Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բազմաթիվ գործարարների հետ Գյումրի էր եկել՝ քաղաքի պատմական հատվածում՝ «Կումայրի» արգելոցում ներդրումներ կատարելու, հանրապետության հին, ամենակոլորիտով քաղաքը տուրիզմի կենտրոն դարձնելու նպատակով: Ներդրումները պետք է սկսվեն «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում գտնվող երկու փողոցների՝ Շիրազի ու Ռուսթավելու վերանորոգմամբ:
Ընդհանուր առմամբ նախատեսված է 200 միլիոն դոլարի ներդրում կատարել «Կումայրի» արգելոցում, 10 միլիոն էլ՝ «Շիրակ» օդանավակայանում:
Կառավարության ղեկավարը ներդրումային ծրագիրը գործարարների հետ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Եվ մինչ փողոց առ փողոց ցուցադրում ու ներկայացնում էին, թե ինչ ձեւով են պատկերացնում Գյումրու պատմական կորիզի վերականգնումը, զբոսաշրջության ու բիզնեսի զարգացումը, վարչապետը առաջինն ինքը ելույթ ունեցավ՝ գործարարներին օրինակ ծառայելով, որ գումար ներդնեն պատմական այս քաղաքի զարգացման համար:
Վարչապետը, որն ամբողջ օրը ոտքով շրջագայել էր հին Գյումրու փողոցներով, զմայլվել, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում հայտարարեց, որ բարձր տրամադրությամբ է եկել Գյումրի, իր ընտանիքի անդամները նույնպես ներդրումներ են կատարելու այս քաղաքում:
Կարդացեք նաև
«Ես ցավոք սրտի, այսօր բիզնեսով զբաղվելու ժամանակ չունեմ, բայց խնդրել եմ իմ ընտանիքի անդամներին, որպեսզի իրենք էլ ներդրումներ անեն, մեր ընտանիքի համար շատ մեծ պատիվ կլինի, որ ներդրումներ անեն Գյումրիում», ասաց նա:
Թե ինչքան ներդրում է պատրաստվում անել վարչապետի ընտանիքը, լրագրողների հարցին ի պատասխան՝ նա տեղեկացրեց՝ 500 հազար դոլար:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ