Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը պնդում է, որ եղբորորդին ստում է, որ ինքը եղբոր թաղման օրը գողացել է նրանց տան, գույքի փաստաթղթերն ու հարսի ոսկե թեւնոցը:
Արամ Սիմոնյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ եղբոր մահից հետո ՌԴ-ից եկել է եղբոր թաղման արարողությունը կատարելու. «Իմ ձեռքին կար մոտ 1500 դոլար արարողությունն անցկացնելու համար, չգիտեմ՝ իր նշած թեւնոցն ինչ պետք է արժենար, որ ինձ համար մի բան նշանակեր կամ իր նշած մակուլատուրան: Տան դուռը, որ փակել էին, բանալին տվել էին հորեղբորս տղային, երկու ամիս է անցել, երկու ամիս հետո նո՞ր են հիշում, որ այնտեղից բան է պակասել: Այդ էժան խոսակցություններին չեմ ուզում մասնակցել, ես չեմ սկսել այս շոուն: Ինձ համար ոսկի, գումար ոչ մի նշանակություն չունեն: Ինձ համար տղայիս առողջությունն ավելի կարեւոր է, դրա համար ես թաղման արարողությունից հետո հեռացա՝ ինձ հետ տանելով եղբորս արյունոտ համակարգիչը»:
Արամ Սիմոնյանը շարունակում է պնդել, որ այդ համակարգչում շատ կարեւոր ու սկանդալային ձայնագրություններ կան, որոնք իր եղբայրն է կատարել կենդանության օրոք: Մեր դիտարկմանը, թե ձեր հայտարարություններն այլեւս հավատ չեն ներշնչում, որովհետեւ ձեր խոստացած ժամկետում՝ ձեր եղբոր մահվան քառասունքին այդպես էլ չհրապարակեցիք, պարոն Սիմոնյանն ասաց՝ որոշել է հրապարակել, երբ նախաքննությունն ավարտվի, ու գործը մտնի դատարան. «Միայն դատերին կներկայացնեմ»:
Նա նաեւ ասաց, որ եղբորորդուն՝ Նորիկին, ինքն է անձամբ պաշտպանել, երբ ոստիկանները եղբոր սպանությունից հետո եկել էին նրան ոստիկանություն տանելու. «Ես եմ նրան պահել թիկունքիս հետեւում ու ասել՝ ոչ մի տեղ, մինչեւ թաղումը չավարտվի, հետո ասացին՝ մի քանի թուղթ կա, թող գա, ստորագրի, հեսա կգա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ