Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչները հայտնեցին,որ ապրիլի 25-ին ժամը 17.45-ից մինչ այժմ ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից կրակ է բացել միջպետական ավտոճանապարհի վրա:
Ժամը 18. 20-ի դրությամբ գնդակոծությունը շարունակվում է: Վարորդները միջպետական ճանապարհի սահմանամերձ, վտանգավոր հատվածը անցնում են մեծ արագությամբ, որպեսզի ադրբեջանական գնդակների թիրախ չդառնան: Շատ մեքենաների վարորդներ անվտանգության նկատառումներով Ոսկեպար-Բաղանիս հատվածն անցնում են սահմանագոտին շրջանցող ավտոճանապարհով:
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաեւ Բաղանիսի սահմանամերձ հողատարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բաղանիսցիներ Անուշ Ավագյանի եւ նրա որդի Մհեր Ավագյանի վրա: Բարեբախտաբար, նրանք չեն տուժել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ