«Իրավունքի ուժ» հ/կ համահիմնադիր Արման Ղարիբյանի տեղեկություններով, Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականն իսկապես բռնություններ է կատարել կնոջ նկատմամբ: Մարզպետի խորհրդականին ճանաչողները հ/կ-ի համահիմնադրին պատմել են, որ ամուսինը կնոջն օր ու արեւ չէր տալիս:
Մեր հարցին, թե խտրական վերաբերմունք չէ՞, երբ բռնություն կատարած տղամարդուն դատապարտում են, իսկ կնոջն արդարացնում՝ հաշվի առնելով, որ տվյալ դեպքում կինն էլ ամուսնու նկատմամբ է բռնություն կատարել՝ քնած ժամանակ կացնահարելով նրան, Արման Ղարիբյանը պատասխանեց. «Խտրականության մասին կարող էր խոսք գնալ, երբ երկու հավասար սուբյեկտներ հավասար պայմաններում նույն արարքն են արել և արժանացել են տարբերակված վերաբերմունքի: Այնինչ, մենք չունենք հավասար սուբյեկտներ, քանի որ կանայք Հայաստանում շատ ավելի խոցելի են, քան` տղամարդիկ: Բացի այդ, եթե կինը լիներ բռնարար, տարիներ շարունակ ծեծեր ամուսնուն և մի օր էլ հերթական ծեծի ժամանակ սպաներ, ապա եթե նրան արդարացնող լիներ,այդ դեպքում կարող էինք ասել, որ սա խտրականություն է: Այնինչ, ըստ գործի նյութերի, կինը ստիպված է եղել այդ քայլի գնալ:
Եվ պետք չէ նրան համեմատել որևէ բռնարար տղամարդու հետ, ով պարբերաբար ֆիզիկական բռնություն է կիրառում իր ընտանիքի անդամների նկատմամբ
Կարծում եմ այս դեպքը առիթ կդառնա, որ թե՛ հասարակությունը, թե՛ իշխանությունները գիտակցեն, որ ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումն ուշացել է: Մենք վաղուց կարիք ունեինք այդ օրենքի: Թեև ես միշտ ասում եմ, որ միայն օրենքը բավարար չէ: Պետք է վերապատրաստվեն ոստիկանության, քննչական մարմնի, դատախազության և դատական համակարգի ներկայացուցիչները, պետք է լինի քաղաքական կամք՝ կանանց բռնությունից պաշտպանելու համար, և պետք է քայլեր ձեռնարկվեն հասարակությունում առկա կարծրատիպերը փոխելու ուղղությամբ:
Քանի դեռ այս պայմաններն ապահովված չեն, հնարավոր է, որ այսպիսի դեպքերը կրկնվեն»:
Արման Ղարիբյանի համոզմամբ, բռնության ենթարկված կնոջ կողմից ամուսնու սպանության գործի քննարկման ընթացքում մի կարևոր հանգամանք դուրս է մնացել ուշադրությունից. «Կինը դիմել է ինքնադատաստանի, քանի որ պետությունը նրան չի պաշտպանել: Ընտանեկան բռնության քննվող գործերն ապացուցում են, որ պետությունը չի կատարում իր դրական պարտականությունը և չի պաշտպանում կանանց բռնությունից: Այնպես որ, տեղի ունեցածը ինչ-որ իմաստով նաև բնական է: Երբ չի գործում օրենքը, մարդիկ դիմում են ինքնադատաստանի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ