youtu.be

2015 թ.-ին Նորան Հայաստանում վիրահատության միջոցով փոխել է ձայնը: Մոտ ապագայում ծրագրում է նաև սեռափոխության վիրահատություն կատարել արտերկրում: Մասնագիտությամբ ատամնաբույժ է, սակայն ուսումը կիսատ է թողել: Ասում է՝ տրանսգենդեր լինելու պատճառով հաճախ է բռնության ենթարկվել. «Դպրոցում էլ, համալսարանում էլ կոնֆլիկտներ շատ եմ ունեցել: Պատահել է՝ հարձակվել են վրաս, զուգարանում ծեծել, հետևիցս քարեր շպրտել»:

Ժամանցի վայրերի մասին խոսելիս բռնության դեպքեր չի հիշում. «Մենակ մի անգամ պատահել է՝ընկերներիս հետ գնացի քաղաքի ակումբներից մեկը, մենեջերն էկավ ու ասաց՝ գնա նորմալ հագնվի, արի, կամ էլ դուրս արի էստեղից: Էդ մեծ խտրականություն էր, որ ես որպես աղջիկ չեմ կարող հաճախել ակումբ»:

Քաղաքում շրջելիս հիմնականում տղամարդու հագուստ է կրում, ասում է՝ «նեղվում եմ մարմնիցս»: Հաճախ փողոցում իր հասցեին տարբեր մեկնաբանություններ է լսում. «Հյուսիսային պողոտայում երեկոյան ժամերին անգամ գալիս, գին են հարցնում»:

Պատմում է, որ ծնողների հետ ապրելու ընթացքում աշխատել է ատամնաբուժարանում, սակայն երբ տնօրենն իմացել է կողմնորոշման մասին, աշխատանքից ազատել է:

Նորայի խոսքով՝ ծնողները «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներ են և իրեն ստիպել են մասնակցել կազմակերպության հավաքույթներին, տարբեր աշխատանքներ կատարել: Դա էլ համարում է ծնողների հետ ունեցած ամենամեծ խնդիրներից մեկը: Այսօր նրանց հետ չի շփվում: Ընտանիքում միակ մարդը, որ նրան ընդունում է, հորաքույրն է: Պապիկի հետ նույնպես երբեմն շփվում է:

https://www.youtube.com/watch?v=AnxFhNCbAyg

Եհովայի վկաների ընտանիքում մեծանալով՝ երբեք ծննդյան օրը չի նշել: Ասում է՝ մեկ անգամ ուզել է նշել, ծնողները դա մեղք են համարել. «10-րդ դասարանում առաջին անգամ ուզեցի ծնունդս նշել, բայց ծնողներս իմացան դրա մասին ու հարամ արեցին: Դրանից հետո տանն անընդհատ կոնֆլիկտներ էին լինում, թե իբր ես մեղքեր եմ գործում»:

Նորան ժամկետային զինծառայություն չի անցնելու: Զինկոմիսարիատում սեռական կողմնորոշման մասին իմանալուց հետո նրան ուղարկել են հոգեբուժարան:

https://www.youtube.com/watch?v=x_17szNeHmY

Նորան մտավախություն չունի, թե երբևէ կափսոսա իր սեռական կողմնորոշման համար, քանի որ տրանսգենդեր լինելով՝ իրեն երջանիկ է համարում. «Միայն թե ես լիարժեք երջանիկ կլինեմ, երբ վիրահատվեմ: Հիմա վատ եմ զգում, որ ստիպված եմ տղայի շորեր հագնել կամ ինձ զրկել շպարվելուց»:

Ընտանիքում միակ մարդը, ում կարոտում է, զարմուհին է, որին արգելել են շփվել իր հետ, երբ իմացել են, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է: Նորան վստահեցնում է, որ ծնողների հետ շփումը վերսկսելուն դեմ չի լինի, եթե իրեն ընդունեն:

Մանկության խաղալիքներից մեկը (փոքրիկ կառք) որպես հուշ պահում է իր մոտ: Պատմում է, որ փոքր ժամանակ մայրն է նվիրել. «Վերջին պահին մաման հանեց բոլոր իրերս, ուզում էր համոզեր, որ «նորմալ երեխա եմ եղել»: Էդ խաղալիքն էլ էդտեղից եմ գտել»:

Սեքսոլոգ Մնացական Փահլեւանյանը, անդրադառնալով սեռափոխության վիրահատությանը, նշում է, որ ամենալուրջ հետևանքը տրանսգենդերների մոտ կարող է լինել պտղաբերության գործառույթի բացակայությունը. «Սա ամենամտահոգիչ հանգամանքն է: Բայց ընդհանուր առմամբ եթե սեռափոխության վիրահատությունը կատարվում է ըստ կոնկրետ ցուցումների, այսինքն` ապացուցվում է մարդու տրանսսեքսուալ լինելը, ապա նրա հետագա կյանքի բարդությունները հիմնականում կարող են պայմանավորված լինել սոցիումի անհանդուժողական վերաբերմունքով։ Եթե բուժումները ճիշտ են կատարվում, տվյալ մարդու հետ աշխատում են տաբեր մասնագետներ՝ հոգեբան, էնդոկրինոլոգ, սոցիոլոգ, սեքսոպաթոլոգ, ապա բարդությունները հետագա կյանքի հասնում են նվազագույնի»:

Մասնագետի համոզմամբ՝ սեռափոխության վիրահատությունը Հայաստանում վիճահարույց է՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ բուժհաստատություններ իրականացնում են. «Իրականում այդ վիրահատությունը բազմաթիվ բարդությունների հետ է կապված: Իհարկե, կա որոշակի սեռային առանձնահատկություն. տղա-տրանսսեքսուալներին ավելի հեշտ է դարձնել կին , քան աղջիկ-տրանսսեքսուալներին՝ տղա: Հիմնական բարդությունն առաջանում է , եթե վիրահատությունը չի կատարվում կամ մերժվում է ինչ-ինչ պատճառներով»:

Սեքսոլոգը մեկնաբանում է. «Մարդու համար այլևս անհնար է դառնում ապրել «օտար» մարմնում , և նա փորձում է ինչ-որ ելք գտնել: Եթե այդ ելքը չի ցուցաբերվում բժշկական տեսանկյունից , երբեմն հնարավոր է, որ դա ավարտվի ինքնասպանությամբ»:

Հայաստանում ԼԳԲՏ անձանց թվի վերաբերյալ հստակ հետազոտական արդյունքներ չկան: Տարբեր աղբյուրներ նշում են, որ ԼԳԲՏ անձինք կազմում են Հայաստանի բնակչության 5-10%-ը:

«Սոցիոսկոպ» և «Փինք Արմենիա» ՀԿ-ների կողմից՝ 2016թ. իրականացված հետազոտության համաձայն՝ ՀՀ-ում բնակչության 72,1%-ը բացասական վերաբերմունք ունի ԼԳԲՏ անձանց հանդեպ: 2017թ.-ի դրությամբ՝ աշխարհում 26 երկիր օրինականացրել է նույնասեռ ամուսնությունները: Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 1990թ. մայիսի 17-ին նույնասեռականությունը հեռացրել է հոգեկան հիվանդությունների շարքից:

Նելլի ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նրանց կյանքը միեվնույն է սեռափոխվելուց հետո էլ դժար թե ընթանա նորմալ հունով; ընդհակառակը ավելի շուտ պետք նրանց հետ նախօրոք տարվեն աշխատանքներ հոգեբանի; սեքսոպալոլոգի; էնդոկրինոլոգի կողմից; կազմակերպվեն հանդիպումներ ու բուժումներ; որպեսզի մարդն իր բնական հունից չշեղվի եվ ընկնի այդպիսի նվաստացուցիչ ու ծանր իրավիճակների մեջ’ախտը պետք է կանխել վաղօրոք

  2. Մարինա says:

    Աղանդավոր ծնողների մոտ ապրած երեխան, իհարկե, չէր կարող լիարժեք և նորմալ մեծանար, երբ նույնիսկ զրկված է իր ծննդյան օրը նշելու հնարավորությունից։ Սակայն սեռը փոխելը նույնպես փրկություն չէ, նույն կոմպլեքսները և շեղումները կմնան պացիենտի գլխում և կշարունակեն նրան տանջել ողջ կյանքի ընթացքում։ Ես մի տեղ կարդացել եմ, որ սեռի փոփոխումը խիստ բացասաբար է անդրադառնում ֆիզիկական առողջության վրա և այդպիսի մարդիկ մահանում են վաղ տարիքում կամ ինքնասպան են լինում։ Գուցե արժե, որ հոդվածի հերոսը դիմեր եկեղեցուն և փորձեր վերաիմաստավորեով իր սեփական աշխարհայացքը և արժեհամակարգը, փրկել ինքն իրեն։ Արհեստականորեն ձայնը կամ սեռը փոխելով, մեկ է, տղան երբեք լիարժեք կին չի դառնա։ Կարծում եմ, այստեղ պրոբլեմը սեփական աղավաղված արժեհամակարգն է, ԵՍ-ի աղճատված պատկերը և դաստիարակությունը։ Հոգեկան հիվանդությունների ցանկից էլ հանել են, որպեսզի ավելի կործանեն ահա այսպիսի դժբախտ և օգնության կարիք ունեցող անհատներին։

  3. Իրավաբան says:

    Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները միշտ սենց թեմաներ են աշխատում վերցնել:
    Ամեն դեպքում գովելի է:
    Բայց կարող էր փոքր ինչ ծանոթ լինել տերմինաբանությանը: Համատեքստից պարզ է դառնում, որ խոսքը սեռկանա կողմնորոշման մասին չէ-
    Տրանսգենդեր անձի դեպքում օգտագործվում է ՛՛գենդերային ինքնություն՛՛:
    Սեռական կողմնորոշումը այլ բան է: Տրանսգենդերն էլ ունի իր սեռական կողմնորոշումը՝ բի, հոմո կամ հետերո:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031