Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանում․աշխատանքի ընթացքում բարձունքից վայր է ընկել ու մահացել 42-ամյա բանվորներից մեկը՝ Արմեն Թովմասյանը։ Իսկ մյուսը՝ 1986 թվականին ծնված Շ․Ղ-ն, որը Ախուրյանից է, բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։
Ախուրյանի շաքարի գործարանի աշխատակիցներից մեզ հաջողվեց ճշտել, որ երկուսն էլ աշխատում են որպես շաքարավազ կրող բանվորներ, նրանք վայր են ընկել վագոնից։
Մահացած տղամարդը՝ 1974 թվականին ծնված Արմեն Թովմասյանն Այգաբաց գյուղից է։ Այգաբացի գյուղապետ Սասունիկ Վանեցյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նա երկու անչափահաս երեխաներ ունի, նրանց ընտանիքն արդեն 4-5 տարի է՝ գյուղում չի բնակվում։ Գյուղապետի ասելով, նա երկար տարիներ աշխատում էր շաքարի գործարանում։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, նյութեր են նախապատրաստվում, դեպքի հանգամանքները ճշտվում են։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ