Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» գործով կա նաեւ բերման ենթարկված

Հունիս 28,2017 13:13

«Սասնա ծռերի» գործով դատական նիստը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հետաձգվեց ամբաստանյալների փաստաբանների՝ նիստին ներկա չգտնվելու պատճառով:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս նիստին էլ փաստաբաններից պահանջել էին ստուգել նրանց պայուսակները, ինչը փաստաբանները համարել էին խուզարկություն ու հրաժարվել:

Նիստին ներկա չէին փաստաբաններ Ինեսա Պետրոսյանը, Լուսինե Սահակյանը, Մուշեղ Շուշանյանն ու Արա Զաքարյանը:

Դատարանից այսօր բերման ենթարկվեց ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի եղբայրը: Արդեն նիստից հետո դրսում հավաքված ամբաստանյալների հարազատները դժգոհում էին, որ ոստիկանների կողմից իրենք թիրախավորված են. «Սրանք այնպես են ջարդում, թուրքը նման բան չի անի, այս դատական գործընթաց կոչված բեմադրությունը սկսվելու պահից ակնհայտ էր, որ թիրախավորված են հարազատները, ամեն ինչ անում են՝ վախի ու սարսափի մթնոլորտ ստեղծեն… ծեծելով քարշ տալով, ձեռքերը ոլորելով՝ տարան, մարդու վրա էլ հալ չմնաց, իրենց լեզվով բերման ենթարկեցին, ինչ բերման ենթարկել, առեւանգեցին»:

Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ պատմեց, որ Եղիազարյանին բերման ենթարկելիս դատարանից նրան բռնությամբ են դուրս հանել, իսկ երբ բակում գտնվող փաստաբանները փորձել են նրան օգնություն ցուցաբերել, ոստիկանները հարձակվել են փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Ինեսա Պետրոսյանի, Մուշեղ Շուշանյանի, Տիգրան Հայրապետյանի, Արա Զաքարյանի եւ իր վրա ու քաշքշել են նաեւ իրենց:

Պարոն Պապիկյանի խոսքով, իրենց մայթի մի հատվածում սահմանազատեցին՝ թույլ չտալով ոչ մոտենալ, ոչ օգնել քաղաքացիներին: Ըստ նրա՝ Այժմ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Մուշեղ Շուշանյանը ոստիկանության բաժանմունքում են, որ իրավական օգնություն ցույց տան բերման ենթարկված երիտասարդին:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործով դատական նիստին այսօր ամբաստանյալների եւ ոստիկանների միջեւ բախում գրանցվեց, ինչից հետո ամբաստանյալներից մի քանիսը հեռացվեցին դահլիճից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930