Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերջին զրույցս Զբիգնեւ Բզեժինսկու հետ

Հունիս 07,2017 15:00

«Ռամսֆելդ Ֆելոուշիփ»-ի շրջանակներում ս.թ. մայիսի 4-ին ինձ բախտ վիճակվեց զրույց ունենալ աշխարհաքաղաքականության «հայրերից» մեկի՝ հանրաճանաչ Զբիգնեւ Բզեժինսկու հետ՝ վաշինգտոնյան Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում։ Այն դարձավ իմ վերջին հանդիպումն ու զրույցն աշխարհաքաղաքական մի բարդ ժամանակաշրջան մարմնավորող ամերիկյան ժամանակակից գեոստրատեգիայի հայրերից մեկի հետ։

Իմանալով, որ հայ եմ եւ Հայաստանից եմ, նա առաջին պահին որոշակիորեն զգացնել տվեց ինչ-որ անհետաքրքրություն եւ նույնիսկ դժկամություն զրուցելու։ Սակայն նա տվեց ինձ մեկ հարց, որի պատասխանն էլ պայմանավորեց նրա տրամադրության փոփոխությունն ու հետաքրքրությունը զրուցելու ինձ հետ ու պատասխանելու իմ  որոշ հարցերի. «Մինչև մեր զրույցը, խնդրում, եմ ասա ինձ, ըստ քեզ՝ ո՞ր երկիրն է առաջնահերթ սպառնալիք Հայաստանի պետականության համար»։ «Միանշանակ՝ Ռուսաստանը»,- պատասխանեցի ես: Նրա տրամադրությունը փոխվեց. «Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ չասացիր՝ ԱՄՆ-ը. այդպիսիների էլ եմ ժամանակին հանդիպել»։

«Ո՞վ է ասում, որ «անկարգ» աշխարհակարգը պիտի անպայման «նոր կարգի» սկիզբ լիներ։ Այս վիճակը կարող է տեւել տասնյակ տարիներ՝ ամենեւին էլ չփոխելով արդեն իսկ հիմնովին փոխված «հետսառըպատերազմյան» աշխարհակարգի դինամիկան։ Ներկայիս «Անկարգ» աշխարհակարգը պահանջում է նոր մոտեցում միջազգային հարաբերություններում, քան առկա էր մինչեւ հնի փլուզումը։ Այն երկրները, որոնք դա հասկացել են՝ արդեն իսկ սկսել են խաղալ նոր կանոններով, որոնք որ չեն հասկացել՝ դեռ կտուժեն, քանի որ հին մեխանիզմներն ու փիլիսոփայությունը ճգնաժամ են ապրում։

Օրինակ՝ Թրամփի վարչակազմն էլ ակտիվորեն չի իրականացնելու Օբամայի եւ նրան նախորդող վարչակազմերի՝ հետխորհրդային եւ այլ տարածաշրջաններում տրանսդեմոկրատիզացիայի քաղաքականությունը։ Այն երկրները, որոնք ձեւավորել են դեմոկրատիա, օրինակ՝ ձեզ մոտ՝ Վրաստանը, մենք կաշխատենք այնպես, ինչպես աշխատել ենք՝ շարունակելով ինտեգրել նրանց եւ աջակցել նրանց պաշտպանունակության ու տնտեսության բարձրացմանը։ Ինչ վերաբերում է այլ երկրներին, ապա իրավիճակն այլ է: Իմ կարծիքով՝ նորացված Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական ստրատեգիան հիմնվելու է «Դու՝ ինձ, ես՝ քեզ» սկզբունքի վրա, ինչը ենթադրում է քիչ նորմատիվներ, շատ պրագմատիզմ։ Օբամայի սխալը այն էր, որ նրա արտաքին քաղաքականությունը հիմնվում էր զուտ դեմոկրատական արժեհամակարգի վրա, իսկ միայն նորմատիվային սկզբունքով, ինչպես պատմությունը ցույց տվեց, ԱՄՆ համաշխարհային քաղաքականություն չես կառուցի։

Պրագմատիզմի պարագայում Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ դիրքորոշումը ավելի կսաստկանա, բայց պահպանելով առերեւույթ դեկլարատիվ ցանկություն՝ նորմալացնել հարաբերությունները։ Իրականում ԱՄՆ-ը, ելնելով այն հանգամանքից, որ երկրում մեծ ազդեցություն են ձեռք բերել զինվորականներն ու այլ ուժային կառույցները, Ռուսաստանի հանդեպ լինելու է ոչ միայն ստրատեգիական զսպման, այլ նաեւ ուղղակի թուլացման քաղաքականություն։

Դուք տասը-տասնհինգ տարի անց չեք ճանաչելու Ռուսաստանը։ Այն տասը-տասնհինգ տարի անց կլինի իր խնդիրների մեջ մխրճված մի մեծ պետություն՝ առանց որեւէ հետաքրքրության զբաղվելու արտաքին քաղաքական, առավել եւս՝ ինտեգրացիոն ծրագրերով Եվրասիայում։ Մեր խնդիրն է, որպեսզի Մոսկվան զբաղված լինի սեփական տարածքում առաջացած խնդիրների լուծմամբ։ Եվ որի համար արտաքին քաղաքականությունը, եւ հատկապես մերձավոր հարեւանների նկատմամբ քաղաքականությունը լինի երկրորդական, երրորդական խնդիր։ Ռուսաստանը այդ դեպքում հավանաբար կվերագտնի իրեն՝ հրաժարվելով գաղութային, ռեւիզիոնիստական դրսևորումներից՝ քաղաքական սերնդափոխության հետևանքով վերաարժեքավորելով ինքն իրեն և դառնալով ժամանակակից, զարգացած աշխարհի կարևոր մի մաս»։

Ես մի պահ միջամտեցի՝ նշելու համար, որ այդ՝ Ռուսաստանի վերաբերյալ տասը-տասնհինգ տարվա մասին միայն իրենից չէ, որ լսել եմ այս օրերին, սակայն կարծես թե Ռուսաստանի նկատմամբ Թրամփի վարչակազմը չունի հստակ ռազմավարություն… Նա կտրուկ պատասխանեց. «Ո՞վ է ասում։ Ռուսաստանի հանդեպ ռազմավարությունն առկա է եւ ընդունվել է վերջերս, սակայն դրա կիրառման, ներկայացման եւ բարձրաձայնելու մեթոդոլոգիան է փոխվել։ Մենք մեզ այսուհետ պահելու ենք Ռուսաստանի հանդեպ այնպես, ինչպես նա էր իրեն պահում Օբամայի ժամանակ ԱՄՆ-ի նկատմամբ։ Կժպտանք նրանց դեմքին, կնշենք երկխոսության ու համագործակցության մասին կարեւորությունը, բայց կշարունակենք աշխատանքը, որը կբերի ՌԴ թուլացման։ Ակնհայտ էր, որ նրանք կօգտվեին Օբամայի անհամարձակությունից, եւ իրենք կգնային համարձակ քայլերի: Հիմա նրանք նման բան էլ չեն կարող թույլ տալ իրենց։ Թրամփն իր Սիրիայի ռմբակոծությամբ ցույց տվեց, որ այսուհետ համարձակ քայլեր անողը մենք ենք։ Փոխվել են համաշխարհային կարգի խաղի կանոնները՝ փոխվել ենք մենք։ Փոխվում են մեր դաշնակիցների դերը ԱՄՆ արտաքին քաղաքականության համատեքստում ու մեր արտաքին քաղաքականությունը՝ մասնավորապես։ Օրինակ՝ մեր ուղղակի ներկայության փոխարեն աշխարհի տարբեր տարածաշրջաններում մենք ակնկալում ենք, որ կմեծանա մեր դաշնակիցների ու գործընկերների արտաքին քաղաքական դերը։ Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ը կփորձի ապահովել իր ներկայությունը՝ տալով դաշնակիցներին ակտիվ արտաքին քաղաքական ծրագրեր իրականացնելու հնարավորություն։ ԱՄՆ-ն այսուհետ ավելի շատ ներկա կլինի միջնորդավորված։ Պատասխանատվությունն ԱՄՆ-ի հետ համատեղ պետք է կիսեն իր դաշնակիցները ողջ աշխարհամասերում, նման մոտեցումը թելադրված է «անկարգ» աշխարհակարգի վերելքի պարագայում»։

Քանի որ ժամանակը քիչ էր, ուստի ես շտապեցի հասկանալ նրա կարծիքը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ, ինչին նա փոքր-ինչ դադարից հետո պատասխանեց. «Հայաստանը աշխարհի միակ պետական կազմավորումն է, որը նվիրված պաշտպանում է Ռուսաստանի ռեւիզիոնիստական եւ համառ (assertive) քաղաքականությունը, ինքն իրեն հարց չտալով՝ պե՞տք է արդյոք դա իրեն, թե՞ ոչ։ Գիտակցո՞ւմ է արդյոք Հայաստանը այդ իր դիրքորոշման հետեւանքները։ Կարծում եմ՝ ոչ»։

Իմ հարցին, թե ինչպե՞ս Հայաստանը կարող է հարաբերվել ԱՄՆ նոր ադմինիստրացիայի հետ, Բզեժինսկին նշեց, որ Հայաստանը պետք է հասկանա նոր՝ «անկարգ» համակարգի խաղի կանոնները եւ սկսի խաղալ՝ համապատասխանաբար իր շահերը տեղավորելով այդ շրջանակներում։ «Օրինակ՝ հիմա ԱՄՆ-ին Հայաստանը պետք է ներկայանա ոչ թե որպես մի երկիր, որն ունի ահռելի քանակությամբ խնդիրներ, այլ այնպես, թե ինչ օգուտ կարող է ԱՄՆ-ն ունենալ Հայաստանի հետ հարաբերություններում։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը պետք է լինի նախաձեռնող եւ առաջարկներով հանդես գա, այլ ոչ թե սպասի ԱՄՆ առաջարկներին։ Նման առաջարկներ Վաշինգտոնից էլ չեն լինելու։ Պետք է հասկանաք, որ ռեգիոնալ անվտանգությունը մեզ սկսում է հետաքրքիր լինել միայն Վրաստանի անվտանգության ապահովման համատեքստում։ Քանի դեռ Հայաստանը կամ Ադրբեջանը չհայտնի ցանկություն ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ու անդամակցելու օրակարգ, ԱՄՆ քաղաքականությունը Կովկասի նկատմամբ հազիվ թե տարբերվի նրանից, ինչպիսին որ հիմա է»։

Զրույցը տեղափոխելով տարածաշրջանային համատեքստ՝ Բզեժինսկին շեշտեց, որ Վրաստանի անվտանգության հարցերը նաև ԱՄՆ խնդիրն է, այն պաշտպանված է մեզ ու ՆԱՏՕ-ին մոտ լինելու, մեր ստրատեգիական ծրագրերի մեջ ներգրավվելու եւ ի վերջո՝ հաճախակի դարձած զորավարժությունների համար նախատեսված ամերիկյան բանակ իր մոտ հյուրընկալելու հետեւանքով։ «Սակայն Հայաստանն ու Ադրբեջանը դեռ շատ արյուն են թափելու։ Ղարաբաղի կարգավորման հանդեպ մեր պասիվությունը կարող է փոխվել քողարկված անտարբերության, քանի որ թե Հայաստանը եւ թե Ադրբեջանը արդեն իսկ հաճախ դասակարգվում են որպես ավտորիտար ռեժիմներ եւ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվողներ։ Ուստի դուք պիտի պատրաստ լինեք պատերազմի, ինչն անխուսափելի է։ Ռուսաստանը կթուլանա, եւ դուք կամ Ադրբեջանը հնարավորություն կունենաք հաղթելու՝ պարտություն պարտադրելով մյուսին։ Նույն բանն, ի դեպ, երեւի խորհուրդ կտայի ադրբեջանցիներին, եթե նրանք հիմա այստեղ լինեին։ Կարծում եմ՝ աշխարհակարգային զսպումը հակամարտությունների առումով գնալով թուլանում է»։

Իմ հարցին Մինսկի խմբի էֆեկտիվության մասին՝ նա պատասխանեց․ «Մինսկի խումբը հին՝ անցած աշխարհակարգի ճարտարապետություն եւ պլատֆորմ էր, չեմ կարծում, որ հիմա իմաստ ունի հույս դնել մի կառույցի վրա, որտեղ երկու եվրաատլանտյան պետության հետ նույն հարթության վրա նստած է Ռուսաստանը։

Ցավոք, ես այն մարդկանց դասին չեմ պատկանում, որը հավատում է ձեր խնդրի արագ կարգավորմանը, հատկապես հիմա, երբ այդտեղ դեռ ուժեղ է Ռուսաստանի՝ մանիպուլյացիաներ իրականացնելու ցանկությունը։ Սակայն Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հաշվի առնի մեկ բան եւս. պատերազմի վերսկսման դեպքում Արեւմուտքից կհնչեն հայտարարություններ եւ կոչեր դադարեցնելու արյունահեղությունը։ Սակայն ձեր նախաձեռնությունը՝ լուծել խնդիրը ձեր օգտին եւ բարձրացնել ձեր անվտանգությունը, կբախվի Ռուսաստանի դիմադրությանը։ Տարածաշրջանում վերջնական գերակայության հասնելու համար Մոսկվային պետք է Ադրբեջանը, եւ ոչ թե Հայաստանը։ Ուստի Բաքվի հետ հարաբերությունները, Ադրբեջանի ինտեգրացիան ռուսական կառույցներ ու Ռուսաստանի դերի բարձրացումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ ավելի կարեւոր են Մոսկվայի համար պատժամիջոցների ու համաշխարհային մեկուսացման պայմաններում, քան Հայաստանի գործոնը։ Ելնելով հավանաբար այս հաշվարկից՝ Ռուսաստանը շահագրգռում ու դրդում է Իրանին տնտեսական, կոմունիկացիոն ծրագրեր իրականացնել հենց Ադրբեջանում, եւ ո՛չ ձեզ մոտ, քանի որ Իրան-Ռուսաստան ծրագրերի իրականացումը Ադրբեջանում կուժեղացնի Մոսկվայի ազդեցությունը Բաքվի նկատմամբ։

Ռուսաստանը նույնիսկ իր անկման ընթացքում դեռ վտանգ կներկայացնի ձեր պետությունների համար, եւ այդ թվում՝ Հայաստանի։ Ռազմաբազան նույնիսկ մեկ ակնթարթում կդառնա սպառնալիք, որին պիտի պատրաստ լինել։ Այն Թուրքիայից պաշտպանվելու համար չէ տեղակայված։ Թուրքիայից Հայաստանի նկատմամբ վտանգ չկա, քանզի այն ամբողջությամբ վերահսկվել, վերահսկվում եւ վերահսկվելու է ԱՄՆ-ի կողմից, հատկապես՝ Հայաստանի հանդեպ ոտնձգությունների պարագայում, եւ դա բազմիցս ապացուցվել է հայաստանյան նախկին ու ներկա իշխանություններին։ Թվում է, թե թուրք-ամերիկյան հակասությունները թուլացրել են ԱՄՆ վերահսկողությունը, սակայն դա այդպես չէ։ Թուրքիան հիմա հատկապես առավել կախված է ԱՄՆ իր հանդեպ դիրքորոշումից։

Վաշինգտոնում քաղաքական շրջանակներում թե՛ դեմոկրատների եւ թե՛ հանրապետականների շրջանակներում Հայաստանն իր շահերով (չխառնել հայկական համայնքի հետ, որը Հայաստանի շահերի հետ կապ չունի) չունի լիարժեք քաղաքական վստահություն (credibility)։ Այն հաճախ ընկալվում է որպես Ռուսաստանի շահերը սպասարկող երկիր՝ նույնիսկ ընդդեմ իր շահերի։ Սակայն ցանկության և աշխատանքի դեպքում դա կարող է փոխվել»։

Մի քանի հարցի պատասխանելուց հետո նա նշեց իր ժամանակի սղության պատճառով մեզ լքելու անհրաժեշտության մասին։ Անկեղծ ասած՝ ի սկզբանե նպատակ չկար այս իր արտահայտած մտքերը դարձնել հանրության սեփականություն, սակայն իր մահվան լուրը ակնհայտ դարձրեց որոշ հատվածներ հրապարակելու կարևորությունը։ Տարածաշրջանի ու Հայաստանի քաղաքական պատմության և ապագա գլոբալ ու տարածաշրջանային գործընթացները համապարփակ հասկանալու ու գնահատելու համար սա կարևոր ուղեցույց կարող է հանդիսանալ։ Նրա մահվանից հետո ստեղծվեց տպավորություն, որ երևի հայկական կողմին՝ թե՛ պետական և թե՛ քաղաքական ու վերլուծական ներկայացուցիչներին պետք էր ավելի հաճախ հնարավորություններ փնտրել հանդիպելու և զրուցելու դոկտոր Բզեժինսկու և իր մակարդակի գլոբալ քաղաքականության վրա ազդեցություն ունեցող մարդկանց հետ։ Հեռացավ կյանքից մի գործիչ, որն իր բուռն քաղաքական կարիերայի ընթացքում ոչ միայն ձևակերպում և ձևավորում էր աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական միտումները, այլև անձամբ հաճախ իրականացնում էր դրանք։ Մեծն աշխարհաքաղաքագետը, որին վերագրում են Խորհրդային Միությանն հաղթելու և կոմունիստական համակարգը կործանելու բանաձեւն ու պոստսառը պատերազմյան աշխարհակարգի ճարտարապետներից մեկը լինելը, հեռացավ կյանքից 89 տարեկանում մայիսի 26-ին՝ իր հետ տանելով մեզ համար կանխատեսելի, ընկալելի ու հաշվարկելի քաղաքական դարաշրջանը։

Էդուարդ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Պ․գ․թ․, Բրիտանական Լեսթերի համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող, IHS Markit (Jane’s Information Group) կորպորացիայի անկախ վերլուծաբան

«Առավոտ» օրաթերթ

06.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. araqel says:

    Շնորհակալություն:
    Շատ հետաքրիքր էր

  2. Գարեգին says:

    Վերջն էր, հատկապես ԱՄՆ քաղաքականության հնարավոր փոփոխության եթե Հայաստանն կամ Ադրբեջանը ցանկանան անդամակցել ՆԱՏՕ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930