Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ հոգեւոր իշխանությունը ծառայեցվում է աշխարհիկ նպատակների

Փետրվար 23,2017 14:00

Նարեկ Մալյանի «Զրոյական կետը»՝ քաղաքակրթական աղետի մասին

ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանն արդեն երկրորդ գիրքն է հրատարակել, այն կոչվում է «Զրոյական կետ»: Թեեւ «պաշտոնական» շնորհանդեսը դեռ չի կայացել, սակայն գիրքը լուրջ հետաքրքրություն է առաջացրել՝ արծարծվող թեման համամարդկային է:

«Առավոտի» հետ զրույցում հեղինակը որոշ «փակագծեր բացեց»՝ գրքի
բովանդականության մեջ թաքնված մի քանի զրոյական կետերի վերաբերյալ, որոնք հանրագումարում միավորվում են ամենագլխավոր զրոյական կետի շուրջ: Նարեկ Մալյանը նշում է, որ, ցավոք սրտի, կան կետեր, որոնցից հետո պատմության ընթացքում քաղաքակրթությունն անդառնալիորեն փոխվում է դեպի վատը, իսկ դրանց արձագանքները ի դերեւ են ելնում 1000, իսկ ավելի կոնկրետ՝ 920 տարի անց: «Մարդիկ, որոնք 100-ավոր տարիներ առաջ փորձում էին հոգեւոր իշխանությունը ծառայեցնել աշխարհիկ նպատակներին, երեւի չէին էլ ենթադրում, որ դարեր հետո իրենց փորձը կդառնա հիմքը մահապարտ ահաբեկչության, որը 21-րդ դարում համարվում է քաղաքակրթական աղետ, ուռուցք:

Իսկ գրքի ուղերձը հետեւյալն է՝ իրական հավատը սերն է, քանի որ Աստված սեր է, եւ շատ դեպքերում ծիսակարգային պայմանականությունները հեռացել են իրենց բուն նպատակից՝ Աստծուն ճանաչելուց, Աստծո հետ հաղորդակցվելուց, հեռացել են ու աշխարհիկ բնույթ են ստացել: Ինչպես առաջին գրքում՝ «Սոդոմի PR»-ում, այնպես էլ «Զրոյական կետում» շատ մեծ տեղ է տված հասարակական մանիպուլյացիաներին: Ընդ որում, եթե առաջին գրքում դրանք ժամանակակից աշխարհի մանիպուլյացիաներ էին, որտեղ կային ժամանակակից գործիքներ` հեռուստատեսություն, ինտերնետ եւ այլն, ապա այս դեպքում խոսքը գնում է ավելի հին գործիքակազմի մասին, այսինքն՝ 11-րդ դարում ստեղծված եւ իրականացված երկու PR-արշավների մասին է խոսվում»,-նշում է Նարեկ Մալյանը:


Հետաքրքրվեցինք՝ իսկ ինչո՞ւ է ներկայիս ահաբեկչությունների, արյան ու պատերազմների դարում, հենց փարիզյան ահաբեկչության դրվագը շեշտադրվել գրքում: «Բանն այն է, որ գիրքը ծնվեց փարիզյան ահաբեկչության դեպքերի համատեքստում, ես անձամբ շատ ծանր տարա կատարվածը, վստահ եմ՝ մեր հայրենակիցների մեծ մասը նույնպես: Խոշոր ահաբեկչական գործողությունները երբեք հայերիս այդքան մոտ չէին եղել, ինչքան փարիզյան դեպքերի ժամանակ: Երբ ես սկսեցի հետազոտել, թե փարիզյան դեպքերն ինչ արմատներ ունեն, ի զարմանս ինձ՝ հայտնաբերեցի, որ ուղիղ 920 տարի առաջ նոյեմբեր ամսին Ուրբան պապը Նոտերդամում իր քարոզով սկիզբ է դրել հոգեւոր պատերազմի, «սրբազան պատերազմի», որը դարերի ընթացքում շատ տրանսֆորմացիաների ենթարկվելով՝ ի վերջո վերադարձել է Փարիզի կենտրոն:

Գիրքը սկսվում է պատարագով՝ 1095 թվականին եւ վերջանում է պատարագով՝ 2015 թ: Ուղղակի բարակ համեմատական գիծ է տարվում ժամանակակից աշխարհի եւ միջնադարյան կրոնական ֆանատիզմի միջեւ, զուգահեռն էլ բնավ ի նպաստ քրիստոնյաների չէ: Շատ դեպքերում կաթոլիկները կրոնական մոլեռանդության առումով պակաս վայրագ չեն եղել, որքան մահմեդական ֆունդամենտալիստները: Ասեմ ավելին, քրիստոնեական «սրբազան» պատերազմը մոտ 100 տարով ավելի հին է, քան մահմեդական ջիհադը: Մի հետաքրքիր բան էլ իմացա ուսումնասիրության արդյունքում՝ առաջին ջիհադի զոհերը Եդեսիայի հայերն են եղել, որոնց որպես քրիստոնյաներ են կոտորել»,- փաստում է գրքի հեղինակը: Նա հավելում է, որ Փարիզի ահաբեկչությունից հետո՝ այն պատկերը, որ մտքում ուներ, փորձել է առանց պաթոսի հանձնել թղթին, որպեզի մարդիկ այլ տեսանկյունից նայեն այդ ամենին:

«Ուրբան պապը գլուխը բարձրացրեց վեր ու նայելով եկեղեցու առաստաղի գունազարդ նախշերին՝ գոչեց.

– Արդ, ժա՛մն է պաշտպանելու մեր եղբայրներին ու քույրերին: Ժա՛մն է արդար հատուցման, ժա՛մն է Աստծո արդարություն հաստատելու Սուրբ հողում եւ ամբողջ աշխարհում: Ի զե՛ ն, ի՛մ սիրելի հավատացյալ հոտ:
– Դու լե վո՛ւ, – ի պատասխան գոռաց ամբոխը:
Ալիք-ալիք տարածվում էր բազմության ձայնը: Մարդիկ վրդովված էին, բարկացած: Նրանք համամիտ էին Ուրբան 2-րդի հետ, որ այլեւս անկարելի է հանդուրժել նման վերաբերմունք քրիստոնյաների նկատմամբ»,-այսպես է ազդարարվում քրիստոնեական «սրբազան պատերազմը» «Զրոյական կետում»:

Գիրքը «դու լե վու»-ով էլ ավարտվում է. «Ալին բարձր ձայնով լաց էր լինում` ծնկի եկած Նոտր-Դամ տաճարի դիմաց տեղադրված Փարիզի կենտրոնը նշող քարի վրա: Այդ քարը միակ բանն էր, որ հիշեցնում էր իր մեծ ու չստացված սիրո մասին: Ալին գոռում էր, երկինք էր նայում, կարծես օգնություն էր խնդրում Ալլահից: Անշուշտ, եթե Ալին նույն բանն աներ որեւէ սովորական օր, կգրավեր անցորդների ուշադրությունը, մարդիկ անպատճառ կմոտենային, կհետաքրքրվեին, թե ինչ դժբախտություն է պատահել այդ երիտասարդին, սակայն այսօր Փարիզը ժամանակ չուներ՝ կենտրոնանալու մեկ մարդու դժբախտության վրա: Փարիզն այսօր ինքն էր ծնկաչոք սգում:

Նոտր-Դամի բակում հավաքվում էր Փարիզի հավատացյալ քրիստոնյաների բազմությունը: Մարդիկ ժամանում էին եկեղեցի` փորձելով այստեղ գտնել մխիթարություն, այստեղ գտնել իրենց՝ դարեր շարունակ հուզող հարցերի պատասխանը: Տաճարի ներսում եպիսկոպոսը մատուցում էր պատարագ: Պատարագը նվիրված էր ահաբեկչության անմեղ զոհերի հիշատակին: Ոսկեթել հանդերձանքով եպիսկոպոսը քայլում էր խորանի բեմի վրա եւ լատիներեն օրհնության աղոթքներ ասում: «Դու լե վու, – ի պատասխան եպիսկոպոսի աղոթքներին՝ մրմնջում էին հավատացյալները, – դու լե վու…»: Հավելենք, որ Նարեկ Մալյանի «Զրոյական կետը» արդեն մեկնել է Լոնդոն, մասնակցել նաեւ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառին, նրանով հետաքրքրված են 5 արտասահմանցի հրատարակիչներ:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

22,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728