Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասյանը, Միկոյանը ազգադավ կամ դավաճան չէին, համակարգը տեռորի, մսաղացի վրա հիմնված էր». Արեգ Քոչինյան (Տեսանյութ)

Օգոստոս 21,2017 14:05

Չի կարելի մարդկանց կարծիքը հաշվի չառնել՝ փողոցները անվանափոխելիս: Փողոցային հարցումները նայում եմ՝ մարդիկ կամ հետաքրքրված չեն այդ անուններով, կամ դեմ են անվանափոխությանը: Այդ մարդիկ տեղյակ չեն, թե ովքեր են այդ գործիչները եւ ինչու է պետք այդ փողոցները վերանվանել»:Պատմաբանը գտնում է, որ պետք է հասնել նրան, որ Կասյան փողոցի բնակիչը ինքը պահանջի, որ այդ փողոցը վերանվանվի:

Պատմաբան, քաղաքագետ Արեգ Քոչինյանն այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում անդրադառնալով «Ելքի»՝ ռուս բոլշեւիկների, կոմունիստների անուններով փողոցները, դպրոցները վերանվանելու առաջարկին՝ ասաց, որ փողոցների անունները փոխելը շարունակական գործընթաց է: ՀՀ-ում այս ոլորտի կարգավորումը անկախության տարիներից ի վեր սկսվեց, երբ Լենինի հրապարակը վերանվանվեց եւ արձանն էլ տապալվեց հրապարակում: Այն ամենը, որ մենք այսօր ականատես ենք, անկախացման տարիների բացթողումների արդյունքն էր: Ժամանակին, ըստ պատմաբանի, կիսատ են թողել, հասկանալի է, այն ժամանակ պատերազմ էր:

Արեգ Քոչինյանը վկայակոչեց Կասյանի նամակը՝ ուղղված հայ բոլշեւիկներին, որտեղ նա կոչ էր անում սպանել հայ սպաներին, գնդակահարել եւ օգնել եղբայրական Թուրքիայի բանակին առաջ շարժվել դեպի Հայաստանի խորքերը: Նա նաեւ խոսեց Միկոյանի նամակի մասին՝ ՆԳ նախարարին, որտեղ խնդրում էր միջնորդել Ստալինի առջեւ Հայաստանին վիճարկված գնդակահարելու քվոտան ավելացնելու եւ ավելի շատ մարդ գնդակահարելու: Բայց պատմաբանի խոսքերով՝ «Ես հեռու եմ այն տեսակետից, որ նրանք ազգադավ կամ դավաճան մարդիկ էին, խնդիրը համակարգի մեջ էր: Այս մարդկանց փոխարեն ով էլ լիներ՝ իրավիճակը, երեւույթը չէր փոխվելու, որովհետեւ համակարգն էր այդպիսին, համակարգը տեռորի, մսաղացի վրա հիմնված համակարգ էր, որտեղ կամ մարդիկ ոչնչացվում էին, կամ ոչնչացնում, ոչնչացվելուց հետո էլ հաճախ ոչնչացվում»:

Ըստ Արեգ Քոչինյանին, այդ մարդկանց պետք է դատել իրենց ժամանակով: Ինչ վերաբերում է փողոցների վերանվանմանը, որպես երիտասարդ պատմաբան, նա առողջությամբ կողմ է այդ գործընթացին, սակայն, նրա կարծիքով, դա լյուստրացիայի հերթական քայլերից է. «Չի կարելի մարդկանց կարծիքը հաշվի չառնել՝ փողոցները անվանափոխելիս: Փողոցային հարցումները նայում եմ՝ մարդիկ կամ հետաքրքրված չեն այդ անուններով, կամ դեմ են անվանափոխությանը: Այդ մարդիկ տեղյակ չեն, թե ովքեր են այդ գործիչները եւ ինչու է պետք այդ փողոցները վերանվանել»:

Պատմաբանը գտնում է, որ պետք է հասնել նրան, որ Կասյան փողոցի բնակիչը ինքը պահանջի, որ այդ փողոցը վերանվանվի, քանի որ դա է ժողովրդավարական հասարակությունը: Վերեւից ներքեւ պահանջների միջոցով ազատական հասարակություն չի կառուցվում:

Aravot.am-ի հարցին՝ Դուք խոսեցիք Կասյանի նամակի մասին, բայց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը պնդում է, որ այդ նամակը կեղծ է, նման փաստաթուղթ իրականության մեջ չի եղել, ինչպե՞ս կմեկնաբանեք դա՝ պատմաբանը պատասխանեց, որ այդ խնդիրը լուծելու համար պատմագիտական կոմիտե է պետք. «Ով է լինելու այն դատավորը, որ պետք է ասի՝ որ փողոցը վերանվանել, որը՝ ոչ: Փաստաթղերի կեղծ կամ օրիգինալ լինելը եւ գործիչներին գնահատական տալը ոչ թե մեկ օրվա գործ է, դա կոմիտե ստեղծելու, քննարկումներ ունենալու երկարատեւ գործընթաց է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031