Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Շարմազանովը խոստովանում է՝ ՀՀԿ-ի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ ՀՀ-ն դարձել է ոչ ունակ սեփական ռեսուրսներով իրեն պաշտպանել»

Հոկտեմբեր 04,2017 18:00

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիտարկմամբ, «Հայաստանը միայնակ չի կարող իրականացնել իր պաշտպանությունը» ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այս հայտարարությունը համարձակ ու պատասխանատու հայտարարություն է, որի համար պետք ներկայացվեն համարժեք ու լուրջ հիմնավորումներ:

«Ինչու, ինչն է պատճառը, որ Հայաստանը չի կարող ապահովել իր պաշտպանությունը: Խոսքը վերաբերում է ոչ միայն նյութական, տեխնիկական, մարդկային ռեսուրսներին, այլեւ քաղաքական, դիվանագիտական, էներգետիկ ռեսուրսներին: Պաշտպանություն հասկացողությունը բազմաչափ է, երբ տրվում է նման գնահատական, որ պետությունը չի կարող իր պաշտպանությունն ապահովել իր ռեսուրսներով, ապա նման հայտարարություն անողը պարտավոր է նախ եւ առաջ ներկայացնել հիմնավորումներ»,- Aravot.am-ին ասաց Արթուր Սաքունցը:

Ըստ նրա՝ Շարմազանովը ներկայացնում է մի կուսակցություն, որն առնվազն քսանհինգ տարի իշխանություն է ունեցել Հայաստանում. «Շարմազանովը խոստովանում է՝ ՀՀԿ-ի՝ որպես կառավարող քաղաքական ուժի, քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանը դարձել է ոչ ունակ սեփական ռեսուրսներով իրեն պաշտպանել, սա դատավճիռ է եւ ոչ միայն փաստ: Սա ենթադրում է նաեւ պատասխանատվության ենթարկում այդ իրավիճակի համար, որ պետությունն ի վիճակի չէ իրեն պաշտպանել: Երբ ամիսներ առաջ ներկայացվում էր ազգ-բանակ հայեցակարգը, հղում էին կատարում Շվեյցարիային, որը բոլորովին այլ անվտանգության իրավիճակում է գտնվում եւ Իսրայելին, որն իր չափերով, մարդկային ռեսուրսներով, քանակով, որակով լրիվ այլ իրավիճակում է:

Եթե որեւէ մեկն այսօր Իսրայելի քնեսեթում, առավել եւս փոխխոսնակը հանդես գա նման հայտարարությամբ, նրա համար կլինի քաղաքական մահ՝ համարժեք հետեւանքներով ու անպայման կսկսվի քննություն նրա այդ հայտարարության հիման վրա, դրա պատճառների բացահայտման ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Իսկ այն առաջարկը, որ իբր Հայաստանը չի կարող ապահովել իր պաշտպանությունը ու միակ տարբերակը հայ-ռուսական միացյալ զորքերի ստեղծումն է, ապա դա առավել քան վկայում է, որ ՀՀ քաղաքական իշխանությունը ամբողջովին իր երկրի պաշտպանության գործառույթը հանձնում է մի պետության, որն ակնհայտորեն անթաքույց ագրեսիա է իրականացրել հարեւան Վրաստանի նկատմամբ, ագրեսիա է իրականացնում Ուկրաինայի նկատմամբ, ագրեսիայի է ենթարկել Ուկրաինայի մի տարածքը՝ հանձին Ղրիմի թերակղզու, ու սպառնալիքներ է հղում հարեւան պետություններին, իսկ դա նշանակում է, որ դու քո անվտանգությունը վստահում ես մի պետության, որը վտանգավոր է իր բովանդակությամբ ու ոչ թե հանդիսանում է պաշտպանության նկատմամբ մարտահրավերների կանխողը, այլ ինքն է հենց մարտահրավեր հանդիսանում: Դա նման է, երբ զոհն ինքնաբերաբար մտնում է գիշատիչի երախը: Սա անպատասխանատու, պետական գործառույթներից հրաժարվելուն ուղղված գործողություն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031