Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ եղավ ՀՀ-ի եւ Արցախի Հանրապետության միջեւ ռազմական փոխօգնության պայմանագիրը

Հուլիս 14,2017 16:30

Հարցազրույց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի
հանձնաժողովի փոխնախագահ Սամվել Ֆարմանյանի հետ

– Ի՞նչ ակնկալիքներ ունեիք ՀՀ-ի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից, եւ որքանո՞վ դրանք արդարացան: Դարձյալ չհաջողվեց Ադրբեջանին բերել բանակցությունների սեղանին, ի՞նչ պետք է անենք:

– Մենք ապրում ենք բարդ, ինչ-որ առումով խճճված, անկայուն եւ հարափոփոխ աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական շահերի բախման միջավայրում, որտեղ մաթեմատիկական որեւէ մոդելավորմամբ երկարաժամկետ եւ հաստատուն հաշվարկներ կատարելը գրեթե անհնար է: Առավել եւս, երբ այդ հարցերը վերաբերում են պատերազմի ու հաշտության խնդիրներին: Ինչո՞ւ եմ հարցի պատասխանը սկսում այդտեղից: Որովհետեւ պատերազմի, հաշտության ու խաղաղության հարցերը որքան շոշափում են հակամարտության կողմերի միջեւ կամ առաջնագծում առկա իրողությունները, նույնքան էլ առնչվում կամ ածանցյալ են վերոբերյալ հանգամանքներից: Սա իրականության մյուս երեսն է:

Մինսկի խումբը կատարում է իր առաքելությունը՝ հարցի կարգավորման այլընտրանք, քան սեղանի շուրջ հնարավոր պայմանավորվածություններն են, իրականում չկա: Այս պրիմիտիվ ճշմարտությունը հասկանում են բոլորը, անգամ Ադրբեջանում, որքան էլ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը օրական հարյուր անգամ հայտարարի հակառակի մասին կամ, սեփական քաղաքացիական բնակչությանը որպես վահան օգտագործելով, դիմի ռազմական արկածախնդրությունների: Նման հանդիպումները ես գնահատում եմ դրական, եւ Հայաստանի Հանրապետության մոտեցումները առավել քան հասկանալի են՝ մենք ցանկանում ենք եւ պատրաստ ենք բանակցային ճանապարհով, միջնորդների աջակցությամբ հասնել խնդրի դիվանագիտական համապարփակ հանգուցալուծման: Որպեսզի դա տեղի ունենա, նույնը նախ պետք է ցանկանա նաեւ Ադրբեջանը, իսկ մինչ այդ պետք է ապացուցի իր հավատարմությունը խնդրի խաղաղ հանգուցալուծմանը՝ կատարելով նախագահական վերջին երկու գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված համաձայնությունները, չհակադրի իրեն Մինսկի խմբի միջնորդներին, զերծ մնա առաջնագծում իրավիճակի լարումից, որոնք հանգեցնում են ողբերգական մարդկային կորուստների եւ այլն: Սա է: Իսկ քանի դեռ Ադրբեջանը այդ ամենը չի անում եւ սպառնում է պատերազմով, դիմում է սադրանքների, պետք է երկու բան անել՝ փորձել ավելացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա եւ բերման ենթարկել բանակցությունների սեղան, եւ երկրորդ՝ շարունակաբար արդիականացնել զինված ուժերը եւ հակառակորդին պատճառել անհամաչափ վնաս՝ անպատիժ չթողնելով նրա որեւէ հանդգնություն:

Իսկ երկարաժամկետ հեռանկարում պետք է կառուցել այնպիսի երկիր, որն իր հնարավորություններով եւ միջազգային վարքով համեմատության որեւէ եզր չունենա Ադրբեջանի հետ: Իմ պատկերացմամբ՝ ազատամարտում կռված հաղթանակի պատմական ամրագրման միակ իրական բանալին սա է:

– ՌԴ-ն շարունակում է սպառազինել Ադրբեջանին: Վերջերս տեղեկություններ եղան զենքի հերթական խմբաքանակի մատակարարման մասին` ՁԿհ-1Ը, հՏսվՓպտպՍ ծանր հրանետ, մոտ 200 հատ հրթիռներ, որոնց հեռահարությունը կազմում է 6 կիլոմետր: Որքա՞ն ժամանակ ենք շարունակելու ռազմավարական գործընկերոջ նման կեցվածքն արդարացնել եւ սա զուտ բիզնես որակել:

– Այս առնչությամբ ես եւ մեզանից շատերը առիթ ունեցել են արտահայտվելու: Ի գիտություն ընդունելով ռուսական կողմից բերվող փաստարկները եւ բարձր գնահատելով ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր ռազմաքաղաքական արդյունավետ համագործակցությունը՝ ակնհայտ է, որ Հայաստանում եւ հայ ժողովրդի կողմից դա խիստ բացասական է ընկալվում, երբ մեր ռազմավարական գործընկերը, մեր թիվ մեկ դաշնակիցը զենք է մատակարարում, ընդ որում՝ նաեւ հարձակողական բնույթի զենք, մի երկրի, որի հետ մենք գտնվում ենք չհայտարարված դե ֆակտո պատերազմական իրավիճակում: Այդ զենքերից Ադրբեջանը կրակում է բացառապես մեր ուղղությամբ եւ մեկ երկրի է, որ սպառնում է լայնամասշտաբ պատերազմով՝ մեզ: Մյուս կողմից՝ մենք չէ, որ պետք է Ռուսաստանի Դաշնությանը բացատրենք իր իսկ պետական շահերը: Մենք պարտավոր ենք անել այն, ինչ հնարավոր է՝ քարտեզագրել մեր շահերը եւ առաջ գնալ բացառապես այդ շահերի հաշվառմամբ:

– Ինչպե՞ս պետք է հայկական դիվանագիտությունն օգտագործի Ադրբեջանի կողմից ԻՊ-ին զենք տրամադրելու հայտնի սկանդալը:

– Լավ առիթ է տեսապատմական բնույթի մի դատողություն անելու համար. մեր ժողովրդի պատմությունը, նոր եւ նորագույն շրջանը հատկապես, շարադրված է այնպես, ու նաեւ այդ ամենի արդյունքում մեր ժողովրդի հավաքական ընկալումները դեռ այնպիսին են, որ կարծես մի ինչ-որ երկրում օտար «նստած» է արդարադատ միջազգային հանրությունը՝ Ֆեմիդայի սուրը ձեռքին, եւ բավարար է, որ հայ դիվանագետները հասնեն այդ վայրը, բերեն ծանրակշիռ փաստարկներ, որ Ադրբեջանը ահաբեկչությանն աջակցող երկիր է, եւ այդ սուրը կիջնի անարդար ու ահաբեկիչ Ադրբեջանի գլխին: Քսանհինգամյա անկախությունը առավել քան բավարար է՝ հասկանալու, որ աշխարհը մշտապես շարժվել, շարժվում ու շարժվելու է ռեալ պոլիտիկի ուղեծրում, որտեղ գերակայում է քաղաքական նպատակահարմարությունը: Եթե նույն երկրներին անհրաժեշտ լինի պատժել Ադրբեջանին, սանկցիաներ կիրառել նրա նկատմամբ՝ ահաբեկչությանն աջակցելու համար, վստահեցնում եմ, որ ոչ միայն Բուլղարիայում այդ երկրի դեսպանության գաղտնազերծված փաստաթղթերը, այլեւ հարյուր ու մի այլ ապացույցներ ու հիմքեր կլինեն դա անելու կամ, պատկերավոր ասած, այդ երկրին «ցմահ ազատազրկելու» համար: Իմ ասածը բացարձակ չի նշանակում, որ պետք է անգործության մատնվել: Ոչ: Պետք է շարունակել քրտնաջան աշխատել միջազգային հանրության կարծիքի հետ, նաեւ խորհրդարանական հարթակներում՝ միեւնույն ժամանակ ձեւավորելով իրատեսական սպասումներ միջազգային հանրությունից:

– Ի՞նչ եղավ ՀՀ-ի եւ ԱՀ-ի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագրի ճակատագիրը, որը ապրիլյան պատերազմից հետո կարծես սպառնում էր միս ու արյուն ստանալ:

– Նման պայմանագիր Արցախի հետ կարելի է ստորագրել մեկ ժամ հետո: Ավելին, ցանկացած պահի կարող ենք ավելի առաջ գնալ եւ ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը: Դա դեռ չի արվում բացառապես մեկ նպատակից ելնելով. դեռ կա հույս, որ միջազգային միջնորդների ջանքերի արդյունքում հնարավոր կլինի Ադրբեջանին բերման ենթարկել բանակցությունների սեղանի շուրջ եւ դիվանագիտական ճանապարհով հասնել նրան, ինչին ձգտել ենք տասնամյակներ շարունակ՝ Արցախի անկախության միջազգային ճանաչմանը եւ Արցախի մեր հայրենակիցների անվտանգության երաշխավորման կայուն եւ առարկայական երաշխիքների ապահովմանը: Այս պահին, իմ պատկերացմամբ, նման քայլը մնում է ոչ այնքան նպատակահարմար՝ ելնելով նաեւ այն հանգամանքից, որ Մինսկի խումբը շարունակում է ջանքեր գործադրել բանակցային գործընթացը առաջ մղելու համար, եւ մենք գնահատում ենք այդ ջանքերը որպես չափազանց կարեւոր: Ցանկացած քայլ, որ Հայաստանին ու Արցախին կդնի ոչ կառուցողական դիրքերում եւ կհակադրի միջազգային միջնորդներին՝ մեզ հազիվ թե այս պահին օգուտ տա: Այդ տրամաբանությամբ առայսօր շարժվում է Ադրբեջանը, ինչի արդյունքում իրեն հակադրել է միջազգային միջնորդներին եւ կարգավորման տրամաբանության մեջ հայտնվել մեկուսացման մեջ: Ի վերջո, այդ քայլին գնալուց այն կողմ բանակցությունները Ադրբեջանի հետ կորցնում են իրենց իմաստը՝ այդտեղից բխող բոլոր հնարավոր հետեւանքներով:

 

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

13.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31