Այս տարի Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կայանալիք կինոշուկայում Հայաստանը կներկայանա Village International Pantiero հատվածում` N 226 տաղավարում: Մեր երկիրը կունենա պաշտոնական-ներկայացուցչական տաղավար:
Կաննի կինոշուկան դասական շուկայի տրամաբանությունից շատ չի տարբերվում. ֆիլմերն ու նախագծերն այնտեղ գնում են վաճառքի: Ֆիլմերը փորձում են գտնել միջազգային դիստրիբյուտորներ, վաճառքի գործակալներ և դուրս գալ կինովարձույթ, նախագծերը՝ համարտադրողներ և դիստրիբյուտորներ:
Ապրիլի 1-ին Մշակույթի նախարարությունում քննարկվել են կինոշուկայի մասնակցության հայտերը: Այդ նպատակով կազմավորված հատուկ հանձնաժողովը ներկայացված 12 կինոնախագծից մրցութային կարգով ընտրել է երեքը՝ «Բարս մեդիա» կինոստուդիայի «Արշալույսի լուսաբացը», Սերգո Ուստյանի «Փոխանակումը» և Արթուր Սուքիասյանի «Վիրավոր քաղաքը»: Այս մասին ապրիլի 3-ին հայտարարություն տարածեց Մշակույթի նախարարության կայքը և լրացուցիչ տեղեկությունների համար առաջարկեց զանգահարել Ժամանակակից արվեստի վարչության մասնագետ Գուժ Թադևոսյանին կամ Կաննի կինոշուկայում Հայաստանի պատվիրակության համակարգող, ռեժիսոր Հովհաննես Գալստյանին:
Լրացուցիչ հարցերի շուրջ «Առավոտը» զրուցել է կինոարտադրության ոլորտի կազմակերպությունների և Կաննի կինոշուկայում Հայաստանի մասնակցությունը կազմակերպող պատասխանատուների հետ:
Կարդացեք նաև
Կաննի կինոշուկայում Հայաստանի պատվիրակության համակարգող, ռեժիսոր Հովհաննես Գալստյանը հավատացած է, որ այս տարվա մասնակցությունը Կաննի կինոշուկայում Հայաստանի կինոարտադրությանը գործնական արդյունքներ կբերի, ի տարբերություն նախորդ տարիների, որին անձամբ ինքը՝ Հովհաննես Գալստյանը մասնակցել է.
–Նախորդ տարիներին Կաննում Հայաստանը ներկայացնող Ազգային կինոկենտրոնը և «Հայկ» կինոստուդիան տաղավար վարձակալում էին նկուղային հարկում, որտեղ հավատարմագրված 12000 մասնակցից մտնում է 100-200 մարդ: Տարբեր տարիներին Հայաստանի պետական պատվիրակության կազմում Կաննում ընդհանուր առմամբ եղել է 43 մասնակից: Նրանցից 4, 5 հոգին են, որ կինոինդուստրիայում ներգրավված են: Մարդիկ գնացել են, մասնակցել, վերադարձել ու վերջ: Այս տարի մենք փոխել ենք Կաննում մեր ներկայության տրամաբանությունը, վարձակալել ենք 16քմ տարածք երկրների համար նախատեսված պաշտոնական հատվածում, որը նաև ծովափնյա բանուկ մասում է:
Փաստորեն, Մշակույթի նախարարությունն այս տարի որոշել է առավել արդյունավետ օգտագործել Կաննի հարթակը՝ մեր կինոոլորտը զարգացնելու համար՝ վարձակալելով պաշտոնական տաղավար և Կանն ուղարկելով պատվիրակության նոր կազմ՝ նոր ծրագրով:
Հովհաննես Գալստյան– Մենք պետք է փոխենք մեր ներկայությունը Կաննում, այլապես մասնակցությունը անիմաստ է: Ազգային կինոկենտրոնը և «Հայկ» կինոստուդիան հավանաբար այս տարի ևս դիմել են Կանն գնալու համար, բայց նախարար Արմեն Ամիրյանը հավանություն տվեց մեր անհատական նախաձեռնությանը և հաստատեց «Սինեմա» կենտրոնի ծրագիրը:
Կինոարտադրող այլ կազմակերպություններ հանդես չեն եկել Կաննի կինոշուկայում Հայաստանը ներկայացնելու իրենց ծրագրով: Նախարարությունը Կաննի կինոշուկայում Հայաստանի մասնակցության ծրագրի մրցույթ չի հայտարարել:
Հովհաննես Գալստյանի ներկայացրած և նախարարի կողմից հաստատված ծրագրի համաձայն Կաննի կինոշուկայում ներկայանալու համար նախարարությունն այս տարի առաջին անգամ հայտարարել է ֆիլմերի և նախագծերի մրցույթ՝ փիչինգ: Հայտերի քննարկման համար կազմվել է հատուկ հանձնաժողով, որը Հ. Գալստյանի խոսքով՝ պետք է քննարկեր նախագծերի արտադրական պոտենցիալը: Ընտրության կարևոր չափանիշ է համարվել միջազգային համագործակցության՝ արտասահմանյան համարտադրողների առկայությունը, Կաննում նրանց հետ ձեռք բերված հանդիպումների շուրջ պայմանավորվածությունները:
Հովհաննես Գալստյան- Քանի որ ժյուրին չէր քննելու հայտերի գեղարվեստական մասը, այլ միայն արտադրական պոտենցիալը, հավաքել էինք ինստիտուցիոնալ ժյուրի՝ տարբեր կառույցներից: Շատ կարևոր էր նաև, որ ժյուրիի կազմը միայն տղամարդկանցից բաղկացած չլինի: Հրավիրել էինք նաև Եվրիմաժի հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանին, որը, ցավոք, չկարողացավ մասնակցել:
Ինստիտուցիոնալ ժյուրիի կազմում եղել են՝ ռեժիսոր, «Սինեմա» կենտրոնի հիմնադիր Հովհաննես Գալստյանը, պրոդյուսեր Արսեն Բաղդասարյանը, վավերագրող-ռեժիսոր Արման Երիցյանը, Ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչ Վարդան Աբովյանը, Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Գուժ Թադևոսյանը, ռեժիսոր Նարինե Մկրտչյանը: Ոչ պաշտոնապես հայտերի քննարկմանը մասնակցել է նաև ռեժիսոր Արսեն Ազատյանը: Ժյուրիի կազմում նրա ներկայության թյուրիմացությունը ճշտեցինք Հ. Գալստյանի հետ: Պարզվեց՝ ժյուրին ընդառաջել է ամուսնու հետ ներկայացած միակ կին անդամին՝ թույլ տալով Արսեն Ազատյանի մասնակցությունը, պայմանով, որ ամուսինները կունենան մեկ ձայնի իրավունք:
Ինստիտուցիոնալ ժյուրիի կազմում չեն եղել վավերագրական և խաղարկային ֆիլմերի խոշոր արտադրողներ «Հայկ» կինոստուդիան և «Շարմ» ընկերությունը: Մեր հարցին, թե՝ ինչո՞ւ չեք ընդգրկված եղել հանձնաժողովի կազմում, Շուշանիկ Միրզախանյանը և Կարեն Ղազարյանը պատասխանեցին՝ առաջարկ չենք ստացել:
Մրցույթին ներկայացված 12 կինոնախագծերից հանձնաժողովը ընտրել է երեքը:
Հայտերի ընդունման մրցութային կարգի համաձայն, մրցույթին կարող էին մասնակցել 2017-18 թթ. ավարտվող, այս պահին արտադրության որևէ փուլում գտնվող, համատեղ արտադրության պոտենցիալ ունեցող խաղարկային, ոչ խաղարկային, անիմացիոն կինոնախագծերի հեղինակներ` ռեժիսոր, պրոդյուսեր, պայմանով, որ ֆիլմի իրավատերը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է կամ իրավատեր կազմակերպությունը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում:
«Արշալույսի լուսաբացը» նախագիծը վավերագրական-խաղարկային-անիմացիոն լիամետրաժ ֆիլմի նախագիծ է: Ներկայացնում է Հայոց ցեղասպանության ականատես, ցեղասպանությունից փրկված Ավրորա Մարդիգանյանի կյանքը: Արտադրողը «Բարս մեդիա» կինոստուդիան է, համարտադրողը՝ գերմանական Gebruder Beetz կազմակերպությունը: Հայտի հեղինակները այս պահին փորձում են պայմանավորվածություններ ձեռք բերել Կաննի կինոշուկայում նախագիծը վաճառելու համար: Նախագծային փուլում գտնվող ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանը սկսնակ է: Ֆիլմացանկում մեկ վավերագրական աշխատանք ունի՝ ռեժիսոր Արման Երիցյանի հետ նկարահանել է «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը:
Սերգո Ուստյանը դեբյուտանտ է: Ներկայացրել և հաղթել է «Փոխանակումը» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի նախագիծը: Նախագծային փուլում գտնվող ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1993թ., Հայաստանում, Ստեփանակերտում, Շուշիում, ինչպես նաև Ադրբեջանում: Արտադրող կազմակերպությունը «Վեգա Ֆիլմն» է: Համարտադրող այս պահին չունի, հույս ունի գտնել Կաննի կինոշուկայում: Երրորդ նախագծի՝ նույնպես դեբյուտանտ ռեժիսոր Արթուր Սուքիասյանի «Վիրավոր քաղաքը» վավերագրական ֆիլմի նախագծի արտադրողը «ԱտլասԴոկ» կազմակերպությունն է:
Կաննի կինոշուկային մասնակցելու համար Մշակույթի նախարարությունը հայտարարել էր նաև մրցույթ պատրաստի ֆիլմերի համար: Այս պահի դրությամբ ֆիլմեր ընտրված չեն և նախարարությունը հայտնում է, որ ֆիլմարտադրողները դեռ կարող են ներկայացնել դրանք: Հ. Գալստյանի խոսքով՝ ներկայացված ֆիլմերը չեն համապատասխանել մրցույթի պահանջներին. հայտերի ընդունման մրցութային կարգի համաձայն, կարող էին մասնակցել «2016-17թթ. ավարտված, միջազգային կինոշուկայում վաճառվելու պոտենցիալ ունեցող խաղարկային, ոչ խաղարկային, անիմացիոն կինոֆիլմեր»:
Ինչո՞ւ է նման ժամանակային սահմանափակում դրվել հայաստանյան կինոարտադրողների համար: 2017թ.-ի ապրիլ ամսին դժվար թե ավարտված ֆիլմեր լինեին՝ հիմնականում պետական սուղ, հատվածական աջակցությամբ գոյատևող մեր կինոարտադրության մեջ: Մանավանդ, որ 2016թ.-ից առաջ արտադրված ֆիլմերը Կաննում կարող էին վաճառվել նաև հեռուստաընկերություններին: Հ. Գալստյանը պատճառաբանում է.
Ֆիլմը շուկա է մտնում համաշխարհային պրեմիերայով: Շատ կարևոր է համաշխարհային պրեմիերան անել այնտեղ, որտեղ ֆիլմը պոտենցիալ ունի վաճառվելու: Եթե դուք ֆիլմը ավարտել և բազմաթիվ պրեմիերաներ եք արել, սպանել եք ֆիլմի շուկան: Վաճառքի գործակալները հետաքրքրված են այն ֆիլմերով, որոնք նոր են պատրաստվում: Ստացել ենք միայն մեկ պատրաստի ֆիլմի հայտ, որը պատրաստվել է 2015թ.-ին: Աբսուրդ է 2015 թվականի ֆիլմի DVD-ն վերցնել ու գնալ Կաննի կինոշուկա: Նախորդ տարիներին պատրաստված հայկական ֆիլմերն այս տարի Կաննի կինոշուկայում վաճառվելու պոտենցիալ չունեն:
Հիմա մեր ողջ հույսը նոր ընտրված նախագծերն են, դրանք կարող են ճիշտ զարգացվել ու մտնել շուկա:
Հ. Գալստյանից հետաքրքրվեցինք, թե ընտրված երեք նախագծերից բացի, ի՞նչ ծրագրով է Հայաստանի պատվիրակությունը ներկայանալու Կաննի կինոշուկայում: Արդյո՞ք Կաննում ներկայանալու նոր ձևաչափը և ներդրված ռեսուրսները համարժեք են ծրագրին, որը պիտի իրագործվի Կաննում:
-Որպես «Սինեմա» կենտրոնի հիմնադիր ես տանելու եմ մեր ուսանողների 9 կարճամետրաժ ֆիլմերի նախագծերը, որպեսզի առաջարկեմ դրանք կարճ ֆիլմերի դիստրիբյուտորներին: Նրանց հետ արդեն ունեմ պայմանավորվածություններ: Որպես ռեժիսոր և «Պարալելս» փրոդաքշընի պրոդյուսեր՝ տանելու եմ նաև իմ երկրորդ՝ «Լուսավոր շրջան» ֆիլմը և «Տատիկիս վարսերը» ֆիլմը, / ռեժ. Մարինե Զաքարյան/: Դրանք պրեզենտացիոն էտապում չեն, այնտեղ ես կանեմ աշխատանքային՝ face to face հանդիպումներ:
Հայաստանի տաղավարի մի պատը ներկայացնելու է Հայաստանը՝ որպես կինոարտադրության համար գրավիչ երկիր: Կներկայացվեն Հայաստանում կինոարտադրության ոլորտի փոփոխությունները: Դրանց մասին Հայաստանում դեռ հայտարարված չէ: Հայաստանը պետք է ցույց տանք հոլովակով: Իսկ տաղավարի մյուս պատը կներկայացնի ընտրված երեք նախագծերը:
Ես շատ կցանկանայի, որ այդ նախագծերի հեղինակները մասնակցեն նաև կինոշուկայի շրջանակում կայանալիք Producer network ծրագրին, բայց քանի որ մեր նախագծերի ռեժիսորները սկսնակ են՝ չունեն ավարտած լիամետրաժ ֆիլմեր, չեն մասնակցի, կմասնակցեմ ես:
Կաննի 70-րդ կինոփառատոնը կկայանա 2017 թ. մայիսի17-28-ը: Հայաստանի պատվիրակությունը Կաննում կլինի 7 օր: Պատվիրակության կազմում ընդգրկված են համակարգող Հովհաննես Գալստյանը, կինոպրոդյուսեր Արսեն Բաղդասարյանը, տաղավարի ներկայացուցիչ Լիլի Վարդանյանը, ինչպես նաև՝ հաղթած նախագծերի հեղինակները:
Կաննի կինոշուկայում Village International, Pantiero հատվածում Հայաստանի տաղավարի վարձակալման արժեքը 6.400.000 դրամ է:
Հայաստանի պատվիրակության համակարգող Հովհաննես Գալստյանը «Առավոտին» խոստացավ ևս մեկ հարցազրույց Կաննից վերադառնալուց հետո:
շարունակելի