Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը հստակեցնում է դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

Սեպտեմբեր 27,2017 15:00

Ապրիլյան պատերազմն ու Ադրբեջանի կողմից քարոզվող հայատյացությունը, առավել քան տրամաբանական է, որ պետք է հանգեցնեին հայկական կողմերի դիրքորոշումների հստակեցմանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Դա բավական հստակ արտահայտվեց սեպտեմբերի 18-ին Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի, իսկ հետո նաև սեպտեմբերի 19-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկու ելույթներում:

Ուշագրավ և կարևոր է, որ հավատարիմ մնալով արտաքին քաղաքական կարևորագույն հարցերը համահայկական հարթակներում քննարկելու ձեռագրին՝ Սերժ Սարգսյանը  Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր  մոտեցումները  նախ ներկայացրեց Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի ընթացքում և հետո միայն բարձրաձայնեց ՄԱԿ ԳԱ միջազգային ամբիոնից:

Նախագահի հիմնական ուղերձը կայանում է նրանում, որ Ադրբեջանի պահվածքը ստիպում է հայկական կողմերին գնալ հստակեցման և ավելի կոնկրետ սահմանել փոխզիջման սկզբունքները: Իսկ դրանք երկուսն են՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումը և Արցախի անվտանգության երաշխավորումը:

Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի ընթացքում ՀՀ նախագահն ընդգծեց, որ «չի կարող լինել որևէ կայուն խաղաղություն, մինչև Ադրբեջանի ղեկավարությունը չհամակերպվի միջազգային հանրության կողմից ամրագրված սկզբունքների գոյության հետ», իսկ ամենակարևոր սկզբունքներից մեկը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի իրացումն է: Այդ սկզբունքը վերջին տարիներին մշտապես եղել է Հայաստանի և Արցախի դիրքորոշման հիմնասյունը: Սակայն առավել ուշագրավ է այն, որ ՀՀ նախագահը ՄԱԿ ԳԱ իր ելույթում նշեց, որ «կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է՝ Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի»: Այս կերպ ՀՀ նախագահը հստակ ամրագրեց, որ Արցախի ինքնորոշումը, այսինքն՝ անկախությունը, արդեն կայացած փաստ է, և դրանից նահանջ հնարավոր չէ:

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի: Այս հարցում ես արտահայտում եմ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ աշխարհի հայության միասնական տեսակետը: Այս ուղերձը ես բերում եմ Երևանից, որտեղ այս օրերին կայանում է Հայաստան-Սփյուռք համաժողովը»,- ասվում է ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ժամանակ արված նախագահի ելույթում:

Զուգահեռաբար, հաշվի առնելով Ադրբեջանի վայրագությունները, իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքն ու սեփական երիտասարդությանը ներարկվող հայատյացությունը, ՀՀ նախագահը միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրեց Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների կարևորության վրա՝ ընդգծելով, որ «արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով»:
Հայաստանն ու Սփյուռքը մշտապես առավելագույն աջակցություն են ցուցաբերել Արցախի զարգացմանը և մեկուսացման հաղթահարմանը: ՀՀ նախագահը համահայկական համաժողովի ընթացքում իր երախտագիտությունը հայտնեց դրա համար և արդեն ողջ հայության անունից միջազգային բարձր հարթակում հայտարարեց, որ «Հայաստանը հետևողականորեն նպաստել և նպաստելու է Արցախի ժողովրդի կյանքի բարելավմանը, նրա կայուն և ժողովրդավարական զարգացմանը»:

Որպես համահայկական միասնական դիրքորոշում՝ միջազգային հանրության համար ևս մեկ անգամ ամրագրվեց, որ Արցախի մեկուսացումն անթույլատրելի է, և Ադրբեջանի ջանքերն այս ուղղությամբ անօգուտ են: Արցախի չճանաչվածությունը չի կարող խոչընդոտել նրա զարգացմանը, ժողովրդավարացմանը և այնտեղ ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությանը: Ու այդ հարցում Արցախը ստանում և ստանալու է ողջ հայության աջակցությունը: Իսկ ավտորիտար ու ռազմատենչ Ադրբեջանը չի կարող հավակնություններ ունենալ իրենից անհամեմատ ավելի ժողովրդավար Արցախի հանդեպ:

Փաստացի, ՀՀ նախագահը բարձրաձայնեց, որ հայկական կողմերը, հավատարիմ մնալով հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ լինելով քննարկել դրա ապահովման ուղիները, չեն պատրաստվում տրվել Ադրբեջանի շանտաժին և անելու են ամեն բան արցախցիների հիմնարար իրավունքները պաշտպանելու համար: Հայաստանը շարունակելու է բանակցել Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման շուրջ, բայց չի պատրաստվում զիջման գնալ կարգավիճակի հարցում: Հայկական կողմերը շարունակելու են հավատարիմ մնալ քաղաքական կարգավորմանը, բայց անելու են ամեն ինչ Արցախի զարգացման ու միջազգային կապերի ընդլայնման համար: Հայաստանն ու Արցախը շարունակելու են քննարկել կարգավորման տարբերակները, բայց Արցախի անվտանգությունն առաջնային է լինելու:

ՀՀ նախագահի կողմից արված այս շեշտադրումները կարող են ընկալվել որպես դիրքորոշման կոշտացում, բայց իրականում դրանք ավելի շատ հստակեցում են, որոնց անհրաժեշտությունը թելադրված է բանակցային գործընթացը վերսկսելու միջնորդների ջանքերին զուգահեռ Ադրբեջանի շահարկումներով:

Աննա Կարապետյան

«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930