Երեկ երեկոյան Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Շերամի 160-ամյակին նվիրված հոբելյանական համերգը, որը նախաձեռնել էին Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբն ու «Ծիրանափող մշակութային երիտասարդական» հ/կ-ն։
Նախաձեռնությունն ինքնատիպ էր նրանով, որ համերգի ողջ հասույթը վիճակահանությամբ տրամադրվեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին՝ գյումրեցի անօթևան մի ընտանիքի բնակարան ձեռք բերելուն։
Մոտ երկու ժամ տևած համերգի ընթացքում Շերամի սիրված կատարումներով ոչ միայն հանդես եկան Ռուբեն Մաթևոսյանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Կամո Սեյրանյանը, Գևորգ Դաբաղյանը, Մուրադ Մալխասյանը և այլք, այլ Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Հովհանիսյանը փոքրիկ բեմադրությունների միջոցով ներկայացրեց գուսանի կյանքը։ Նա անձնավորում էր Շերամին, որը պատմում էր իր կյանքի հիշարժան դրվագները, իր կարևոր հանդիպումները, սերն ու նվիրվածությունը հարազատ Գյումրիին։
«Ես չէի կարող ապրել այլ տեղ, որովհետև գյումրեցիներն ինձ շատ կկարոտեին, որովհետև գյումրեցի աղջիկներն առանց իմ երգերի հարս չէին գնա»,- Թբիլիսիից վերադառնալուց հետո հայտարարել է սիրո երգիչը։
Համերգն ավարտվեց վիճակահանությամբ․ «Բարեկամության այգի» կոչվող տնակային թաղամասի 14 անօթևան ընտանիքների տնակների հասցեները գցեցին արկղի մեջ, խառնեցին այն, փոքրիկ մի աղջիկ վիճակահանությամբ քաշեց մի հասցե, ու տվյալ տնակի ընտանիքը դարձավ բնակարանատեր։
Ինչպես իր ելույթում նշեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն, տնտեսագետ Ղարիբ Հարությունյանը, այս հիմնադրամն արդեն իսկ 19 բնակարան է հայթայթել գյումրեցի անօթևան ընտանիքների համար, իսկ այս համերգով լուծվում է 20-րդ բնակարանի հարցը։
Ղարիբ Հարությունյանը պարզաբանեց, որ հիմնադրամի աշխատանքային սկզբունքներից մեկը Գյումրին թաղ առ թաղ տնակներից ազատելն է, այժմ թիրախային թաղը «Բարեկամության այգի» կոչվող տնակային թաղամասն է։
Ինչևէ, վիճահանությամբ բնակարանը բաժին ընկավ վերոնշյալ թաղամասի 234/254 տնակում բնավող Յուզբաշյանների ընտանիքին։ Ղարիբ Հարությունյանը հենց բեմից զանգահարեց ընտանիքի հորը՝ Արամայիս Յուզբաշյանին՝ նշելով, որ դահլիճում նստած 600 հոգի ողջունում են ու իրենց աջակցությունն են ցուցաբերել։ «Առաջիկա օրերին դուք բնակարան կունենաք»,- ընտանիքի հորն անակնկալի բերեց Ղարիբ Հարությունյանը։ «Լսո՞ւմ եք մեզ»,- հարցնում էր վերջինս։ Ընտանիքի հայրը, շփոթված, հուզմունքից չկարողանալով խոսել, մի կերպ արձագանքում էր, որ լսում է։
Առաջիկա օրերին բնակարանի բանալիները կհանձնվեն այս ընտանիքին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ