Այսօր Շիրակի մարզի Նահապետավան գյուղում վարչապետի հետ հանդիպելիս՝ մի տղամարդ, որն անընդհատ արտագնա աշխատանքի է գնում Ռուսաստանի Դաշնություն, նրան մի խնդրանք ներկայացրեց։ «Ես բազում տարիներ դուրս եմ գալիս Ռուսաստանի Դաշնություն», -այսպես սկսեց իր ասելիքը տղամարդը, որին վարչապետը ծիծաղելով արձագանքեց․«Թխի գա»։
Բոլոր հավաքվածները սկսեցին ծիծաղել։ Նահապետավանցի տղամարդը շարունակեց․«Ռուսաստանն էլ չի բավականացնում, աշխատավարձը, էնտեղ ապրելը, ստեղ ուղարկելը, ընտանիքը, քուր, ախպեր․․․Մենք, որ մտանք տամոժնի սայուզ, դուք հանդիպում ունեցաք Մեդվեդևի հետ Լենինգրադում, իմ խնդրանք է, եթե հաջորդ անգամ նման հանդիպում կլինի ՌԴ-ի․․․»։ Վարչապետը ընդհատեց նրան՝ ասելով․«Քո անունը տա՞մ»։ «Չէ»,- վարչապետի հումորին լուրջ տոնով պատասխանեց տղամարդը՝ շարունակելով․«Կարելի է մի ուրիշ սենյակ տանել ու ասել ՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ կամ Մեդվեդև, մե քիչ հայ ազգին ավել լավ տեղ տվեք, մեր երիտասարդները ճիշտ է՝ արհեստավոր են, մեր հայկական նոր եկեղեցին, որ կառուցվեց, ռուսներն ապշել էին»։
Հարց բարձրացնող նահապետավանցին սկսեց ռուսերեն մեջբերում անել, վարչապետը դարձյալ հումոր արեց, թե «ռուսերենդ շատ լավն է» ու վստահեցրեց, որ չկա այլ երկրի քաղաքացի, որին ՌԴ-ում ավելի լավ վերաբերեն, քան ՀՀ քաղաքացիներին։
Ըստ Կարեն Կարապետյանի, եթե հայ ազգի ներկայացուցիչներին դեպորտ են խփում, պատճառն այն է, որ նրանք օրենք են խախտում։
Կարդացեք նաև
«Պարոն Կարապետյան, տարրական բանի համար դեպորտ են խփո՞ւմ»,-զայրացան նահապետավանցիները։
Վարչապետն ասաց․«Ժողովուրդ ջան, օրինակի համար մեր մոտ Պարսկաստանից մարդիկ են գալիս, նարկոտիկի առևտրով են զբաղվում, եթե Պարսկաստանը վաղը մյուս դուրս գա մեզ վրա, առաջարկի, թե էս նարկոտիկի բիզնեսի հարցում թեթևացում արեք, որ մեր քաղաքացիները չբռնվեն, մենք կանե՞նք դա»։
«Մենք էդպիսի թեքում չունենք»,-բացականչեց վարչապետին խնդրանք ներկայացրած տղամարդը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ