Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ օրերս արած հայտարարությունն այն մասին, որ Տաջիկստանում, Ղրղըզստանում ու Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները պատրաստ են պայքարելու ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ, լուրջ մտահոգություն է առաջացրել Գյումրիում։
Ուշագրավն այն է, որ Սերգեյ Լավրովը նման հայտարարությամբ հանդես եկավ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանությունից հետո, երբ պարզվեց, որ Հունաստանից Հայաստան տեղափոխված կասկածյալը Իսլամի հետևորդ է։
Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով Հայաստանին «Իսլամական պետության» դեմ պայքարի մեջ ներքաշելու մասին Լավրովի հայտարարությունն ունե՞ր ենթատեքստ, որոշակիորեն կապվա՞ծ էր ռուս զինծառայողի սպանության հետ։
«Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը միամիտ չի արել այս հայտարարությունը, ինչպես դուք նշեցիք, անպայման ենթատեքստ ուներ։ Եվ պատահական չէ, որ Լավրովը նշեց այն երեք երկրները, որոնց տարածքում Ռուսաստանն ունի ռազմաբազաներ։ Պետք չէ մոռանալ, որ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը կազմակերպվել էր ղրղըստանցի ծայրահեղական երիտասարդի կողմից։ Նույն Տաջիկստանը բավական մեծ խնդիրներ ունի տաջիկաաֆղանական սահմանում, և դա պայմանավորված է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից Աֆղանստանի հյուսիսում վերահսկողություն սահմանելու հետ։ Եվ, ինչպես դուք նշեցիք, ռուս զինծառայողի սպանությունը Գյումրիում, որի մեղավորը, ինչպես պարզվեց հետագայում, մահմեդականացված հայ է, որը երկար տարիներ ապրել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում։ Սրանով երևի թե պարոն Լավրովն ուզում էր մեսիջներ ուղարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, որ Ռուսաստանի համբերության բաժակը լցվում է։ Եվ դա պայմանավորված է նրանով, որ նույն ԻՊ ահաբեկչական կազմակերպությունը կարող է իր էմիսարների միջոցով վերը նշված այս երեք պետություններում ակտիվանա։
Բայց խնդիրն այն է, որ մենք մինչև հիմա ոչ մի ակտիվություն չենք տեսել «Իսլամական պետության» կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում։ Եվ վտանգն այն է, որ եթե պարոն Լավրովը 102-րդ ռազմաբազան ներքաշում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ գործողություններում, դա հակադարձ քայլերի կմղի նույն «Իսլամական պետությանը», որը կարող է և՛ ՀՀ տարածքում, և՛ Գյումրի քաղաքում, որը 102-րդ ռազմաբազայի կենտրոնատեղին է, ահաբեկչություններ կազմակերպել։
Իսկ այս խնդրից բխող ամենակարևոր պրոբլեմն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը, որը վերջին 2-3 տարին պայքարում է «Իսլամական պետության» դեմ Սիրիայի տարածքում, ինքը իր սեփական երկրի տարածքը չի կարող ապահովագրել այդ ահաբեկչական կազմակերպության հարձակումից։ Եվ դրա վառ օրինակը Չեչնիայում և Աստրախանում Ռոսգվարդիայի կենտրոնատեղերի վրա տեղի ունեցած հարձակումներ են, ինչպես նաև Սանկտ Պետերբուգի մետրոպոլիտենում պայթյունն էր, որոնց իրականացումը իր վրա էր վերցրել «Իսլամական պետությունը»։ Հիմա եթե ՌԴ-ի նման երկիրն ինքն իրեն իր տարածքում չի կարող ապահովել ահաբեկչական հարձակումներից, ինչպե՞ս կարող է Հայաստանին ներքաշել այդ ահաբեկչական կազմակերպության դեմ պատերազմին ու հայտարարել, որ ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ չեն իրականանալու, դա հնարավոր չէ»։
Ըստ քաղաքագետի, եթե «Իսմալական պետությունն» ակտիվացել է տաջիկաաֆղանական սահմանին կամ ՀԱՊԿ անդամ Ղրղըզստանում, որը ահաբեկիչներ է մատակարարում Ռուսաստան ու պայթյուններ կազմակերպում ռուսական քաղաքներում, ապա թող այդ երկրներում տեղակայված ռազմաբազաներն իրենք զբաղվեն այդ խնդրով։
«Այստեղ պետք չէ, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան ներքաշվի այդ գործում, իսկ ռուսական կողմը պիտի քայլեր ձեռնարկի իր զինծառայողների անվտանգությունն ապահովագրելու համար, բայց դա պետք է անել այլ միջոցներով, այլ ոչ թե բացեիբաց հայտարարել, որ 102-րդ ռազմաբազան պատրաստ է գործողությունների «Իսլամական պետության» դեմ։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը ու ՀՀ անվտանգության մարմինները, ինչպես նաև մեզ այդ պատերազմի մեջ ներքաշող Ռուսաստանն ապահովագրո՞ւմ են Հայաստանի բնակչության անվտանգությունը։ Մենք բազում խնդիրներ ունենք մեր պետության ներսում և նոր խնդիրների կուտակումը էլ ավելի կսրի իրավիճակը երկրում, էլ ավելի կխթանի մարդկանց արտագաղթը, էլի ավելի կբարդացնի քաղաքական իրավիճակը երկրում, որը ո՛չ ձեռնտու է ՀՀ իշխանություններին, ո՛չ էլ ձեռնտու պիտի լինի Ռուսաստանի իշխանություններին։
Այնպես որ պարոն Լավրովը, որը ցանկանում է ուժեղի դիրքերից հանդես գալ և ապացուցել, որ իրենք շատ ուժեղ են և կարող են պայքարել «Իսլամական պետության» դեմ, լավ կանի իր պայքարը սկսի իր պետության ներսում, որպեսզի նույն Չեչնիայում, Աստրախանում, Սանկտ Պետերբուրգում այսպիսի ահաբեկչություններ տեղի չունենան և այդ ահաբեկչությունները չարտահանի իր ռազմավարական գործընկերների տարածքներ։
Իհարկե, «Իսլամական պետությունը» շատ մեծ վտանգ է ներկայացնում բոլորի տարածաշրջանում, հատկապես Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, բայց մենք եզակի երկիրն ենք տարածաշրջանում, որը գրեթե մինչև հիմա ոչ մի առնչություն չի ունեցել այդ կազմակերպության հետ։ Մեր հարևան Վրաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև նույն ՌԴ-ն ու Թուրքիան համարվում էին «Իսլամական պետություն» կազմակերպությանն ահաբեկիչներ մատակարարող կենտրոններ։ Թվարկված երկրների բազմաթիվ քաղաքացիներ անդամագրված են այդ ահաբեկչական կազմակերպությանը, և պատկերացնում եք եթե հիմա մենք ներքաշվենք այդ ակտիվ ահաբեկչական կազմակերպության դեմ պատերազմին․․․ Վրաստանի քաղաքացիները, որոնք ԻՊ-ի հետևորդներ են կամ նույն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, որոնք կարող են հրահանգներ ստանալ «Իսլամական պետության» պարագլուխներից, ինչեր կարող են կազմակերպել Հայաստանում։
Եվ ես հաստատ համոզված եմ, որ շատ դեպքերում մեր Ազգային անվտանգության ծառայությունը չի կարողանալու հակադարձել նրանց կամ կանխել։ Մահմեդական հայ երիտասարդի ակտիվությունը չկարողացան կանխել։ Ես այլ հարց ունեմ մեր ԱԱԾ-ին․ էդ մահմեդական հայ երիտասարդը ինչպե՞ս է ծառայել հայկական բանակում, ինչպե՞ս է ազատվել ծառայությունից, ես չեմ հասկանում մեր համապատասխան մարմինները վերահսկողություն չեն սահմանե՞լ նրա նկատմամբ։ Սպանություն գործելուց հետո նոր հասկացա՞ն, որ ինքը մահմեդական էր, ինքը հոգեկան խնդիրներ ուներ, նրան ուշիուշիով պիտի հետևեին։
Շատ խնդիր ունենք, հիմա էլ ներքաշվենք «Իսլամական պետության» դեմ պատերազմի մեջ, սա ուղղակի ինքնասպանություն է։ Եթե մենք լինեիք հզոր երկիր ու հզոր անվտանգության համակարգ ունենայինք, միգուցե այդքան մեծ խնդիր չլիներ, բայց նույնիսկ մեր ռազմավարական գործընկերը իրեն չի կարող ապահովագրել այդ ահաբեկչության հարձակումներից»։
Ըստ քաղաքագետի, ՀՀ իշխանությունները պիտի հասկացնեն մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը, որ Հայաստանի ձեռքերով չփորձի շագանակներ հանել կրակից ու այլ քայլեր մշակի «Իսլամական պետության» դեմ պայքարում։
ՌԴ ԱԳ նախարարը նաև ընդգծել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների ուժային ստորաբաժանումները մշտապես պատրաստ են գործելու այդ ուղղությամբ: Գագիկ Համբարյանը հարցնում է՝ իսկ որտե՞ղ էր այդ ՀԱՊԿ-ն, երբ ադրբեջանական զինուժը հարձակումներ էր գործում Տավուշի մարզի գյուղերի վրա։ «Բա որտե՞ղ էին էդ Տաջիկստանը, Ղրղըզստանը, Ղազախստանը, Բելառուսը, հիմա Հայաստա՞նը պիտի արձագանքի Ղրղըզստանին, Տաջիկստանին սպառնացող վտանգներին։ Լավրովը թո՛ղ այդ երկրներին սպառնացող վտանգը լուծի այդ երկրների հետ համատեղ, ոչ թե այլ երկրների ներքաշի։ Ինչպես նույն Ղազախստանն ու Ղրղըզստանը Տաջիկստանի հետ միասին չեն ցանկանում ներքաշվել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մեջ, այդպես էլ պաշտոնական Երևանը բացարձակ մտադրություններ չպիտի ունենա ներքաշվելու տաջիկաաֆղանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մեջ կամ ներքաշվել Ղրղըզստանի ներքին խնդիրների մեջ, որը դարձել է ահաբեկիչներ արտահանող երկիր»-ասում է Գագիկ Համբարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ