«Ադրբեջանը հայտարարել է, որ հետաքրքրված է հրթիռներով եւ այդ հարցով բանակցում է ՌԴ-ի, Պակիստանի հետ: Ակնարկներ կան, թե Իրանի հետ էլ է նման գործակցություն հնարավոր, իսկ իրականում ումի՞ց կգնեն եւ ի՞նչ, դեռ հստակ տեղեկատվություն չկա»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե մասնավորապես որ զինատեսակներով է ներկայում հետաքրքրված Ադրբեջանը, ասաց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Հիշեցնենք՝ վերջերս Ալիեւը հայտարարել էր ՌԴ-ի հետ սպառազինության գնման շուրջ ընթացող բանակցությունների մասին:
«Հայտնի է, որ Ադրբեջանը բանակցում է ոչ միայն ՌԴ-ի, այլեւ Պակիստանի հետ, որն ունի հեռահար հրթիռներ: Այլ հարցեր են դրանց հատկությունները եւ որակը: Չպետք է զարմանանք, եթե Ադրբեջանը սպառազինության հերթական խմբաքանակը ձեռք բերի, այդ թվում՝ հրթիռներ: Հայտարարեցին, թե «Երկաթյա գմբեթ» համակարգ են ձեռք բերելու, բայց լուրջ հասկածներ ունեմ, որ այն ունակ է պաշտպանելու «Իսկանդեր»-ի հրթիռներից: Դրանով, օրինակ, կարող են պաղեստինցիների արձակած հրթիռ «բռնել» միայն»,-նկատեց Կարեն Վրթանեսյանը:
Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին «Իսկանդեր»-ի հնարավոր վաճառքին, փորձագետի խոսքով. «Որպես վատթարագույն սցենար՝ դրան էլ պետք է պատրաստ լինել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ