Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը պատժելու է նրանց, ովքեր բանակում ստիպում են աթեիստներին աղոթել, խաչակնքվել ու մկրտվել

Հոկտեմբեր 11,2017 13:23

Այսօր ԱԺ-ում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումների ժամանակ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին մի քանի հարց ուղղեց:

Նա նախ հետաքրքրվեց՝ տարկետումը որոշ չափով հանելու առաջարկը հետագա պատրաստվածության հետ կապված լուրջ խնդիրներ չի՞ առաջացնի, չի՞ խթանի արտագաղթը այն մարդկանց շրջանում, որոնք ուզում են գիտությամբ զբաղվել:

Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Ուսման ընդհատման հետ կապված եթե մենք ունենայինք տարկետում բոլոր սովորող ուսանողների համար, բանավիճել հնարավոր էր, բայց քանի որ մեզ մոտ տարկետումը չափազանց ընտրովի է, բուհ ընդունվողների մի մասն է շարունակում, դա մեծ ռիսկեր է պարունակում՝ կոռուպցիոն, բարոյական եւ ակադեմիական: Ստացվում է, որ ավելի թույլ սովորող քաղաքացին կարող է ընդհատել, հետո գալ շարունակել, իսկ նա, ով ընդունվել է մեկ միավոր տարբերությամբ, պիտի արտոնությունի՞ց օգտվի: Մենք ունենք պրակտիկա, առաջին ակադեմիական տարկետում ստացողներից զորակոչվում է ընդամենը 16 տոկոսը: Երկրի պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականությունը պետք է տարածվի բոլորի վրա: Պրակտիկան աշխարհում կա, աշխարհի առաջատար լավագույն բուհերը հանգիստ տալիս են տարկետում, եթե քաղաքացին տալիս է տեղեկանք, որ ունի զինվորական պարտավորություն, դրանից հետո վերադառնում, հանգիստ սովորում է: Աշխարհի լավագույն համալսարանները այսօր խրախուսում են եւ խնդրում են ուսանողներին մեկ տարի տարկետում վերցնել, հանգստանալ դպրոցից հետո, ծառայել, փորձ ձեռք բերել, հետո գալ նստել առաջին կուրս, դա այսօր բոլոր առաջատար բուհերի քաղաքականությունն է: Մարդուն հնարավորություն ես տալիս մի հատ շունչ քաշել դպրոցից հետո:

Ինչ վերաբերում է արտագաղթին, ես շատ պարզ ու հստակ մոտեցում ունեմ այդ հարցում՝ մեր երկրի իրողությունը, մեր ազգ-բանակ մարտահրավերը բացարձակ չեն կապվում ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Մեր ժողովրդի հազարամյա պատմությունը մեզ պետք է սովորեցրած լինի, որ անկախ նրանից, թե այսօր ինչ մարտահրավեր ունենք, խնդրի ժամանակ մենք համախմբվում ենք»:

Ավետիք Իշխանյանը հարցրեց՝ Գեւորգյան ճեմարանի սովորողները փաստորեն օրենքից դո՞ւրս են՝ բանակում ծառայելու տեսանկյունից:

Նախարարը պատասխանեց, որ Գեւորգյան ճեմարանի ծառայությունը օրենքից դուրս չէ, օրենքով սահմանված է դա. «Կառավարությունը որոշումներ է ընդունել հոգեւոր ճեմարանների սաներին տարկետում տալու մասին: Ես Վեհափառ հայրապետի հետ քննարկելու եմ հարցը, ինչպես անել, որ հոգեւոր ճեմարանը եւս չդառնա բացառություն, ինչպես անել, որն նրանք էլ իրենց ծառայությունը մատուցեն բանակին, դա կարող է լինել նաեւ հոգեւոր ծառայություն, որի կարիքը կա բանակում»:

Ավետիք Իշխանյանը նաեւ հարցրեց՝ «Բանակ-եկեղեցի» հայեցակարգն է գործում եւ շատ դժգոհություններ կան աթեիստների, ոչ առաքելական եկեղեցու հետեւորդների կողմից, որ նրանց ստիպում են բանակում աղոթել, խաչակնքվել եւ այլն: Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Ես քաղաքական գործիչ եմ, նախարար եմ՝ նշանակված մեծամասնություն  ձեւավորած քաղաքական ուժի կողմից: Օրենքի շրջանակներում, ես որպես Առաքելական սուրբ եկեղեցու հետեւորդ, որպես մարդ, որը համարում է, որ մեր ազգի պատմության մեջ, անելու եմ ամեն ինչ, որ բանակի կապը եկեղեցու հետ լինի այնքան ամուր, ինչքան հնարավոր է: Վեհափառ հայրապետի ամենօրյա ջանքերը հոգեւոր արժեքների սերմանելու ուղղությամբ, բանակում տվել են եւ տալու են իրենց արդյունքը: Մենք անպայման շարունակելու ենք ուժեղացնել այդ ինստիտուտը: Ես չունեմ դեպք բանակում աղոթել ստիպելու եւ նամանավանդ՝ մկրտվելու: Եթե ունեք նման դեպք՝տվեք, ես շատ հետեւողական կպատժեմ մարդկանց, ովքեր օրենք են խախտում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031