Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւին պատժելու ռեժիմում

Մայիս 26,2017 12:00

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների
«համբերության բաժակը» կամաց-կամաց լցվում է

Մայիս 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արձագանքեցին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին լարվածությանը` արձանագրելով, որ իրավիճակը սրվել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետեւանքով: Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը օրեր առաջ հրթիռային հարված էին հասցրել Ղարաբաղի ուղղությամբ՝ վնասելով երկու միավոր զինտեխնիկա, որոնցից մեկը՝ «ՕՍԱ» տեսակի զենիթահրթիռային համակարգ:

«Մի շարք վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռ են արձակել շփման գծից այն կողմ` խոցելով զինտեխնիկա: Մայիսի 16-ից մինչեւ մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել տարբեր տրամաչափի ականանետային կրակով: Երկու կողմերի այս գործողությունները հրադադարի նշանակալի խախտումներ են, որոնք մտահոգության տեղիք են տալիս»,- նշված է համանախագահների տարածած հայտարարության մեջ:

Փաստելով, որ կողմերի կորուստների մասին ստացվում է իրարամերժ տեղեկատվություն, համանախագահները նշում են, որ թե՛ իրենք, թե՛ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը շարունակում են տեղեկատվություն եւ վերլուծություններ հավաքել` առկա իրավիճակի մասին ավելի լիարժեք եւ ճշգրիտ պատկերացում կազմելու համար: «Համանախագահները դատապարտում են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումները եւ կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հակամարտության գոտում լարվածության հետագա աճը կանխելու համար»,- ամփոփում էին միջնորդները:
Նույն թեմային անդրադարձել էր նաեւ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան. «Տարբեր աղբյուրներից ստացած մեր տեղեկությունների համաձայն՝ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ մայիսի 15-ին Ադրբեջանի տարածքից հարվածել են հակառակ կողմում գտնվող ռազմական օբյեկտին: Մյուս կողմը, բնականաբար, արձագանքել է: Թե ինչ չափով է վնասվել այդ օբյեկտը, տարբեր տեղեկություններ կան: Ես եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել ռուսական կողմի դիրքորոշումը։ Ռուսաստանը, որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ երկիր, դատապարտում է իրավիճակի սրումը հակամարտության գոտում եւ կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել բոլոր քայլերը էսկալացիային վերջ տալու համար»:

Հայաստանում եւ Արցախում բավարարված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությամբ: Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անվանական մատնանշել զինադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու նախահարձակ կողմին. «Մերժելով հետաքննության մեխանիզմի ստեղծումը՝ Ադրբեջանը ցանկանում է խույս տալ իր կողմից զինադադարի պարբերական խախտումների պատասխանատվությունից, սակայն եռանախագահների երեկ տարածած ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին»։
Մշտապես եւ հատկապես ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանի սադրանքների առիթով հավասարակշռված, ոչ հասցեական հայտարարություններն Ադրբեջանին էլ ավելի էին սանձարձակ դարձնում եւ դժգոհություն առաջացնում հայկական կողմում:
Պաշտոնական Բաքուն, ինչպես եւ կարելի էր սպասել, քննադատեց համանախագահների վերջին հայտարարությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ն այն որակեց «անարդար եւ ոչ օբյեկտիվ»: Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը նշել է, որ «ադրբեջանական ԶՈՒ-ն գտնվում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում» եւ կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա: Ընդ որում, Հաջիեւը չի ժխտել գնդակոծության փաստը: Նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ղեկավարվելով Մադրիդյան սկզբունքներով, առաջին հերթին պետք է պահանջեն, որպեսզի Հայաստանը դուրս բերի զորքերը «գրավյալ տարածքներից»:

Ի դեպ, մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրթիռի արձակումից առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը որոշեց խոսել ապրիլի 28-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման «բովանդակության» մասին: «Մոսկովյան հանդիպումից հետո ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ տարածքներից հայկական զորքերը դուրս հանելու դիմաց խաղաղության հաստատումը հնարավոր է, այլ կերպ ասած, տարածքներ՝ խաղաղության դիմաց տրամաբանությամբ»,- նման հայտարարությամբ էր հանդես եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ հավելելով, թե հնարավոր է համարում երկու երկրների ԱԳ նախարարների նոր հանդիպումը։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են մոտ ապագայում այցելել տարածաշրջան՝ այս մասին ավելի վաղ հայտնել էր ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ ընդգծելով. «Կողմերը պետք է ոչ միայն վերահաստատեն իրենց հավատարմությունը հրադադարի պահպանմանը, այլեւ նշեն՝ ինչպես են իրենք կյանքի կոչելու վստահության ամրապնդման խիստ անհրաժեշտ միջոցառումները, որոնց շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել անցած տարի Վիեննայում, ապա՝ Սանկտ Պետերբուրգում»:

Համանախագահները ակնհայտորեն այլ ելք չունեին, քան Ադրբեջանի հերթական սանձարձակությանը համարժեքորեն արձագանքելը: Ի վերջո, Ադրբեջանը տարիներ շարունակ խնդրի ռազմական լուծման օգտին հանդես գալով՝ քննադատում էր ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը: Ապրիլյան քառօրյայից հետո իրավիճակը փոխվել է. համանախագահները փորձում են բարդ իրավիճակում պահել բանակցային գործընթացի շարունակականությունը, սակայն անցյալ տարի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում պայմանավորվածությունները մոռացության չտալով: Սա հունից հանում է պաշտոնական Բաքվին, բայց, ինչպես երեւում է, համանախագահների «համբերության բաժակն» էլ է կամաց-կամաց լցվում: Իհարկե, համանախագահների վերջին հայտարարությունը ամենեւին էլ երաշխիք չէ, որ Բաքուն այլեւս չի դիմի նոր սադրանքների: Ընդհակառակը՝ Ադրբեջանը մշտապես շարունակելու է իր քաղաքականությունը` ստուգելու միջազգային հանրության եւ հայկական կողմի զգոնությունը:

Սակայն հարկ է նշել, որ համանախագահների մայիսի 18-ի հայտարարությունը առաջին հասցեական հայտարարությունը չէր: Դեռ 2015թ. հունվարին համանախագահները խախտեցին ավանդույթը. հունվարի 27-ին նրանք Կրակովում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ուշագրավ շեշտադրումներով հայտարարություն էին տարածել` առաջին անգամ խախտելով «հավասարակշռված» տոնայնությամբ կոչերի ավանդույթը: Համանախագահների հայտարարության մեջ երկու տարի առաջ ասվում էր, որ Ադրբեջանի ԱԳ նախարարին խորին մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում հարձակումների առնչությամբ, որոնց արդյունքում կան զոհեր, ապա շեշտել են, որ բռնության աճը, որը սկսվել է անցյալ տարվանից, պետք է դադարեցվի՝ վստահությունը վերականգնելու եւ ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու համար։ Այնուհետեւ համանախագահներն ուղղակիորեն ընդգծել էին. «Մենք կոչ ենք արել Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման լուծման իր ստանձնած պարտավորություններին։ Մենք կոչ ենք անում նաեւ Հայաստանին բոլոր միջոցները ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Բոլոր կողմերն էլ պետք է հետեւեն հրադադարի պահպանման ռեժիմի պայմանավորվածությանը»: Նրանք նաեւ նշել էին. «Մենք Ադրբեջանի ԱԳ նախարարին հիշեցրել ենք Մինսկի խմբի համանախագահների մանդատի (լիազորությունների շրջանակի), Մինսկի խմբի համանախագահների դերի եւ ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների մասին եւ մտահոգություն հայտնել շարունակվող բանակցային գործընթացի վերաբերյալ հնչող քննադատության առնչությամբ»։

Այսպիսով, հայկական կողմի համար Ադրբեջանի նկատմամբ դիվանագիտական առավելությունների հասնելու շրջան է` չնայած Ղարաբաղյան բանակցային գործընթացում բացահայտ փակուղային իրավիճակին:

Պաշտոնական Երեւանը պետք է ավելի բարձր նշաձող դնի՝ ընդհուպ մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարի մակարդակով Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ քաղաքականությունը դիվանագիտորեն արգելափակելուն հասնելը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ու հայկական կողմի ճշգրիտ եւ հետեւողական գործունեության արդյունքում, թերեւս, հնարավոր կլինի միայն կանխել նոր պատերազմի բռնկումը:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

25.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031