Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ երկրներում ոչ թե ամբաստանյալին հեռացնում, այլ դատական կալանք են նշանակում, այդ թվում նաև փաստաբանին». Արա Ղազարյան

Հուլիս 03,2017 20:15

Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների գործով նիստը վերսկսելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց ամբաստանյալներից 3-ի պաշտպան, փաստաբան Կարապետ Բադալյանի հանդեպ: Փաստաբաններից մի քանիսը չէին ներկայացել նիստին՝ պատճառաբանելով, որ դատական կարգադրիչները նրանց ոչ թե զննում են, այլ խուզարկում: Փաստաբաններն այս առիթով մտահոգված են, որ եթե հիմա պայուսակ են խուզարկում, մի օր էլ կարող են իրենց տունը խուզարկել ու այդպես շարունակ:

Aravot.am-ը միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանից հետաքրքրվեց, ի՞նչ են սահմանում միջազգային իրավունքի նորմերը, եթե, օրինակ, փաստաբանի պայուսակում անվտանգության սարքերը ինչ-որ զնգոց են արձանագրում, ապա իրավունք ունե՞ն ստուգելու, քանի որ մի շարք  փաստաբանները մտահոգված են, որ դա խուզարկություն է:

Պարոն Ղազարյանը պատասխանեց. «Այդ փաստաբանները, եթե մեկ անգամ գնան Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ, Գերմանիա կամ թեկուզ Եվրոպական դատարան ու փորձեն մտնել դատարանի դահլիճ, այնտեղ կտեսնեն, թե միջազգային իրավունքի սկզբունքները ինչ խստությամբ են գործում՝ զննության առումով։ Պայուսակը զննել, չի նշանակում խուզարկել։ Խուզարկությունը կատարվում է միայն քրեական նպատակով, հանցագործության կատարման կասկածի հիման վրա, իսկ դատարանում զննությունը կատարվում է ոչ քրեական նպատակով, հետևաբար խուզարկություն չէ, այլ զննություն։ Մեզ բոլորիս զննում են օդանավակայանում` ընդհուպ մինչև կոշիկները հանելով, բայց ոչ մեկիս մտքով չի անցնում դա կոչել խուզարկություն, քանի որ դա արվում է բոլորիս անվտանգության նպատակով: Իսկ, եթե օդանավակայանում կասկածեն, որ ուղևորը հանցագործություն է կատարում, օրինակ, թմրանյութ է անցկացնում, նրան կտանեն առանձին վայր ու խուզարկություն կկատարեն։ Բայց դա կարվի առանձին վայրում և հատուկ ընթացակարգերի ներքո, այլ ոչ թե բոլոր աչքի առջև և մակերեսային զննությամբ»։

«Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների գործով նիստին ոտքի չկանգնելու համար դատավորը 6 ժամով նիստերից հեռացրեց ամբաստանյալներից 15-ին:

Արա Ղազարյանից հետաքրքրվեցինք` միջազգային նորմերով ամբաստանյալը պարտավո՞ր է դահլիճում դատավորի մտնելու ժամանակ ոտքի կանգնել, թե՞ դա նրա իրավունքն է և արդյոք դատավորն իրավունք ունի՞ ամբաստանյալին այդ պատճառվ հեռացնել նիստերի դահլիճից, պարոն Ղազարյանը պատասխանեց. «Միջազգային իրավունքն ասում է, որ յուրաքանչյուր ոք ունի պարտականություն ապահովելու դատարանի հեղինակությունը հանրության աչքի առջև։ Միջազգային իրավունքը նաև ասում է, որ եթե դատավորը համոզվում է, որ յուրահատուկ վարքագիծ դրսևորելով` մեղադրյալը նպատակ է հետապնդում ոչ թե օգտվելու դատարանի` իր իրավունքից, այլ խոչընդոտելու դատական քննությունը, այդ փաստի ուժով դատարանը կարող է նրան զրկել դատարանի իրավունքից, քանի որ նման վարքագիծ դրսևորելով` մեղադրյալը ինքն է իրեն զրկում դատարանի իրավունքից։ Ցանկացած դեպքում, եթե անձը չարաշահում է իր իրավունքը, պետական մարմնի մոտ դադարում է այդ իրավունքը ապահովելու պարտականությունը»։

Արա Ղազարյանը նշեց` այո, դատավորն իրավունք ունի սանկցիա կիրառել՝ ըստ միջազգային իրավունքի, ու հավելեց. «Շատ երկրներում ոչ թե հեռացնում են, այլ դատական կալանք են նշանակում՝ այդ թվում նաև փաստաբանին։ Իսկ դատարանի դահլիճից հեռանալ առանց դատավորի թույլտվության՝ սա արդեն դժվար են պատկերացնում Արևմուտքում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այո, Արեւմուտքում կայ contempt of Court/outrage au Tribunal ի յանցանքը, որ կարող է այսպիսի պարագաների փաստաբանը հասցնել բանտ

    Արեւմուտքում, այսպիսի «փաստաբաններ» նաեւ լուրջ խնդիրներ կ’ունենային իրենց Արհեստավարժական Ընկերակցութեան հետ (Professional Corporation, Bar / Barreau)

    իսկ Արեւմուտքի դատարաններում շատ սովորական բան է, այս ժամանակներին, առանց իսկ յատուկ դրդապատճառի, ոեւէ անցող փաստաբանին պայուսակը բանալ տալ, ստուգել.

    մի բան շատ յստակ է, եթէ Հայաստանում դատական իշխանութիւնը կարգ մը բարելաւումներու կը կարօտի, կարծեցեալ «փաստաբանների» խնդիրը շատ աւելի տագնապալից է… անոնց մեծ մասը իսկապէս տարրական գաղափար չունի թէ ինչ է փաստաբան լինելը… միայն լաւ խօսիլ գիտեն, բառին ամենաանիմաստ առումով՝ այսինքն, բերանը շարժել եւ այնտեղից ձայն հանել… կարող ենք երկու ժամ այդպէս խօսիլ, առանց որ մէկ նշոյլ իմաստալից բան ասեն… երեւի կարծում են թէ այդ է, լաւ փաստաբանը…

    27+ տարիներու գործօն փաստաբան մը, որուն հայրն ալ փաստաբան էր
    (երբ որ իմ պայուսակս կը ստուգեն Արդարութեան Պալատում, պարզապէս ապահով կը զգամ, ինծի եւ հանրութեան համար, եւ կը գնահատեմ որ պատկան մարմինները իրենց գործն են կատարում… )

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Նաեւ, այս «փաստաբանները» կարծում են թէ ուղղակի սուտը, հում ստախօսութիւնը… լաւ փաստաբան ըլլալ կը նշանակէ… երեւի իրենց տիպարները հեռուստատեսիլի սիրիալներու փաստաբաններն են…

      վարպետ փաստաբանը առանց ստելու, առանց շեղելու էթիկայի նորմերից, կը կատարէ իր գործը… ատոր համար, յաճախ, բաւարար է որ ան… լուռ մնայ. եւ ահա արդէն մի այլ սխալ հասկացողութիւն, այս «փաստաբաններուն» կողմէ, որոնք շփոթում են լաւ խօսիլը շատ խօսելու հետ…

  2. Naira says:

    Արտասահմանում կաշառք վերցնելու համար մինչև կյանքի վերջ պետական պաշտոնի կամ շատ թե քիչ գումարային պաշտոնի չեն նշանակում, իսկ արտասահմանի որոշ երկրներում կաշառքի համար գնադակահարում են, հիմա դատավորները որոնք Բոլորը կաշառակեներ են համաձայն են՞ բանտում մարդ ծեծել տալ ու գնդակահարության գնալ՞

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31