Aravot.am-ի տեղեկություններով, Ավշար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Խաչիկ Տերտերյանը, որն այսօր ձերբակալվել է նախօրեին չինուհուն բռնաբարելու կասկածանքով, երկար տարիներ բնակվում էր ՌԴ-ում: Նա ամուսնացած է ռուս կնոջ հետ, ունի մեկ որդի: Խաչիկ Տերտերյանը վերջերս է վերադարձել Հայաստան, զբաղվում էր հողագործությամբ:
Նրա եղբայրը՝ Վազգեն Տերտերյանը, մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունները, ասաց. «Որ ճիշտն ասեմ, ես տեղյակ էլ չեմ, ինչ կապ է ունեցել այդ չինուհու հետ, ինքը դաշտում է եղել, ինչքան գիտեմ՝ այդ աղջիկը բողոք չունի: Եղբայրս նոր էր եկել Հայաստան: Ինքը դաշտում է եղել, հող է մշակում, մայրուղու վրա էլ առեւտուր է անում, չգիտեմ՝ տաքսի վարել է, թե չէ: Ես ուրիշ տեղեկություններ չունեմ: Նորություն էր սա ինձ համար, հավանական է, որ իրար հետ կապ էլ չեն ունեցել»:
Հիշեցնենք, որ բռնաբարության դեպքով արդեն քրեական գործ է հարուցվել: Պարզվել է՝ հոկտեմբերի 1-ին՝ կեսօրին, Տերտերյանը Փոքր Վեդի գյուղի տարածքում գտնվող Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտից Երևան տանելու նպատակով իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Յու Լուն Չունին տարել է Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Վայրի կենդանիների փրկարարական կենտրոն» կոչվող տարածք, որտեղ էլ փորձել է բռնի ուժով, հակառակ Յու Լուն Չունի կամքին սեռական հարաբերություններ ունենալ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ