Ինչպես հայտնի է՝ հունիսի 16-ին Արթիկի «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում» նորածին երեխա է մահացել։ 800 գրամ քաշով ծնված երեխային տեղափոխել են Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, սակայն, նա ճանապարհին մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանն այս թեմայի շուրջ Aravot.am-ին պարզաբանեց հետևյալը․«Երեխան եղել է 26 շաբաթական, անհաս է եղել, չապրելու հավանականությունը մեծ է եղել, խոցելի է, 22, 24, 25 շաբաթական երեխաների մեծ մասը դժվար են պահվում՝ անկախ սարքավորումներից։ Շնչառական օրգաններն էլ թերի զարգացած են եղել։ Նախկինում էդ քաշի էրեխեքին մարդ էլ չէին համարում, հիմա է, որ 300-400 գրամին ասում են՝ մարդ է։ Մարդը էն է, որը գոնե 1-2 կիլոգրամ քաշ ունի, լավ թող մեկ կիլոգրամ քաշ ունենա։ Այս երեխան 800 գրամ է եղել, այսօր 1-2 կիլոգրամանոց երեխեքն են խնդիր ունենում, 800 գրամանոց երեխան ի՞նչ երեխա։ Հիմա չափանիշները փոխվել են․ առաջ 800 գրամին ոչ մեկը քաղաքացի չէր համարում, հիմա նույնիսկ 300 գրամին ասում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի է»։
Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ երեխայի ծնողները Մեղրաշեն գյուղից են ու վստահեցրեց, որ բողոք չկա այս դեպքի առթիվ։ Մեր հարցին՝ ինչո՞ւ է այդ դեպքում քրեական գործ հարուցվել, առողջապահության վարչության պետն ասաց, որ տնօրենն ինքն է դիմել դատաբժիշկներին, որ տեսնեն՝ շնչառական օրգանները լրիվ հասունացած չեն։ «Էնքան է եղել ծնողները չեն ուզել, բայց մենք ենք դիմել դատաբժշկին՝մտածել ենք, հետո չլինի հորքուրը բողոքի, քեռին բողոքի, միանգամից առանց բողոքի թող դատական բժիշկը դիահերձի որպես դատական դեպք։ Սա էլ նմանատիպ դեպք է եղել»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։
«էլի եմ ասում ճիշտ է՝ 800 գրամ,անգամ 400 գրամ քաշ ունեցողին էլ կարելի է պահել, եթե շնչառական խնդիրներ չունենա, եթե ներքին օրգանները լրիվ հասունացած լինեն, որը շատ քիչ հավանական է»-, ասաց առողջապահության վարչության պետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ