Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել ավելի հաջողված էր, քան Ալիեւինը

Մարտ 09,2017 12:00

ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը ԵԱՏՄ-ական հույսերի նկատմամբ առավելություն կունենա

Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ձախողումից երեքուկես տարի անց Հայաստանն ու Եվրամիությունը համաձայնության եկան քաղաքական համաձայնագրի շուրջ: Փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտական փուլն անցյալ շաբաթ ամփոփվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Բրյուսել կատարած այցով։
Չնայած 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցության որոշումից հետո եվրոպացի դիվանագետների մոտ որոշակի շոկային տրամադրություններին` Երեւանն ու Բրյուսելն այսօր վերակառուցում են հարաբերությունները: Տեւական ժամանակ ԵՏՄ անդամ Հայաստանի իշխանությունները վստահեցնում էին, թե պատրաստ են շարունակել ԵՄ-ի հետ երկխոսությունը քաղաքական եւ առեւտրային ոլորտներում։
Այժմ պարզ է, որ նոր փաստաթուղթը թեեւ հիմնված կլինի Ասոցացման համաձայնագրի վրա, այն առավել թույլ կլինի, քան Ասոցացման համաձայնագիրը, սակայն կունենա նաեւ տնտեսական բաղադրիչ, որոնք կհարմարեցվեն Հայաստանի` ԵՏՄ-ում անդամակցության պայմաններին, ինչի մասին այս ընթացքում անընդհատ շեշտում էին Հայաստանի իշխանությունները: Փորձագետները խոսում են կարեւորագույն ոլորտներում ներդրումների, մրցակցության, «բաց երկնքի»՝ քաղաքացիական ավիացիայի, տնտեսական ոլորտների մասին, որոնք վերցվել են Ասոցացման համաձայնագրից ու հարմարեցվել Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմաններին։

Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ անկախ երեքուկես տարվա ժամանակի կորստին, սա իսկապես հաջողություն է Հայաստանի համար` թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ առհասարակ Հայաստանի իմիջը փրկելու տեսանկյունից, մանավանդ՝ Հայաստանի ներսում ԵՏՄ-ի հանդեպ առաջացած անվստահության, տնտեսական արդյունքներ չարձանագրելու պայմաններում: Այս առումով կարելի է կանխատեսել, որ ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրն արդեն իսկ ԵՏՄ-ի նկատմամբ առավելություն կստանա` մինչեւ նույնիսկ շոշափելի արդյունքները հասարակության կողմից արձանագրելը:
Մնում է, որ ՀՀ իշխանությունները առաջարկած փաստաթղթով ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին իրապես գիտակցեն դրանց կարեւորությունը: Այստեղ պետք է արձանագրել, որ ԵՏՄ-ական Հայաստանին ԵՄ-ի կողմից տնտեսական բաղադրիչով համաձայնագիր առաջարկելն առավելագույնն է, քան կարելի էր ակնկալել ԵՄ-ից:

Ակնկալում ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկ

Անցյալ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը ազդարարելու կարեւոր փուլ էր: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում արձանագրեց, որ հանդիպման գլխավոր թեման Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագիրն էր:

«Այսօր ես գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերն ավարտել են բանակցությունները: Նոր իրավական փաստաթուղթը համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր է, որն արտահայտում է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը: Միաժամանակ, հարկ է նշել, որ շրջանակային համաձայնագրից զատ, մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել ոլորտային համագործակցության առումով՝ ստորագրելով փոքր եւ միջին ձեռնարկությունների եւ նորարարության «Հորիզոն 20-20» ծրագիրը: Առաջիկայում հաջողությամբ կավարտենք նաեւ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին եւ «Ստեղծագործ Եվրոպա» նախաձեռնությանը միանալու աշխատանքները:

Ընդհանուր առմամբ, նախորդ երկու տարիները Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսանկյունից առանձնացել են ակտիվությամբ, զգալիորեն աշխուժացել է քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է համագործակցությունը տարբեր ոլորտներում»,- նշեց նա:
Ս. Սարգսյանն այնուհետեւ շեշտեց, որ Դոնալդ Տուսկի հետ քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ օրակարգի այլ հարցեր եւ ակնկալում են, որ առաջիկայում կմեկնարկի նաեւ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, որն ամրագրված էր Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի համատեղ հռչակագրում:

ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը հռչակված է միջազգային հիմնարար փաստաթղթերում

Ուշագրավ էր Սարգսյան-Սթոլթենբերգ հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ՀՀ նախագահի արձանագրումը: Կարեւորելով ՆԱՏՕ-ի եւ Սթոլթենբերգի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ Ս. Սարգսյանը արձանագրել է. «Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը՝ ծանր հրետանու եւ զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլեւս այդ հակամարտությունն «ակտիվ» է, եւ այսօր առավել քան երբեւէ անհրաժեշտ է, որպեսզի ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»:

Բրյուսելյան այցը կարելի է միջազգային հանրությանը ԼՂ գոտում իրավիճակի վերաբերյալ ահազանգ հնչեցնելու լուրջ հարթակ համարել: Ալիեւին սանձելու, նրան նոր արկածախնդրությունից հետ պահելու հարցում միջազգային հանրության դերն այսօր իսկապես խիստ կարեւոր է:

Ղարաբաղյան թեման Սերժ Սարգսյանը շոշափել է նաեւ Տուսկի հետ հանդիպմանը՝ նշելով, որ որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այնուամենայնիվ, այս խնդրում ելակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը: «Այստեղ որեւէ այլ մոտեցում չի կարող լինել: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ միայն հռչակված է միջազգային հիմնարար փաստաթղթերում, այլեւ վաղուց արդեն ճանաչված եւ ամրագրված է հակամարտությամբ զբաղվող միակ մասնագիտացված կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ հայտարարություններում: Ասել է թե՝ սա ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային հանրության հավաքական ընկալումն է հարցի շուրջ»,- իր խոսքում ասաց Սերժ Սարգսյանը:

ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը բխում է երկու կողմերի շահերից

Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Յենս Սթոլթենբերգը կարեւորել է Հայաստանի դերը Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը. «Շատ շնորհակալ եմ Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությանը Հայաստանի մասնակցության եւ այդ գործին իր ներդրման համար: Հայաստանը նաեւ աջակցում է Կոսովոյում մեր խաղաղապահ առաքելությանը, ինչը նպաստում է Արեւմտյան Բալկաններում կայունության ապահովմանը: Հայկական զորքերը օգնում են կայունություն հաստատելու այդ երկրներում: Մենք երախտապարտ ենք Ձեր ներդրած ավանդի համար, որն օգնում է Եվրաատլանտյան շրջանը դարձնել ապահով եւ առավել անվտանգ»:

Դաշինքի գլխավոր քարտուղարը ամրագրել է, որ ՆԱՏՕ-ն հանձնառու է աշխատել Հայաստանի հետ, որովհետեւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ բխում է երկու կողմերի շահերից էլ: Հայտնի դարձավ, որ մշակվում է նոր Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, որ համապատասխանեցված է Հայաստանի պահանջներին: «Առավել սերտ համագործակցության ներուժ եմ տեսնում փոխգործակցելիության, պաշտպանական բարեփոխումների եւ այդ ոլորտում կրթության բնագավառներում: ՆԱՏՕ-ն եւ մեր դաշնակիցները ունեն զգալի փորձառություն պաշտպանության եւ անվտանգության ոլորտների բարեփոխումների համար: Հայաստանը կարող է ապավինել այդ ռեսուրսներին»,- հայտարարել է Յենս Սթոլթենբերգը:
Գալով ԼՂ խնդրին` Սթոլթենբերգը շեշտել է, որ մտահոգված են շփման գծում շարունակական խախտումներով. «Շատ կարեւոր է խուսափել լարվածության աճից, որովհետեւ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Դրա շարունակականությունը ետ է մղում ողջ տարածաշրջանի զարգացումը: Ուստի մենք խրախուսում ենք ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին վերադառնալու բանակցային սեղանի շուրջ եւ աշխատելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

Պաշտոնական Երեւանը ԵՄ աջակցության շարունակականություն է ակնկալում

Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, որն էլ դեռեւս մեկ տարի առաջ Երեւանում քննարկում էր Հայաստան-Եվրամիություն նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը, եւ այդ այցով էլ մեկնարկ տրվեց:

Մոգերինին ու Սարգսյանը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին եւ փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր: Բրյուսել կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի եւ Եվրոպական խորհրդարանի նորանշանակ նախագահ Անտոնիո Տայանիի հետ: Կարեւորելով ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ավելի քան մեկ տարի ընթացող բանակցային գործընթացի ավարտի մասին հայտարարելը, ըստ ՀՀ նախագահի` նոր համաձայնագիրը, ամուր իրավական հիմք կհանդիսանա առաջիկա տարիներին ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնման ու զարգացման համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ի լրումն ձեռք բերված պայմանավորվածությունների՝ առաջիկայում կողմերը աշխատանքներ կտանեն նաեւ ՀՀ-ԵՄ ներդրումների ներգրավման ուղղությամբ, եւ որ ԵՄ աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին կլինի շարունակական:

Նկատենք, որ փետրվարի սկզբին Բրյուսել էր ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, եւ ի համեմատություն նրա այցի` Սերժ Սարգսյանի այցը կարելի է ավելի հաջողված համարել:

Նախ` Ալիեւի այցին ընդառաջ ավելի քան 76 իրավապաշտպան կազմակերպություններ նամակ հղեցին ԵՄ առաջնորդներին՝ կոչ անելով օգտագործել այս առիթն ու պահանջել, որ պաշտոնական Բաքուն հստակ ու լայնածավալ բարեփոխումներ սկսի ժողովրդավարության ոլորտում: Իրավապաշտպանները, մասնավորապես, պնդում էին, որ տնտեսական հարաբերություններն ընդարձակելուց առաջ Բրյուսելը պետք է պաշտոնական Բաքվից պահանջի անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստներին, բարեփոխել օրենսդրությունը՝ հնարավորություն տալով, որ քաղաքացիական հասարակությունն անարգել աշխատի, ինչպես նաեւ դադարեցնի հարձակումները ազատ լրագրողների ու մամուլի նկատմամբ: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել էր փետրվարի 6-ին, կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին քննադատել էր վերջին տարիներին լրագրողների, ընդդիմադիր քաղաքական ակտիվիստների եւ իրավապաշտպանների իրավունքների խախտման համար:

Իսկ այնուհետեւ Բրյուսել ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անակնկալ կերպով չեղյալ էր հայտարարել Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանի հետ ծրագրված հանդիպումը, որը նախագահում էր «Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների շարունակությունը» թեմայով համաժողովը: Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում այդ առնչությամբ նշել էր, որ իրականում Իլհամ Ալիեւը փախուստի է դիմել Եվրախորհրդարանից: «Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի տեղակալն ինձ ասաց, որ պետք է Ալիեւին հանձնեն Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը: Ալիեւն էլ, տեսնելով, թե ինչ է սպասվում իրեն, երեւի հասկացավ, որ Եվրախորհրդարանում ավելի բաց խոսակցություն է տեղի ունենալու: Այնտեղ պետք է խոսեին Էմին Միլլին, Խադիջա Իսմայիլովան եւս: Երեւի մտածեց, որ չի կարողանալու տիրապետել իրեն, այդ պատճառով էլ հետ կանգնեց հանդիպումից»,- պարզաբանել էր Լեյլա Յունուսը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ամփոփումը` «Առավոտ»-ի այսօրվա համարում:

«Առավոտ», 08.03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031