Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Դսեղն ու Թումանյանի տուն-թանգարանը նորովի կներկայանան զբոսաշրջիկներին (Ֆոտոշարք)

Հուլիս 18,2017 14:46

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն աշխատանքային այցով եղավ Լոռու մարզի Դսեղ գյուղում: Այցի նպատակն էր ծանոթանալ նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին:

Հունիսի 26-ից Դսեղում մեկնարկել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների սիմպոզիումը: Ընտրվեցին թումանյանական թեմայով երիտասարդ քանդակագործների 12 էսքիզները, որոնք գրեթե գտնվում են ավարտման փուլում:

Նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացավ, որ հատվել են թուն-թանգարանի բակում գտնվող ծառերը: Այսօր այդ ծառերի կոճղերը եւս վերափոխվել են Թումանյանի հերոսներով:

Քանդակների ստեղծման համար նախարարության կողմից հատկացվել է 12 միլիոն դրամ:

«Ֆինանսական միջոցները, որոնք տրամադրվեցին այս աշխատանքներն իրականացնելու համար, այս պահին մեզ համար թերեւս դժվար էր տրամադրելը, որովհետեւ այլ ծրագրերից էինք կտրել փոքր կտորներով, որպեսզի կարողանայինք ապահովել այդ գումարը: Այնուամենայնիվ այն արդյունքը, որը ստացանք, կարծում եմ շատ ավելին արժե, քան տրամադրված գումարները»,-ասում է Արմեն Ամիրյանը:

Շուտով ավարտին կհասցվի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարակից տարածքում իրականացվող ենթակառուցվածքների շինարարությունը, որոնց իրականացման համար 8 միլիոն դրամ հատկացրել է ամերիկահայ բարերար, երաժիշտ Աշոտ Տիգրանյանը: Տարածքը հիմնականում կծառայի որպես բաց ցուցասրահ, կգործի նաեւ հուշանվերների կրպակ, կկառուցվի սանհանգույց, սրճարան:

Դսեղում գտնվող տուն-թանգարանն այցելուների պակաս չի ունենում: Այստեղ զբոսաշրջիկներ են գալիս տարվա բոլոր ամիսներին: Թանգարանը մշտապես հարստացվում հուշանվերներով: Սակայն սանհանգույցի բացակայության պատճառով զբոսաշրջիկների կողմից մշտապես դժգոհություններ են ստանում:

«Հարակից տարածքում կար մի հարեւան տուն, որտեղ այդ ծառայություններն իբր մատուցվում էին: Տարիներ շարունակ մենք չկարողացանք գանք ընդհանուր հայտարարի եւ այդ տարածքը ձեռք բերել, որպես Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի սեփականության մի մաս: Փառք Աստծո, մշակույթի նախարարությունն այդ խնդիրը կարգավորեց»,- ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Մարզի ղեկավարը կարծում է, որ այս փոփոխություններն ու ծրագրերը դրական արդյունք կունենան զբոսաշրջության զարգացման համար. «Մենք շատ լավ գիտակցում ենք, որ տուն-թանգարան այցելությունները հիմնականում մեր ներքին տուրիզմի զարգացմանը կնպաստեն: Իսկ ինքնատիպ սիմպոզիումները, միջոցառումներն այցելուների քանակն ավելի կմեծացնի եւ Դսեղը հայտնի կդառնա բոլորի համար»:

Մշակույթի նախարարն ասում է, որ փորձելու են յուրաքանչյուր տարի որեւէ մեծանուն արվեստագետի ծննդավայրում կազմակերպեն նմանօրինակ սիմպոզիումներ: Նախատեսվում է այս տարի աշնանը Դսեղում կազմակերպել արդեն նկարիչների աշխատանքների սիմպոզիում: Այս անգամ էլ կստեղծվեն թումանյանական ստեղծագործությունների մոտիվներով նկարներ: Իսկ լավագույն գործերը կօգտագործվեն Թումանյանի 150-ամյակին նվիրված գրականության մեջ:

Այցի ընթացքում քննարկվեց նաեւ տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն Արմենուհի Թումանյանի գերեզմանի տեղափոխման հարցը. «Թերեւս գերեզմանի այստեղ գտնվելը ժամանակին արդարացված է եղել: Բայց այսօր պետք է խոսել ազգականների հետ, գտնել լուծում եւ ճիշտ որոշում կայացնել»,-ասաց Արմեն Ամիրյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31