Դեռ մի քանի ամիս առաջ Հնդկաստան ասելիս առաջինը կարելի էր մտաբերել Թաջ Մահալն ու թեյերը: Այսօր՝ Հնդկաստանը ասոցացվում է առաջին հերթին օճառային օպերաների՝ սերիալների հետ:
Հնդկական ֆիլմերի ինդուստրիան Հայաստան մտավ 60-70-ական թվականներին: Խորհրդային ղեկավարությունը թույլ չէր տալիս հոլիվուդյան ֆիլմերին հայտնվել մեծ էկրանին և լավագույն այլընտրանքը մնում էին հնդկական ֆիլմերը: Շատերի կարծիքով` հենց դա է պատճառը, որ մեր օրերում հնդկական սերիալներն ունեն դիտելիության բարձր վարկանիշ՝ 70-ականների սերնդին հիշեցնում են նրանց երիտասարդությունը: Դիսկո պարողին, Զիտա, Գիտային փոխարինելու եկան սերիալների հերոսները: Առաջին ծիծեռնակը եղավ «Մերժվածը»՝ Շանթի եթերում, որին հետևեցին ՊանԱրմենիան մեդիա գրուպի 3 սերիալները:
Մեր հանրության մի ստվար զանգված հետևում է գործողությունների հետագա զարգացմանը, փողոցում կարելի է հանդիպել ավելի մեծ թվով աղջիկների, ովքեր ձեռքերին մեհենդի ունեն, բավականին ակտիվ գործում են սոցիալական ցանցերում երկրպագուների էջերը, հերոսների խոսքերը դարձել են շատերի առօրյա խոսքի մասը, և անգամ նորածին երեխաներին սկսել են անվանակոչել ի պատիվ նրանց:
Սերիալներն անգամ հնդկական մշակույթը նորաձև դարձրեցին Հայաստանում: Մեհենդին՝ հինայով մարմնի ժամանակավոր նախշազարդումն ունի մոտ հազար տարվա պատմություն: Առաջացել է Ասիայում, իսկ Եվրոպա հասել է միայն վերջին տարիներին: Արմինե Պետրոսյանը, որբ արդեն երկու տարի է, ինչ զբաղվում է այդ արվեստով, նկատեց, որ աղջիկները ցանկանում են հենց այն մեհենդին, որը տեսել են իրենց սիրելի կերպարի ձեռքին.
-Մեհենդիները հատուկ նշանակություն ունեն հատկապես հնդկական հարսանիքների ծիսակարգում: Կա վարկած, որ ինչքան երկար պահպանվի մեհենդին, զույգն այնքան երջանիկ կլինի: Իսկ առհասարակ մեհենդին պահպանվում է երկու-երեք շաբաթ: Մինչև հնդկական սերիալների ցուցադրումը և շուկայի բացումը, հազվադեպ կհանդիպեիր աղջիկների, որոնք մեհենդի ունեին: Իմ հին հաճախորդներից մեկը, օրինակ, մեհենդին տեսել էր իր սիրելի երգչուհու՝ Մադոննայի ձեռքին և որոշել էր ինքն էլ ունենալ նույն մեհենդիից,- հավելեց Արմինեն:
Նա նաև զբաղվում է հնդկական պարերով, քանի որ հինգ տարեկանից տարված է հնդկական ֆիլմերով և մշակույթով:
Նրանք, ովքեր դիտում եմ հնդկական սերիալներ, նշում են, որ հաջողության գրավականը հերոսների պարզությունն ու անկեղծությունն է:
-Շնորհիվ այս սերիալների, բարձրացվում են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են ամուսինների միջև տարիքային հսկայական տարբերությունը, սոցիալական անհավասարությունը: Բացի այդ՝ ներկայացվում է Հնդկաստանն իր ողջ գեղեցկությամբ, ինչը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը,- նշեց մեր զրուցակիցներից Նաիրա Վաթյանը, որը նույնպես երկար տարիներ է, ինչ հետաքրքրվում է հնդկական մշակույթով:
Հնդկական սերիալները դիտելիության բարձր վարկանիշ ունեն հատկապես հետխորհրդային երկրներում, և արգելված է դրանց ցուցադրումը այնպիսի երկրներում, ինչպիսիք են Պակիստանն ու Սաուդյան Արաբիան: Պակիստանի գերագույն դատարանը որոշում ընդունեց արգելել հնդկական ֆիլմերի և սերիալների ցուցադրումը, ինչից հետո կտրուկ ավելացավ թուրքական սերիալների թիվը: Այժմ Պակիստանում ցուցադրվում է յոթ թուրքական սերիալ, հաղորդում է BBC-ին:
Սիրանուշ ԳԵՎՈՐԳՅԱՆ