Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն միայն Քոչարյանն ու Սերժ Սարգսյա՞նն են ավիրել, դուք կապ չունե՞ք պարոնայք Օհանյան ու Օսկանյան»

Փետրվար 13,2017 20:43

«Րաֆֆի Հովհաննիսյանն իր քաղաքական անցյալով աչքի է ընկել իր միամտությամբ ու պարզամտությամբ, դյուրահավատ մարդ է: Դյուրահավատությունն ու բարի լինելը քաղաքական գործիչներին գուցե խանգարում են քաղաքական կյանքում եւ իր քաղաքական վայրիվերումներն ու ահռելի քանակով քվե ստանալն ու աղոթքի գնալը լիրիկական զեղումների տրվելը, չեմ ասում, որ մարդը պետք է հրկիզվեր, հինգ տարի առաջ, բայց թե Վովան ո՞վ է, որ դու նրա հետ աղոթելու ես գնում: Այս ամբողջը ցույց է տալիս, որ շատ քաղցր զրուցել են Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Կոռուպցիա չեմ ուզում տեսնել այս Դաշինքի հետ, երբեք չեմ մտածի, որ Րաֆֆուն առել են իր քվեների կամ ունեցած վարկանիշի խաթր»,- Aravot.am-ին ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Հ/Կ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ անդրադառնալով Օհանյան-Օսկանյան դաշինքին Րաֆֆի Հովհաննիսյանի միանալուն:

Նա ոչ մի գաղափարական տրամաբանություն չի տեսնում «Ժառանգության» ու Դաշինքի միության մեջ. «Օհանյանը ծառայել է Հայաստանը զավթած եւ ընտրություններ կեղծած ռեժիմին, շատ լավ տեղյակ է եղել բանակում եղած ապօրինություններին ու այդ ապօրինությունների մասին աղաղակումներից հետո հրաժարական չի տվել: Ապրիլի պատերազմից հետո էլ հրաժարական չի տվել, ապրիլի պատերազմից հետո էլ սպայի պատիվը չի պաշտպանել հանրայնորեն ճանաչված եղանակներով, մինչեւ ասել են հաջող ախպեր ջան: Այդ ի՞նչ տրամաբանությամբ նա կարող է լինել «Ժառանգության» գաղափարախոսության ու արժեքային համակարգի մեջ»:

Պարոն Բարսեղյանի խոսքով, Դաշինքին միանալուց առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը նախ պետք է բացատրություն պահանջեր նախկին երկու նախարարներից իրենց եւ Հայաստանը զավթած ռեժիմի հետ գործակցելու մասին. «Օսկանյանին նախ պետք է հարցներ՝ ինչ էր զգում, երբ տասը տարի ԱԳ նախարար էր աշխատում մեկի մոտ, որը Սահմանադրությունը խախտել էր մի քանի անգամ, եւ այդ խախտումը ընկալելու համար հատուկ իրավաբանական գիտելիքների կարիք չկար: Ռոբերտ Քոչարյանը 1998-ին եւ 2003-ին ՀՀ նախագահի թեկնածություն է առաջ քաշել, այն դեպքում, երբ Սահմանադրությունը պարզապես հնարավորություն չէր տալիս դա անել:

Ի վերջո` մարտի մեկին զորք է բերել քաղաքի, ժողովրդի վրա, ապօրինաբար արտակարգ դրություն է սահմանել, արտակարգ դրություն ոչ միայն Երեւանում, թեպետ երեւանի համար էր սահմանված, այլեւ՝ ամբողջ Հայաստանում, նրա ակտիվ մասնակցությամբ գնդակահարվել են տասը քաղաքացի եւ 130 մարդ մարմնական վնասվածք է ստացել, 1300 էլ քաղաքական կալանավոր:

Հետաքրքիր է՝ Օսկանյանն ափսոսո՞ւմ է իր այս համագործակցության համար գործող ռեժիմի հետ, որովհետեւ Սերժ Սարգսյանի ռեժիմը չի տարբերվում Քոչարյանի ռեժիմից, ուղղակի իրավահաջորդն է: Բացատրություն է պետք, ներողություն է պետք, թե չէ ընդհանուր խոսակցություններով՝ երկրի լավն ենք ուզում, սրտանց հավատում եմ, բայց չեմ կարծում՝ իր պատկերացրած լավը, իմ պատկերացրած լավն է:

Օհանյանն էլ հանրությանը բացատրություն պետք է տա. իր այսօրվա կցկտուր խոսակցությունը, թե մարտի մեկը բացահայտելուն կողմ է, մարդիկ աշխատում են, ովքե՞ր են աշխատում, պարո՛ն Օհանյան այդ բացահայտման վրա: Ռեժիմի կամակատարնե՞րը՝ ՀՔԾ՞-ն: Րաֆֆին պետք է հարցներ՝ դու որ Մարտի մեկին եղել ես գլխավոր շտաբի պետ, քո կարծիքը հարցրե՞լ են քաղաք զորք մտցնելիս, թե՞ չեն հարցրել, եթե հարցրել են, դու նկատե՞լ ես, որ դա Սահմանադրության խախտում է, թե՞՝ ոչ: Իսկ եթե դեմ ես եղել, ինչո՞ւ մարտի երկուսին՝ առավոտ կանուխ, հրաժարական չես տվել: Ո՞վ պետք է ներողություն խնդրի կոնկրետ քո բաժին արածի համար, երկիրը միայն Քոչարյանն ու Սերժ Սարգսյա՞նն են ավիրել: Այս աղետները, որ բերել են մեր գլխին, միայն այդ երկո՞ւսն են եղել, դուք կապ չունե՞ք պարոնայք Օհանյան ու Օսկանյան: Թե հիմա այս հարցերի պատասխանները Րաֆֆին ստացել է, դա ինձ չի հուզում: Պետք որ հանրությունը ստանա այդ հարցերի պատասխանները: Իսկ եթե ասում են՝ դե լավ անցած լինի, առը հա ձեզ, որ անցած լինի, ոչ մեկդ չեք մոռացվելու ձեր շեֆերի հետ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հamlet says:

    Ես կցանկանայի հեղինակին հարցնել՝ ինչ է նշանակում<> բառը․․․ Կներեք, բայց ես գիտեմ <> բառի իմաստը, որը նշանակում է <> ;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728