Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Սարի թաղի ցույցերին մասնակցած Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի ու Ժորա Ավետիսյանի գործով դատական նիստն էր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են ոստիկանների վրա քարեր նետելու, բռնություն գործադրելու մեջ:
Այս նիստին 25 վկայից դատարան էր ներկայացել միայն մեկը՝ Տիգրան Գրիգորյանը:
Հրաչյա Բոյաջյանի շահերի պաշտպան Արայիկ Զալյանը, ինչպես նաեւ փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը վկային հարցեր ուղղելով՝ փորձում էին պարզել, թե ինչ վարքագիծ են ունեցել ոստիկանները, ինչ անհարմարություններ են ՊՊԾ գնդի գրավման օրերին կրել Սարի թաղի բնակիչները: Հարցին՝ դուք, ձեր ընտանիքի անդամները անվտանգության հետ կապված խնդիր ունեցե՞լ եք՝ Տիգրան Գրիգորյանը պատասխանեց, որ ընտանիքը քաղաքից բացակայել է մի քանի օրով: Լյուդվիգ Սիմոնյանը հարցրեց, թե այդ օրերին ճի՞շտ է, որ գազ չեն ունեցել, լույս, ինտերնետ, ջուր: Վկան ասաց, որ գազն է իրենց շատ նեղություն տվել ու չի հիշում՝ ինտերնետ կա՞ր, թե՞ չկար, բայց ջուր ունեցել են. «Մենք ջուր ունեցել ենք, մեր դիմացի հարեւանը չի ունեցել, այ տենց վիճակ էր»:
Վկան պատմեց, որ դեղատնից մի դեղ առնելու համար այդ օրերին պահանջվում էր 50-60 րոպե:
Տիգրան Գրիգորյանը ցուցմունք տալիս մի ուշագրավ դրվագ ներկայացրեց: Նա նշեց, որ լրագրողի է տեսել դեպքի վայրում՝ մարմնական վնասվածքով: Թե ի՞նչ մարմնական վնասվածքի մասին է խոսքը՝ Տիգրան Գրիգորյանը պատասխանեց. «Կոնկրետ պռոշի վրա արյան հետք կար ծորած, որը ստացել էր ոստիկանի կողմից: Ջահել տղա էր»: Հարցին՝ ո՞նց հասկացաք լրագրող է, տարբերանշան կա՞ր՝ նա պատասխանեց. «Կամերայից հասկացա: Տփին, կամերան վեկալեցին, մեջինը ջնջեցին, հետո կամերան տվել էին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ