ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովն ընդունել է 2017թ. Մինսկի հռչակագիրը՝ ազգային կառավարություններին, խորհրդարաններին, միջազգային հանրությանն ուղղված կոչով՝ օգնել քաղաքականություն ձևավորել քաղաքական, տնտեսական, անվտանգության, բնապահպանության և մարդու իրավունքների ոլորտներում: Մինսկում 5 օր տևած ամենամյա նստաշրջանին մասնակցել են ավելի քան 260 խորհրդարանականներ ԵԱՀԿ 55 երկրներից:
Նիստի ավարտին ընդունված հռչակագիրն անդրադառնում է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են հակաահաբեկչությունը, հակամարտությունների լուծումը, կլիմայի փոփոխությունը, միգրացիան, ինչպես նաև ԵԱՀԿ մարդու իրավունքների մեխանիզմների ամրապնդումը:
Խորհրդարանականները մտահոգություն են հայտնում Հարավային Կովկասում ռազմական գործողությունների վերսկսման, մասնավորապես Արցախի շփման գծում և Դոնբասում հրադադարի խախտման դեպքերի կապակցությամբ:
Խորհրդարանականները, մասնավորապես, խորը ափսոսանք են հայտնում Արցախի հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայության կապակցությամբ՝ կոչ անելով կողմերին անհապաղ բանակցություններ սկսել՝ հանուն կայուն խաղաղության, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ակտիվացնել այդ ուղղությամբ ջանքերը:
Հռչակագիրը նաև կոչ է անում երկրներին վերադառնալ բազմակողմանի դիվանագիտությանը՝ հանուն համընդհանուր անվտանգության, և իրականացնել ԵԱՀԿ՝ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները՝ նվազեցնելու համար հակամարտությունները ռիսկերը: Այն նաև կոչ է անում անդամ-երկրներին միջոցներ ձեռնարկել ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը նվազեցնելու ուղղությամբ, այդ թվում բարելավել իրավական շրջանակները և օրենքի պարտադրանքի միջոցները, ամրապնդել միջազգային փոխանցումների անվտանգությունը:
Ինչ վերաբերում է տնտեսությանը և բնապահպանությանը, հռչակագիրը կոչ է անում ԵԱՀԿ անդամ-երկրներին ընդունել կլիմայական ճգնաժամի և դրանով պայմանավորված մարտահրավերների անհրաժեշտությունը: Ընդգծվում է, որ «ներքին տնտեսական քաղաքականությունները պետք է առաջնահերթ համարեն մաքուր էներգիայի նախագծերը, ներդրումները և նորարարությունները և ապահովեն բնապահպանության վրա բացասական ազդեցությունների կրճատումը»:
Հռչակագիրը նաև կոչ է անում պետություններին հարգել քաղաքացիների մարդկային արժանապատվությունը և հավասար իրավունքները՝ լիարժեք կերպով իրականացնելով ԵԱՀԿ-ով ստանձնած հանձնառությունները մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում: «Այն նաև կոչ է անում անհապաղ դադարեցնել քաղաքական ընդդիմության, իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները, վատ վերաբերմունքը, նրանց բանտարկությունները, անհետացումները»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ