Ինչպես հայտնի է, «Ելքն» առաջարկել է ռուս բոլշեւիկների, կոմունիստների անուններով փողոցները, դպրոցները վերանվանել, ինչը քննարկումների տեղիք է տվել:
Այսօր պատմաբան, քաղաքագետ Արեգ Քոչինյանը «Սպուտնիկ Արմենիա» ակումբում անդրադառնալով առաջարկին՝ ասաց, որ մտավախություն կա, որ մեր ռազմավարական դաշնակցի, ՌԴ-ի հետ հարաբերությունները դրանից կփչանան ու կվարկաբեկվեն. «Ես այդ տեսակետը չեմ կիսում, որովհետեւ ՌԴ-ն, անշուշտ, ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է, բայց ՌԴ-ն Խորհրդային միությունը չէ, բոլշեւիկյան Ռուսաստանը չէ: Մենք, նորմալ հարաբերություններ պահպանելով ՌԴ-ի հետ, պետք է կարողանանք գնահատական տալ խորհրդային անցյալին, մասնավորապես՝ ստալինյան շրջանին»:
Այնուամենայնիվ, պատմաբանը գտնում է, որ «Ելք» դաշինքի առաջարկը ժամանակավրեպ է, դեռ քննարկումներ են պետք. «Պետք է ոչ թե հիմա լիներ՝ հանկարծակի մի օր որոշեին, այլ երկարատեւ գործընթացի արդյունք պիտի լիներ: Սա կարող է լինել քննարկումների մեկնարկը»:
Արեգ Քոչինյանը նկատեց, որ այն մարդիկ, ում մասին խոսքը գնում է՝ Կասյանը, Միկոյանը, ՀՀԿ-ի գաղափարախոսի՝ Նժդեհի եթե չասենք ոխերիմ թշնամիներն էին, առնվազն նրա հակառակորդներն էին. «Առնվազն այն մարդիկ էին, ում գործունեության արդյունքով է պայմանավորված Նժդեհի բանտարկումը եւ մահը, բայց ՀՀԿ-ից ճիշտ է, չի եղել պաշտոնական պարզաբանում, բայց ինչքանով տեսնում եմ ավագանու անդամների հայտարարությունները, ընդհանուր առմամբ դեմ են: ՀՀԿ-ի կողմից այդպիսի մոտեցում կա, ինչը պայմանավորում եմ ՌԴ-ի մոտեցման հետ: ՌԴ-ն բավականին սվիններով է ընդունում ցանկացած լյուստրացիայի գործընթաց հետսովետական հանրապետություններում եւ այդ մտավախությունը կա իշխող ՀՀԿ-ի մոտ»:
Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելուն, Արեգ Քոչինյանը գտնում է, որ այդ մտավախությունը տեղին չէ, եթե ՌԴ-ի հետ ճիշտ աշխատանք տարվի, հեշտ կարելի է ասել, որ սա ուղղված չէ մեր ստրատեգիական դաշնակցի դեմ. «Փայլուն օրինակներ կան՝ Երեւանում կար Ազիզբեկովի հրապարակ, որը Սախարովի անունով վերանվանվեց՝ ռուս գործիչ, ում գործունեությունը չէր հակասում մեր կառուցած համակարգի տրամաբանությանը: Սա բավականին լավ ապացույց կարող է լինել: Եթե Լենինգրադյան փողոցը Պետերբուրգյան փողոց լինի, էլի կփարատվի իշխող կուսակցության մտավախությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ