Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցին՝ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելո՞ւ եք՝ պատասխանեց, որ այդ հարցը քննարկվում է եւ շատ-շատ հավանական է, որ 2017-ին ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնությունը կստորագրվի եւ պառլամենտում կունենանք երկու իշխանական կուսակցություն: Հիմա դեռ քննարկումները շարունակվում են, բայց երկու ուժերն էլ հակված են համագործակցությունը շարունակել:
Լրագրողները հետաքրքրվեցին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի՝ դպրոցի տնօրենների ձայնագրություններից եւ նրանց ներկայացրած դատական հայցից:
Լրագրողների դիտարկմանը, որ սելը ճռռալու տեղը սելվորն է ճռռում, բավական չի վարչական ռեսուրսի չարաշահման համար են քննադատվում, մի բան էլ իրե՞նք են դատի տալիս՝ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ չի կիսում այդ տեսակետը. «Ես ունեմ իմ կարծիքը: Այո, մենք բարոյական աջակցություն ենք ցույց տալիս եւ ցույց տալու այդ տնօրեններին, որովհետեւ ինչպես դուք, որպես լրագրող, իրավունք ունեք պաշտպանելու ձեզ եւ ձեր կոլեգաների իրավունքները դատական ատյաններում, այնպես էլ մենք իրավունք ունենք բացառապես բարոյական աջակցություն ցույց տալու մեր կուսակից գործընկերներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ