«25 տարի մասնակցում եմ ցույցերի, բայց ոչինչ չի փոխվում»,-Օպերային թատրոնին հարակից Ֆրանսիայի հրապարակում «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված բողոքի երթի ժամանակ A1plus-ի ուղիղ եթերում ասաց երգիչ Ռուբեն Հախվերդյանը: «Ապագայում Արթուր Սարգսյանի արձանը պետք է կանգնեցվի մեր հերոսների նման: Նա, լավ իմանալով, որ իրեն կարող էին կրակելով սպանել, հաց տարավ մարդկանց»,-հավելեց Հախվերդյանը:
Նա կարծիք հայտնեց այն մասին, որ իշխանություններն ի վերջո համաձայնություն չտվեցին քաղաքացիների այն առաջարկին, որ Արթուր Սարգսյանին անհրաժեշտ է հուղարկավորել «Եռաբլուրում»: Ըստ Հախվերդյանի՝ իշխանությունների գլխի փոխարեն այլ օրգան է զբաղեցնում: «Անդրանիկ Մարգարյանը Կոմիտասի կողքին է թաղված՝ պանթեոնում…»,-նկատեց նա:
Հախվերդյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է իր դիրքորոշումը հայտնի նման խնդիրների շուրջ. «Հերթական անգամ տեսնում ենք կաթողիկոսի եւ եկեղեցու բացակայությունը: Տգեղ է էլի…»:
Ցուցարարները Երեւանի կենտրոնում շարունակում են խաղաղ երթը՝ վանկարկելով՝ «Հաց բերողին սպանել են»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ