Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտքն ու Արեւելքը կապ չունեն

Հոկտեմբեր 12,2017 10:10

Հայաստանում մարդիկ ինչի մասին էլ վիճեն, դա, ի վերջո, հանգեցնում է «ռուսամետների» եւ «արեւմտամետների» հակադրության: Ճիշտն ասած, երբեք չեմ դասել ինձ նշված ճամբարներից որեւէ մեկին: Ի դեպ, ինձ դուր չեն գալիս նաեւ մեր քաղաքական գործիչների հպարտ բացականչությունները` «ես հայամե՛տ եմ»: Եթե դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, ինքնին հասկանալի է, որ դու պետք է գործես այդ պետության շահերից ելնելով` ավելորդ անգամ դա շեշտադրելը, կարծես, կասկածներ է սերմանում` գուցե կարող էր նաեւ այլ կե՞րպ լինել:

Հարգանքով եմ վերաբերվում բոլոր ժողովուրդներին եւ բոլոր մշակույթներին, եւ որեւէ մեկին «միտված» լինելն, ինձ թվում է, կեղծ օրակարգ է: Տվյալ երկրի օրվա իշխանությունների քաղաքականությունը մեզ կարող է դուր գալ կամ դուր չգալ, բայց որեւէ «թագավորի գահակալությունն» անցողիկ երեւույթ է, պատմության տեսանկյունից դա ակնթարթ է: Եթե Պուտինը կամ Թրամփն այսօր, իմ կարծիքով, սխալ քաղաքականություն են վարում, դա ամենեւին չի նշանակում, որ իմ հայացքները հակառուսական են կամ հակաամերիկյան: Ես չեմ ցանկանում իմ եւ իմ պետության ճակատագիրը կապել որեւէ այլ պետության կամ «թագավորի» հետ` 21-րդ դարում քաղաքական մտքի այդ «ուղղությունը» առավել մանկամիտ եւ անպատեհ է թվում:

Ընտանեկան բռնության մասին օրենքի քննարկումը նույնպես ծավալվել է «ռուսամետ-արեւմտամետ» հարթության մեջ: Այսինքն` խոսքը նրա մասին չէ, թե որքանով օգուտ կամ վնաս կբերի այդ օրենքի ընդունումը, այլ` ո՞ր աշխարհաքաղաքական ճամբարից են օրենքի կողմնակիցներն ու հակառակորդները: Առաջինները խոսում են «պուտինյան Ռուսաստանի» դավերից կամ Հայաստանում ՌԴ դեսպանատան «հավաքագրված զանգվածից», երկրորդները` «Արեւմուտքի պարտադրանքից», «Գեյրոպայի այլասերվածությունից» եւ այլն: Հնարավոր չէ համոզել երկու կողմերին, որ նրանք սխալվում են, եւ պետք է քննարկել բուն օրենքի նախագիծը եւ ոչ թե նրանց, ովքեր կանգնած են կամ կանգնած չեն դրա հետեւում:

Ինձ թվում է` եթե մարդը, ներեցեք, «քյարթու» է եւ խավարամիտ, եթե նա կարծում է, որ կանանց եւ երեխաների հետ շփվելու «զինանոցի» մեջ պարտադիր պետք է լինի ծեծուջարդը, ապա այստեղ Պուտինը կամ Կրիվոպուսկովը որեւէ մեղք չունեն: Եվ հակառակը՝ եթե մարդը կարծում է, որ ընտանեկան բռնությունների զոհերի համար պետք է հավելյալ հնարավորություն ստեղծվի պաշտպանվելու, իրենց նկատմամբ կատարված հանցագործության մասին բարձրաձայնելու, այդ համոզմունքի ձեւավորմանը բացարձակապես չեն մասնակցել Թրամփն ու Մակրոնը: Կարելի է մինչեւ ականջների ծայրերը սիրահարված լինել Պուտինին եւ դեմ լինել ընտանիքում բռնության փառաբանմանը: Կարելի է Միացյալ Նահանգները համարել Երկրագնդի դրախտի մարմնավորումը եւ լինել ընտանիքում ամենափնթի եւ «անթրաշ» բարքերի ջատագովը:

Լեւոն Իգիթյանը չի կարողանում մարդավարի շփվել կանանց հետ ոչ այն պատճառով, որ նա Պուտինի երկրպագուն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Այսինքն, եթէ ընդդիմացողը տղամարդ լինէր, Իգիթեանը աւագանում նիստերին կարո՞ղ էր ասել «Ես որ խօսում եմ, ձայնդ կտրի, ով որ ես» 🙂

    Ուրեմն Իգիթեանը ոչ թէ կանանց հետ շփուել չի կարողանում, այլ ՄԱՐԴԿԱՆՑ հետ շփուել չի կարողանում: Սեռն այստեղ կապ չունի:

  2. Ashot says:

    կարճաժամկետ առումով կարող է և “լայքեր” հավաքող է, բայց երկարաժամկետ առումով զզվելի է, երբ կտրում են ամբողջ մտքի մասը ու սկսում այն քարկոծել:
    Խոսքը Լևոն Իգիթյանի մասին է:

    Ով, արդարամ՜իտ Արամ Աբրահամյան, ինչու՞ շրջանցում եք այն որակավորումները, որ այդ “կինը” տվեց քաղաքապետին:
    Ինչ է, նա Մարդ չէ՞:

  3. Լավատես says:

    Վատ պարողին էլ են արեւմուտքից արեւելքից խանգարում:

    • Լավատես says:

      Ա Բոլոր երկրների պետական համակարգը կազմում է շատ հզոր ինչ որ վերպետական բուրգի ինչ որ մաս՝ ինչքան հզոր է պետությունը՝ այնքան բարձր դիրք է գրավում այդ բուրգում, բայց անգամ ամենահզոր պետություննները բուրգի գագաթից շատ հեռու են:
      Բ Ինչպես խորհրդային հանրապետություններում կուսակցության առաջին քարտուղարը այդ հանրապետության տիտղոսային ազգի ներկայացուցիչն էր, իսկ երկրորդ քարտուղարը անպայման Խորհրդային Միության տիտղոսային ազգի ներկայացուցիչն էր, շատ հնարավոր է, որ նույնն էլ հիմա է՝ Խորհրդային Միության փոխարեն այդ վերպետական համակարգն է, սրանք են որ ազգային պետություններն իրար վրա քսի տալիս, ազգային մշակույթը այլասերում, սրանց ատելությունը ցանկացած ազգայինի հանդեպ ցույց է տալիս, որ պատկանում են քոչվորների տեսակին եւ դա վատ չէ, քոչվորները շատ համախմբված են գործում, մենք պետք է հարգենք նրանց այդ համախմբվածությունը եւ փորձենք քոչվորական համախմբվածությանը դեմ տանք մեր՝ տեղաբնիկ ազգերի համախմբվածությունը ու ստեղծենք մեր՝ ազգային պետություններից կազմված վերպետական համակարգ, որը կփոխարինի քոչվորների վերպետական համակարգը: Քոչվորները մեղավոր չեն, որ ուժեղ են ու համախմբված, մենք ենք մեղավոր, որ թույլ ենք ու իրարից բաժանված: Մեր փրկությունը իսկապես մեր հավաքական ուժի մեջ է՝ սկզբից հայերս մի բռունցք դառնանք ու հետո օրինակ ծառայենք ու տեղը գալուց ստիպենք մյուս տեղաբնիկ ազգերին հավաքական ազգային ուժ կազմեն ու մտնենք բոլորովս մեր վերպետական բուրգի մեջ:

  4. Հ.Շ. says:

    անգամ մը եւս, չգիտեմ եթէ մարդիկ իսկապէս չէք հասկանում,
    կամ ել ձեւացնում են որ չեն հասկանում

    ա) որպէս սկզբունքային կեցուածք՝

    խնդրոյ առարկայ Օրէնքը այն բնոյթի Օրէնքներից է,
    որոնք կը միտին Կառավարութեան տնօրինման ենթարկել անձնական նիւթեր,
    սեփական հարցեր

    հետեւաբար, որպէս սկզբունք, բնական է որ շատեր խրտչին այդ բնոյթի ո՛րեւէ Օրէնքից.

    բ) այն ինչ կը վերաբերի նիւթի առարկայ, մասնայատուկ Օրէնքին՝

    անոր որդեգրումը ենթադրել կու տայ թէ ընտանեկան բռնութեան համաճարակ կայ Հայաստանում

    իրողապէս հաստատուա՞ծ է որ այդպիսի տարողութիւն ունի ընտանեկան բռնութիւնը, Հայաստանում

    այս մասնագիտական հաստատումը անհրաժեշտ է,
    քանզի եթէ այդպէս չէ կացութիւնը, ապա՝

    . աւելորդ տեղը, այս առիթով եւս, ձեխի պիտի թաթախուի Հայաստանի համբաւը, պատկերը, աշխարհի առջեւ

    . վերեւ պարզուած ա. կէտը ալ աւելի ի զօրու կը դառնայ, որովհետեւ ճիշդ չի լինի որ Պետութիւնը քաղաքացիի տունէն դուրս պահելու սկզբունքը բացառութեան ենթարկուի, կամայականօրէն

    մինչ, այս նիւթով ամենակատաղի ֆեմինիստ ակտիվիստները անգամ, երբ որ մամլոյ ասուլիսների կամ ցոյցերի առիթով դրօշակներու պէս կը պարզեն անունները ընտանեկան բռնութեան զոհերի, մի քանի տասնեակ անուններից աւելի չենք տեսել… մի քանի միլիոն բնակչութեան համեմատ… «մնացեալ»ը իրենց ենթակայական կարծիքներն են միայն, եւ թոյլ թող տան որ ամէն մարդ զանոնք կուլ չտայ որպէս իրողութիւններ, հաստատ իրականութիւններ…

    գ) ամէն դէպքում, Հայաստանում այս Օրէնքի գործնական կիրարկումը եւս, բնաւ հանաւական չէ. հետեւաբար, սա ել լինելու է միայն թուղթի վրայ Օրէնք…

    նախընտրելի է, նամանաւանդ այսպիսի նիւթի մը մէջ, որ Օրէնք չորդեգրուի, քան թէ միայն ձեւական Օրէնք մը արտադրուի… զոհերուն ընծայելով օրինական պաշտպանութեան պատրանքը միայն… մինչ նա կարող է մինչեւ իսկ քաջալերել որոշ տեսակի տղամարդկանց հետամնաց վարքագիծը, որպէս «առնական» հակազդեցութիւն…

Պատասխանել