Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սարի թաղի ցույցերին մասնակցող Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի ու Ժորա Ավետիսյանի գործով նիստն էր: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են ոստիկանների վրա քարեր նետելու, բռնություն գործադրելու մեջ:
Վերջին դատական նիստը հետաձգվել էր, քանի որ գործով վկաները չէին ներկայացել դատարան: Նրանց մի մասի հետ կապված դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել: Այս դատական նիստին էլ հրավիրված 25 վկաներից միայն մեկն էր եկել՝ Տիգրան Գրիգորյանը: Վկաներից մեկին՝ Մուշեղ Խաչատրյանին, որին բերման որոշում էր կայացվել, ծանուցումը չի հասել: Մալաթիայի ոստիկանությունից դատարանին հայտնել են, որ նա ՀՀ-ում չի գտնվում: Դատարանը որոշեց հարցում կատարել, որ պարզի, թե նա որտեղ է գտնվում:
Արմեն Մարտիրոսյանին ուղարկած ծանուցագիրը հետ է վերադարձվել, Գեղամ Խանամյանի վերաբերյալ նոր հասցե է ուղարկվել, նորից որոշեցին ծանուցել: Ռազմիկ Խառատյանի վերաբերյալ գրություն են ուղարկել էրեբունու ոստիկանությունից, որ նա հանդիսանում է ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակից: Կարեն Վանյանին բերման որոշում ունեին, բայց նրան այդպես էլ չեն կարողացել գտնել, որեւէ տեղեկություն չկա: Գրիգոր Մխիթարյանի ծանուցագիրը հետ է եկել, դատավորն ասաց՝ կամ հասցեն է սխալ, կամ էլ չեն ստանում:
Վկաներից Ռաֆայել Մանուկյանին, Ազարիա Գեւորգյան, Վիլեն Համբարձումյանին, Հրաչյա Մուրադյանին, Գեղամ Գրիգորյան, Գուրգեն Ավագյանին, Արման Առուշանյանին, Արմեն Սարգսյանին պատշաճ ծանուցագիր ուղարկվել է, բայց չեն ներկայացել:
Դատարանը որոշեց բերման որոշում կայացնել եւ 9 վկային բերել դատարան, եւս երկուսի վերաբերյալ կար բերման ենթարկելու որոշում, այսպիսով, 25 վկայից 11-ին որոշեցին բերման ենթարկել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ