Լրահոս
Օրվա լրահոսը

Արգենտինահայերի փողերով ու հրեական փորձով գործարան՝ սահմանամերձ Բավրայում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 14,2017 20:54

Այսօր Վրաստանին սահմանամերձ Բավրա գյուղում (Շիրակի մարզ) բացվեց  հնդկացորենի վերամշակման «Նոր հատիկ» անվանված գործարանը; Այն կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ENPARD) շնորհիվ, արգենտինահայ երեք հայրենասեր ընտանիքների՝ Դեվեճիէանների, Էսերճիէանների և Շիմշիրօղլուների ֆինանսավորմամբ։ Սարքավորումներն ապահովել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման UNIDO կազմակերպությունը։

Նշենք, որ մեր երկիրը մինչ այժմ չուներ հնդկաձավարի սեփական արտադրություն, այն ներկրվում էր  դրսից։

Բավրայի գործարանը համախմբում է Շիրակի, Լոռու ու Արագածոտնի մարզերից 28 կոոպերատիվների։ Դրանք միավորվելով՝ ստեղծել են  «Նոր հատիկ» կոոպերատիվը։ Այդ կոոպերատիվի նախագահ, Բավրայի նախկին գյուղապետ Կորյուն Սումբուլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե սկսեն աշխատել ամբողջ ծավալով, ապա  գործարանը 22 աշխատակից կունենա,  ևս 4000-5000 մարդ էլ կներգրավվեն գործարանի աշխատանքներում՝ հումք ապահովելով։ Մեր զրուցակիցը վստահ է` եթե գյուղացին եկամուտ ստանա, հաստատ չի հրաժարվի նոր մշակաբույս աճեցնելուց։ «Իրենց մոտ դեռ հին ինֆորմացիան է` չի ստացվի ու վերջ, բայց ստացվում է ու շատ լավ է ստացվում»,-ասում է Կորյուն Սումբուլյանը։

Կորյուն Սումբուլյանի հաշվարկներով, հանրապետությունում կա 8000 տոննա հնդկաձավարի պահանջարկ, իսկ իրենք առայժմ արտադրել են 800 տոննա։ Գինը, պարոն Սումբուլյանի ասելով, արհեստականորեն չեն նվազեցնի։ «Էնպես չէ, որ մենք արհեստականորեն, մնացածների նման իջեցնելու ենք արժեքը, որ ցանողին ձեռք չտա,  և էնպես չենք անելու, որ գերշահույթ ապահովենք, սպառողն էլ տուժի։ Մենք ձմեռ, թե գարուն մոտավորապես 500 դրամը չենք թողնելու գերազանցի, այլուր ենք արտադրելու, կանաչ հնկաձավար ենք արտադրելու»,- ասաց Կորյուն Սումբուլյանը։

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ իր ելույթում  նշեց, որ 3 մարզերում աճեցված 350 հեկտար հնդկացորեն  է վերամշակվում գործարանում, ու մեծ քայլ է կատարվում գյուղատնտեսության էական բարեփոխումների ճանապարհին։ «Եթե  մենք կարողանանք զարգացնել հնդկացորենի մշակումը Հայաստանում, գոնե մեր մարզում և կարողանանք հնդկացորեն արտադրողներին և հնդկաձավար մշակողների համար մեծ դաշտ ստեղծել, խրախուսել նրանց, ապա կարելի է բնակիչների համար ստեղծել եկամտի էական աղբյուր, որ մարդը հողից իրոք կարողանա եկամուտ ստանա, հողը լինի մարդու եկամտի աղբյուրը, ոչ թե՝ լավ չլինի, խոպանը կա ու կա»,- ասաց Շիրակի մարզպետը։

Վերջինս հույս հայտնեց, որ այնպիսի հաջողության կհասնեն, որ յուրաքանչյուր հայ խանութ մտնելիս ցանկություն հայտնի գնելու Հայաստանում աճեցված, մշակված հնկաձավարը։

Արգենտինահայ բարերար Նշան Դեվեճիէանն էլ իր ելույթում նշեց, որ ուսումնասիրել է հրեաների փորձը, որոնք հաջողության են հասել կոոպերատիվներ ստեղծելով, կողք-կողքի կանգնելով ու աշխատելով։ «Ես կուզեմ, որ այս նման ըլլա այն բոլոր ընտանիքներուն, ուր ամենը իր իրավունքը ունենա»,- ասաց պարոն Դեվեճէանը։

Բարերարները՝ Նշան Դեվեճիէանը,Պողոս Էսերճիէանը և Գրիգոր Շիմշիրօղլուն մեզ հետ զրույցում մեկ անգամ ևս նշեցին, որ իրենք փափագում են, որպեսզի հայերը գյուղատնտեսության ոլորտում գնան հրեաների ճանապարհով, քանի որ Իսրայելը գյուղատնտեսության ոլորոտում ամենամեծ հաջողություն ունեցող երկրներից մեկն է։ Նրանք խոստացան շարունակել համագործակցությունը հնկացորենի  վերամշակման արտադրամասի հետ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31