Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՐԵԼ ԿԱՐՈՂԱՆԱԼԸ ԵՎՍ ՄՇԱԿՈՒՅԹ Է

Մայիս 24,2017 12:52

Իմ արևին մեկուսացել եմ, փախել քաղաքից, քաղաքականությունից: Բնությանն առավել մերձենալու մտքով վերջին անձրևից առաջ անգամ սարերը գնացի: Վերադարձա փշրված տրամադրությամբ՝ երանի տալով նրանց, ովքեր միայն լավն են տեսնում: Բայց ես աչք ունեմ, ինչպե՞ս չնկատեի:

Գնում եմ ոտքով, դեպի վեր բնակավայր չկա, Ողջաբերդի, Գեղադիրի խոտհարքներն են: Տասնամյակներ առաջ գազամուղ են անցկացրել, իսկ ավերը մինչ օրս մնում է: Նույնպիսի վայրագությամբ է գործել անցյալ տարի հեռուներից ջրագիծ բերած գործարարը: Խրամատն, իբր, ծածկել է: Ի՜նչ վերստին տեսքի բերել. տասնյակ կիլոմետրերով մնում են բզկտածը, խառնշտորածը, և անձրևաջուրն իր գործն անում է՝ տանելով սևահողը; Ո՞վ է բնության, շրջակա միջավայրի մասին մտածում, երբ պահանջող-պարտադրող չկա:  Թղթերով՝ գուցե: Հաշվետվությամբ, թերևս, ամրակայելու  հաար անգամ սիզախոտ են ցանել, վերականգնել նախկին վիճակը, մինչևիսկ թուփ տնկել… Ասում են՝ նոր ջրագիծը նաև Ջրվեժ-Ձորաղբյուրի ամառանոցների համար է: Գոնե բարի նպատակի կծառայի,-ինքս ինձ սփոփելով՝ շարունակում եմ ճամփաս:

Մի տեղ քրդի, թե՞ եզդու ոչխարն է մակաղել: Բառաչ, մայուն, շնահաչ, մայիսյան կանաչի, ծաղկունքի, բուրմունքի փոխարեն՝ կտտորի կծվահոտ… Շուրջը հեկտարներով տեղանքը խուզած-թրաշած է, ոչ ուտելին կճղակի տակ տրորած-ճզմած, որովհետև հոտը ժամանակավոր կացարանից շատ հեռու չեն քշում: Կենցաղային աղբն էլ քթի տակ են թափել, հեռվից ճերմակին է տալիս: Երևում է՝ օրվա, ամսվա լցրած չէ, այլ տարիների, որովհետև մի քանի բեռնավտո կլինի: Երբ հետո մի ողջաբերդցու հարցրի, ասաց՝ վարձակալությամբ են արածեցնում, հենց շոգը վրա տա, կհանեն «յայլաները»: Այդ օրը բարձրադիր զովասուն վայր գնացող երկու հոտի էլ հանդիպեցի անմիջապես խոտհարքներում: Իբր դաշտամիջյան ճամփով էին քշում, իսկ իրականում երկկողմ փռած՝ անվախ ու անվրդով, անշտապ արածեցնելով: Ակամա մտաբերեցի «Մշակում» ընթերցածս նյութերն անցյալ դարասկզբի հայ-թաթարական ընդհարումների մասին, որոնց պատճառը հիմնականում ամեն գարունքի Նախիջևանից, Մուղանի հարթավայրից Արցախի լեռնային արոտավայրեր ելնող և ճամփին հայ շինականի ցանքսերը ոտնատակ տվող զինված քոչերն էին: Այն ժամանակ գոնե հողի տերը կռիվ էր տալիս, մարտնչում իր արտի, խոտհարքի համար, իսկ այսօր հենց ինքն է ավերողը; Վստահաբար եմ գրում, որովհետև այցիս օրը որտե՜ղ ասես տարատեսակ աղբ տեսա. մի դեպքում ավտոյով գնացողն է ճամփին թափել, մեկ այլ դեպքում՝ բանջար քաղողը, հնձվորը, որսորդն ու որսագողը, հենց ռանչպարը: Էլ գարեջրի ու կոլայի շիշ, էլ ավտոդող, թիթեղ, խոտահակի խճճված թել, տրակտորի ժանգակեր շղթա, պահածոյի տուփ, միանգամյա գործածության պնակ, բաժակ, քամուց տարուբերվող ցելոֆանի տոպրակ, պարկ՝ կառչած մասրենու թփից, հերվա փշից, քարի ճղոնում, կիսաթաղ, դողերի հին ու նոր դաջվածք՝ կանաչ արտում, սարալանջին, մարգագետնի լայնքով, երկայնքով: Քսանեմեկերորդ դար է, հասկացանք, բայց ավտոներով բանջարի, սնկի գնալս ո՞րն է: Գնացե՞լ եք, գոնե ճամփեզրին կանգեցրեք, թե չէ քշելով եք փնտրում, ոտքը գետնին չհպելով, ըմպելուց, խփշտելուց հետո անպիտոն շպրտելով՝ ուր պատահի: Անհոգի, անսրտացավ, անմիտ, անգետ, անհեռատես, բայց այդչա՞փ: Չէ՞ ձերն է, մեկ օրվա, մեկի, մեկ սերնդի չի բնության բերումով ընծայվել, տրվել հողը:

Վարչապետը վերջերս հրահանգել է երկիրը մաքրել աղբից: Ողջունելի, գովաբանության արժանի հանձնարարական է՝ իջած լավ վերևից, ներքևից էլ արդեն ծրագրեր, զեկույցներ են գնում բուրգի գագաթ՝ այս է արվել, այսքանն էլ հետագայի համար նախատեսված է: Կպակասե՞ն աղբանոցները, համատարած դարձող աղտեղանքը կնահանջի՞: Թերահավատ եմ, որովհետև կյանքն այլ բան է հուշում, որովհետև սովետի տարիներից առ օրս ամեն գարունքի, աշնան մայրաքաղաքում երեսուն-քառասուն հազար ծառ ու թուփ են, իբր, տնկում, բայց գիտենք, տեսնում ենք, չէ՞, որ կանաչ տարածքները տարի տարվա վրա չքանում, անէանում են, ծաղկանոցներն էլ ընդամենը անճաշակ տիկնոջ շպար են հիշեցնում: Տպավորությունը նույնն է այս հանձնարարականի կատարումից. ասես միակուսակցական երկրի հերթական միջոցառում լինի:

Համաշխարհային հանրությանը ՀՀ-ն խոստացել է անտառածածկույթը մինչև 2050 թվական 11 տոկոսից հասցնել 20-ի: Հավանակա՞ն է, երբ Հայաստանից ամեն տարի 10 հազար խմ միայն անմշակ փայտանյութ (գերան) է արտահանվում: Հավելեք անընդմեջ ապօրինի հատումները, հրդեհները,  ծառուտներում թույլտվությամբ կառուցապատումները, հանքարդյունաբերության, ճանապարհաշինության հետևանքով ոչնչացրածը, առկա անտառի որակական փոփոխությունը …

Երևանից գնացեք Արտաշատ, Էջմիածին, Աշտարակ, Աբովյան: Գրեթե ազատ տարածք չկա, նախկին այգիների տեղում չորեքկողմյան պարսպապատ պալատներ են, ամրակուռ  առաձնատներ, տխեղծ շինություններ, կիսակառույցներ, խանդակներ ու փոսորակներ,  ճամփեզրը զավթած խաղատներ, բենզինի ու գազի լցակայաններ, կրպակներ, խանութներ, հացատներ և՝ չնչին կանաչ, սակավաթիվ ծառեր… Փնթիություն,  ինքնագործունեություն՝ բոլորեքյան:

Ի՞նչ նպատակի են ծառայում կրոնի, պատմության, գրականության, աշխարհագրության, կենսաբանության, ինֆորմատիկայի ժամերը, ի՞նչ են ուսուցանում դպրոցներում, մանկապարտեզներում այդ գրեթե միանման սանրվածքներով, հագուկապով տնօրենները, վարիչները, դասատուներն ու դաստիարակները, եթե նրանց կրթած քաղաքացին է աղբ թափում, խնչում, թքում վերելակում, միզում գետնացումում, զազրաբանում հանրային վայրում, եթե հազար-հազարները վարվելակերպի, համակեցության պարզագույն կանոններին, այլ խոսքով՝ մարդավայել ապրելու մշակույթին չեն տիրապետում, եթե խորշում են մեսրոպյան գրից ու գրական հայերենից՝ գերապատվությունը տալով լատինատառին, ժարգոնին: Գրոշի արժեք ունեն հայրենասիրական ճառերը, նախնյաց հիշատակին ներբողները, խոնարհումներն ու մոմավառությունները, խնկարկումները, երբ համակողմանի  անգետն է ճաշակ ու կյանքի որակ թելադրում, ապահովում: «ՈՒ սուտ են ձեր խոսքերը բոլոր»,-բանաստեղծի հայտնի տողը վերհիշեմ  (միտումով փոխած, քո-ի փոխարեն՝ ձեր):

Բնապահպանության նախարարը շաբաթներ առաջ Ջրվեժի ազգային պարկում ծառատունկի մասնակցեց, կամենում է անտառպուրակում բիզնես ծրագիր ներդնել, օրինակ՝ ձիարշավներ կազմակերպել: Իսկ տեղյա՞կ է, որ գարնանից մինչև խոր աշուն տասնի չափ կով է արածում իր այցած հատուկ պահպանվող տարածքում, և իր ներկայությամբ տնկած ծառերի մի մասը չգիտես ում պատկանող նախրիկը կխժռի, մնացածն էլ կիզիչ շոգին կթոշնի, որովհետև Ազատի ջրամբարից խողովակաշարով բերվածը տնտեսության ջրկիր ավտոները վաճառքի են հանում մայրուղու մյուս կողմում գտնվող ամառանոցատերերին, փոխանակ մատղաշ տնկարկները ոռոգեն: Առիթ է, ուստի մտահոգությունս բարձրաձայնեմ նաև վարչապետի՝ բիզնեսին առաջնահերթություն տալու, ցանկացած ձեռնարկում եկամուտ ակնկալելու քաղաքականության վերաբերյալ: Հետևանքները, մասնավորապես բնապահպանական մասով, ցավագին են լինելու, որովհետև ընդերքի արդյունահանման խթանումով խրախուսում, թևեր է տալիս առավելագույն  շահույթ կորզել կարողացողին:

Շրջակա միջավայրի  հանդեպ մարդու վերաբերմունքը, ըստ իս, կրթվածության ամենաճշգրիտ ցուցիչն է, ուստի ծառայողի, պաշտոնյայի պատրաստվածության, պիտանիության չափանիշը բոլոր մակարդակներում լավ կլինի դրանով պայմանավորել (այսօր և հետագայում՝ հատկապես): Երբ երկրի բնակչության ստվար հատվածը վարքով անձնապաշտ է, նեղմիտ, զուրկ գոյապահպանական գիտակցությունից, անգամ բնազդից, իսկ ունակ փոքրամասնությունը՝ զրկված կազմակերպելու հնարավորությունից, հավասարակշռությունը վերականգնելու համար վաղ, թե ուշ գործել կսկսի հետհարվածի ինքնաշխատ օրենքը՝ կործանարար չափն անցածի, անցնողների համար:

 

Արամ Հովհաննիսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031