Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական ռազմաբազայի ջոկի հրամանատարի գլուխն են ջարդել. նոր մանրամասներ՝ ռուս ծառայակիցների ծեծկռտուքից

Սեպտեմբեր 11,2017 15:45

Երեկ Գյումրու «Մուշ» թաղամասում՝ Հալաբյան փողոց թիվ 3 շենքի բակում ծեծկռտուք էր տեղի ունեցել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայակիցներ՝ ջոկի հրամանատարներ 23-ամյա Վլադիսլավ Կռասովսկիի, 22-ամյա Վիկտոր Յուդինի, 26-ամյա Նուրսուլթան Գիզատուլաևի և 26-ամյա Յուրի Նիկոլաևի միջև:

Ոստիկանությունից Aravot.am-ին փոխանցեցին, որ ծեծկռտուքը նկատել ու կանխել են տեղում հսկողություն իրականացնող ոստիկանները՝ «Մուշ» բաժնի պարեկապահակային դասակի ծառայողները: Ոստիկանների մոտենալու ժամանակ 3-ը դիմել են փախուստի, մեկին՝ 26-ամյա Յուրի Նիկոլաևին հայտնաբերել են գետնին ընկած: Ըստ տեղեկությունների, վերջիններս եղել են հարբած վիճակում:

Յուրի Նիկոլաևին տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն՝ մարմնական վնասվածքներով: Ի դեպ, հիվանդանոցից ևս փաստեցին, որ նա եղել է խմած: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, վերջինիս հիվանդանոց են տեղափոխել փակ գանգուղեղային վնասվածքով, մաղոսկրի կոտրվածքով (գանգի հիմ, առաջնային գանգափոս), գլխուղեղի սալջարդով, թեթև աստիճանի աջ վերին կոպի սալջարդով, արյան զեղումով:

Դեպքի մասնակից ջոկի հրամանատարները ոստիկանությունում բացատրություն են տվել: Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, Գյումրու «Մուշ» թաղամասի շենքերից մեկում ռազմաբազայի ջոկի հրամանատարները նստել, միասին կերուխումի են մասնակցել, հետո որոշել են շարունակել կերուխումը մեկ այլ վայրում: Դուրս գալով շենքի բակ՝ սկսել են տարբերակներ քննարկել՝ ուր գնալ, ամեն մեկը մի տեղ է ուզել, վերջիններիս միջև անհամաձայնություն է սկսվել, որն էլ վերածվել է ծեծկռտուքի: Նրանից մեկը՝ Գիզատուալևը խփել է Յուրի Նիկոլաևին: Նրան գետնի վրա հայտնաբերած ոստիկանները տեսել են, որ արյունահոսում է, շտապօգնություն են կանչել՝ նրան տեղափոխել Գյումրի բժշկական կենտրոն:

Ի դեպ, Նուրսուլթան Գիզատուալևը իր ցուցմունքում նշել է, որ ընդամենը խփել է Յուրի Նիկոլաևի աչքին, մինչդեռ, ըստ բժիշկների, գլխի լուրջ վնասվածքներ է ստացել:

Ընթանում է հետաքննություն՝ պարզելու, թե մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողը վա՞յր է ընկել, թե՞ գլուխը ջարդվել է ծեծի ենթարկվելուց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930