Aravot.am-ի հետ զրույցում Նարինե Ավետիսյանը նշեց, որ կոնֆետն իրեն հյուրասիրել են: Կոնֆետի վրայի գրությունը տեսնելուց հետո ինքն այցելել է այն խանութը, որտեղից, որ գնել են այն. ««Լաչինի միջանցք» կոչվող շուկայից են գնել: Ես գնացի, արդեն սպառվել էր, միայն մեկ կոնֆետ հայտնաբերեցի: Վաճառողն ասաց՝ Թիֆլիսից են բերել»:
Վանաձորցի Նաիրա Կիրակոսյանն ասում է, որ ինքը դեռ մոտ 2 տարի առաջ է նկատել, որ քաղաքում վաճառում են ադրբեջանական արտադրության կոնֆետներ. «2015 թվականի վերջն էր, գնացել էի լեհական կոնֆետներ գնելու, պատահաբար շրջվեցի ու տեսա, որ 2000 դրամով նաեւ ադրբեջանական արտադրության կոնֆետներ են վաճառում: Իրենց ասեցի, ձեր տղաները, սահման են գնում, պահում, որ դուք ադրբեջանական կոնֆետներ բերեք, վաճառեք, չե՞ք ամաչում: Վաճառողն էլ ասեց, ինչ անենք, էժան կոնֆետ է, վաճառում ենք»:
Սննդի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Նուարդ Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեսչության աշխատակիցներն ահազանգից անմիջապես հետո նշված տարածքում շրջայց են իրականացրել. «Երեկ էլ են շրջայցի գնացել, բայց արդեն ուշ ժամ է եղել, կամ նշված խանութը փակ է եղել, կամ կոնֆետից չի եղել: Այսօր կրկին շրջայցի են դուրս եկել, երբ, որ կգտնեն տվյալ ծագման կոնֆետներ, դրանից հետո կխոսենք հետագա քայլերի մասին: Խոսքը մի հատ կոնֆետի մասին է, պետք է հասկանանք, սա մասսայական բնույթ է կրում, թե ինչ-որ մի անձնական ճանապարհով հայտնվել է իրացման շուկայում»:
Նուարդ Առաքելյանի խոսքով, Վանաձորից առաջին անգամ են ադրբեջանական արտադրության կոնֆետների մասին ահազանգ ստանում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Նարինե Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից