Մայիսի 10-ին ժամը 12-ն անց 40-ի սահմաններում մի խումբ քաղաքացիներ, ի նշան բողոքի, շուրջ 40 րոպե փակել են միջպետական ավտոճանապարհի Իջեւանի շուկայի հարակից հատվածը:
Իջեւան քաղաքից տեղեկացանք, որ քաղաքացիները բողոքել են մարզի ճանապարհների վատ վիճակից եւ Իջեւանում գյուղմթերքների փողոցային առեւտուրն արգելելու որոշումից: Իջեւանից հայտնեցին, որ բողոքողների մեջ նկատելի են եղել ՀՅԴ անդամներ:
Դեպքի վայր են ժամանել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը եւ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը, որոնք լսել են բողոքողների պահանջները:
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սերժիկ Ղալթախչյանը հայտնեց, որ ճանապարհը կարճ ժամանակ է երթեւեկի համար փակ եղել, իրենք կազմակերպել են ավտոմեքենաների անցումը այլընտրանքային ուղիով՝ Իջեւանի Անկախության փողոցով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ